Տեսությունից մինչև պրակտիկա. Գորիսի ավագ դպրոցի երեխաները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները
21 նոյեմբերի 2024
Հայաստան – 2024 թվականի նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղը Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ համատեղ վերապատրաստեց Գորիսի ավագ դպրոցի աշակերտներին ծառատունկի և անտառների կառավարման թեմայով:
Համայնքային իրազեկման միջոցառումը կազմակերպվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Անտառների կայուն կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա) ֆինանսավորմամբ։
Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի կառավարությունը։ Դասընթացներն ու ծառատունկը կազմակերպվել էր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կողմից համատեղ իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու Գորիսի ավագ դպրոցների սաների համար: Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրով մշակվել և հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է կրթական նոր մոդել, որի շրջանակում սովորողները ստացած տեսական գիտելիքներն ամրապնդում են տեղական ընկերություններում գործնական աշխատանքներ իրականացնելով:
Դասընթացների հիմնական թեմաներն էին տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները անտառների կայուն կառավարման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել անտառների կառավարմանը և բնապահպանական նախաձեռնություններին կանանց ներառման և իրենց ասնակցությունը խթանելու մոտեցումների ներկայացմանը:
Դասընթացից հետո ավագ դպրոցի շուրջ 70 երեխաներ և ուսուցիչներ մասնակցեցին ծառատունկի գործնական աշխատանքներին ՊԳԿ սածիլների արտադրության մասնագետ Նաիրա Գասպարյանի ուղղորդման ներքո։ Տիկին Գասպարյանը ցուցադրեց տնկման համար անցքեր պատրաստելու պատշաճ տեխնիկան՝ ապահովելով տնկիների աճի համար ճիշտ խորությունը և տարածությունը: Նա ներկայացրեց նաև առողջ անտառների վերականգնման համար ճիշտ տնկիների ընտրության և դրանք ճիշտ տնկելու առանձնահատկությունները։ Այս գործնական աշխատանքի միջոցով երեխաները ծանոթացան անտառների վերականգնման հիմքում ընկած մոտեցումների և նորատունկ ծառերի համար պահանջվող երկարատև խնամքի առանձնահատկություններին:
Այս համագործակցությունը նպատակ ունի ոգեշնչել երիտասարդությանը էլ ավելի ակտիվ դերակատարում ունենալ շրջակա միջավայրի և անտառների պահպանության գործում: Տեսական կրթության և գործնական աշխատանքի համադրումը թույլ է տալիս երիտասարդ սերնդին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ապագայում ավելի կայուն և ավելի կանաչ Հայաստան կերտելու համար: