Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-ի և ՄԱԱԶԿ-ի համագործակցությունը Հայաստանի չափագիտության ենթակառուցվածքը զարգացնելու նպատակով

20 նոյեմբերի 2024

Երևան, Հայաստան, 20 նոյեմբերի 2024թ. – Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին ՓԲԸ-ում (ՍՉԱՄ) նորաստեղծ չորս տրամաչափարկման լաբորատորիաների բացումը նշանավորվեց որպես Եվրոպական միության (ԵՄ) և ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (ՄԱԱԶԿ) շարունակական համագործակցության կարևո ձեռքբերում Հայաստանի որակի ենթակառուցվածքի, մասնավորապես չափագիտության համակարգում։ Այս իրադարձությունը նշվեց Որակի համաշխարհային շաբաթ 2024 միջոցառման հետ համատեղ, որի նպատակն է բարձրացնել որակի դերի կարևորությունը կազմակերպության հաջողության և երկրի տնտեսական աճի խթանման գործում։

Նկարագրություն՝ Կարմիր ժապավենի կտրման արարողություն
Լուսանկարը՝ © UNIDO

Կարմիր ժապավենի կտրման արարողությանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԵՄ պատվիրակության, ՄԱԱԶԿ-ի և պետական ու մասնավոր հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Միջոցառման հյուրերի թվում էին նաև համապատասխան կառույցների ներկայացուցիչներ, որակի ենթակառուցվածքի հաստատություններ, արտադրողներ, գործարար ասոցիացիաներ, լաբորատորիաներ, վկայագրման մարմիններ և բուհերի ու հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՍՉԱՄ-ի լաբորատորիաները ներառում են չորս հիմնական ուղղություն՝

  • Էլեկտրականություն, ժամանակ ու հաճախականություն
  • Ուժի մոմենտ ու ճնշում
  • Անկյունագծային (երկարություն)
  • Քիմիական 
Նկարագրություն՝ ՍՉԱՄ-ի լաբորատորիաները
Լուսանկարը՝ © UNIDO

Այս լաբորատորիաները հագեցած են ժամանակակից չափագիտական սարքավորումներով, որոնք կհզորացնեն ՍՉԱՄ-ի կարողությունները՝ ապահովելով բարձր ճշգրտությամբ ծառայություններ պետական և մասնավոր ոլորտների համար։ Նոր հնարավորությունները մեծապես կնպաստեն չափումների հետագծելիության ապահովմանը՝ աջակցելով հայկական արտադրողներին համապատասխանել միջազգային ստանդարտներին և խթանելով նորարարությունը և զարգացումը երկրում։ Լաբորատորիաները նաև կսպասարկեն փորձարկման լաբորատորիաներին և վկայագրման հաստատություններին՝ ապահովելով դրանց ծառայությունների հուսալիությունն ու ճշգրտությունը։
 

Նկարագրություն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Գևորգ Պապոյան
Լուսանկարը՝ © UNIDO

ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ այս լաբորատորիաները կարևոր քայլ են Հայաստանի որակի ենթակառուցվածքը զարգացնելու ուղղությամբ։ Նա նշեց, որ դրանք կնպաստեն արդյունաբերական ցուցանիշների բարելավմանը և հայկական արտադրանքների մրցունակության աճին միջազգային շուկայում: Գոհունակությամբ նշում եմ, որ Հայաստանի Հանրապետության չափագիտական կարողությունների հզորացումը նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրի համար՝ արտահանման դիվերսիֆիկացիայի շրջանակներում որակի նոր ստանդարտների առաջմղման, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ»:

Նկարագրություն՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս
Լուսանկարը՝ © UNIDO

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց. «Լաբորատորիաների բացումն այսօր նշանակալի ձեռքբերում է նորարարության ոլորտի համար, և մեծ առաջընթաց՝ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի չափագիտության միջազգայնորեն ճանաչված ծառայություններ մատուցելու կարողությունների ընդլայնման ուղղությամբ։ Չափագիտությունը կարևոր դեր ունի ապրանքների և ծառայությունների որակի և հուսալիության ապահովման գործում, ինչը հիմնարար սկզբունք է արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման, առևտրի դիվերսիֆիկացման և քաղաքացիների բարեկեցության համար: Այս օգնությունը նպաստում է Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) իրականացմանը, որը երկրի տնտեսական աճին, կայուն զարգացմանն ու բարեկեցությանն ուղղված համապարփակ նախաձեռնություն է։

Նկարագրություն՝ ՄԱԱԶԿ-ի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչ պարոն Բեռնար Բաուն և Պարոն Ժիրայր Էդիլյանը, ՄԱԱԶԿ-ի ներկայացուցիչը Հայաստանում
Լուսանկարը՝ © UNIDO

ՄԱԱԶԿ-ի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչ պարոն Բեռնար Բաուն հավելեց․ «Հավատում ես տեսնելով, սա հատկապես ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է այսպիսի ժամանակակից լաբորատորիաների բացմանը։ Մենք հիմա ականատեսն ենք այն տեխնոլոգիաների, որոնք սահմանելու են Հայաստանի չափագիտության ծառայությունների ապագան»:

Այս նշանակալի հաջողությունը ոգեշնչում է ապագա ծրագրերի իրականացմանը, որն հնարավոր դարձավ ԵՄ-ի, ՄԱԱԶԿ-ի և մեր ազգային գործընկերների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի երկարատև և բացառիկ համագործակցության շնորհիվ։ Ես վստահ եմ այս լաբորատորիաների հաջողության մեջ և այն երկարատև ու կայուն ազդեցության վրա, որը այս նախագիծը կունենա երկրի զարգացման համար։

Պարոն Ժիրայր Էդիլյանը, ՄԱԱԶԿ-ի ներկայացուցիչը Հայաստանում, խոսեց որակի և չափագիտության դերի մասին՝ ընդգծելով միջազգային գործընկերությունների կարևորությունը։ Լաբորատորիայի բացման արարողությունից հետո կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում այցելուները ծանոթացան լաբորատորիաների տրամադրած ծառայություններին և տեխնոլոգիաներին։

Նկարագրություն՝ «Չափագիտության ներդրումը համապատասխանության, արդյունավետության և մրցունակության ապահովման գործում» սեմինար
Լուսանկարը՝ © UNIDO

Այնուհետ տեղի ունեցավ սեմինար «Չափագիտության ներդրումը համապատասխանության, արդյունավետության և մրցունակության ապահովման գործում» թեմայով ավելի քան 50 պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի համար։ Սեմինարում ընդգծվեց, թե ինչպես կարող են որակը և չափագիտությունը վերափոխել համապատասխանությունը՝ աջակցելով արդյունաբերական նորարարությանը և միջազգային շուկայում հայկական արտադրանքների մրցունակության բարձրացմանը։

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսական դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

Մանե Թափալցյան

ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ