Եթե դուք հղի եք կամ կերակրող մայր, վստահաբար ունեք բազմաթիվ հարցեր նոր կորոնավիրուսային վարակի և պտղի վրա վերջինիս ազդեցության վերաբերյալ:
1. Ես հղի եմ: Ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել նոր կորոնավիրուսային վարակից:
ՔՈՎԻԴ-19-ից խուսափելու համար հղիության ընթացքում կանայք պետք է ձեռնարկեն միևնույն նախազգուշական միջոցները, ինչ մյուս մարդիկ.
- Հաճախ լվանան ձեռքերը,
- Պահպանեն հեռավորություն,
- Խուսափեն իրենց դեմքին դիպչելուց,
- Հազալիս/փռշտալիս լավ ծածկեն բերանը և քիթը:
2. Արդյո՞ք հղի կանայք պետք է անցնեն նոր կորոնավիրուսային վարակի թեստ:
Թեստ անցնելու կարգը և առաջնահերթությունը տարբերվում են` կախված բնակության վայրից, բայց, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկության համաձայն, ՔՈՎԻԴ-19-ի ախտանիշներ ունեցող հղի կանանց պետք է առաջնահերթություն տրվի թեստ անցնելու համար:
3. Կարող է արդյո՞ք նոր կորոնավիրուսային վարակը մորից փոխանցվել պտղին կամ նորածնին:
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք ՔՈՎԻԴ-19 ունեցող հղի կինը հղիության կամ ծննդաբերության ընթացքում կարող է վիրուսը փոխանցել իր դեռ չծնված կամ նորածին երեխային, թե՝ ոչ: Մինչ այժմ, ամնիոտիկ հեղուկի կամ կրծքի կաթի նմուշներում կորոնավիրուս չի հայտնաբերվել:
4. Ի՞նչ խնամք պետք է հասանելի լինի հղիության և ծննդաբերության ընթացքում:
Բոլոր հղի կանայք, ներառյալ ՔՈՎԻԴ-19 հաստատված վարակ կամ վարակի կասկած ունեցողները, իրավունք ունեն բարձրորակ խնամք ստանալու թե՛ ծննդաբերությունից առաջ, թե՛ դրա ընթացքում, թե՛ ծննդաբերությունից հետո:
5. Արդյո՞ք հղի կանայք, ում մոտ կասկածվում կամ հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակ, պետք է ծննդաբերեն կեսարյան հատումով:
Կեսարյան հատման անհրաժեշտություն չկա, եթե այն բժշկական տեսանկյունից արդարացված չէ։ Ծննդաբերության եղանակի համար որոշիչ են մանկաբարձական ցուցումները և կնոջ ցանկությունը՝ ներառյալ ՔՈՎԻԴ-19 հաստատված վարակի առկայության կամ կասկածի դեպքում:
6. Արդյո՞ք նոր կորոնավիրուսային վարակ ունեցող կանայք կարող են կրծքով կերակրել:
Այո, ՔՈՎԻԴ-19 ունեցող կանայք կարող են կրծքով կերակրել: Նրանք պետք է.
- Առկայության դեպքում կրեն դիմակ կերակրելիս,
- Ձեռքերը լվանան երեխային դիպչելուց առաջ և հետո,
- Մաքրեն և ախտահանեն բոլոր մակերևույթները, որոնց դիպչել են։
7. Կարո՞ղ եմ դիպչել կամ գրկել իմ նորածնին, եթե նոր կորոնավիրուսային վարակ ունեմ:
Այո, սերտ շփումն օգնում է երեխային զարգանալ: ՔՈՎԻԴ-19 վարակ ունեցող կանայք կարող են անվտանգ կրծքով կերակրել՝ կրելով դիմակ, երբ առկա է: Լվացեք ձեռքերը Ձեր երեխային դիպչելուց առաջ ու հետո և մաքուր պահեք բոլոր մակերևույթները:
8. Ես նոր կորոնավիրուսային վարակ ունեմ և ի վիճակի չեմ ուղղակիորեն կրծքով կերակրել իմ նորածնին, ի՞նչ անեմ:
Կանանց, ովքեր ՔՈՎԻԴ-19 վարակի պատճառով այնքան վատ են զգում, որ չեն կարող ինքնուրույն կրծքով կերակրել, հարկավոր է օգնել կերակրել երեխային կրծքի կաթով այլ անվտանգ եղանակով՝ ներառյալ կթած մայրական կաթով, ռելակտացիայի միջոցով կամ կթած դոնորական կաթով: