ՄՄԿ-ն աջակցում է փախստականների սոցիալ-տնտեսական ընդգրկմանը Հայաստանում
11 նոյեմբերի 2024
Կեսօրին Տիգրանը կրկին հագնում է մեղվապահի համազգեստը` ոտք դնելով մեղուների կանոնակարգված թագավորություն:
Վանանդ, Հայաստան 2024թ. կեսօրին Տիգրանը կրկին հագնում է մեղվապահի համազգեստը` ոտք դնելով մեղուների կանոնակարգված թագավորություն:
Ամեն անգամ, երբ զգուշորեն բարձրացնում է փեթակի կափարիչը, օդը լցվում է մեղուների ներդաշնակ բզզոցով․ հազարավոր փոքրիկ թևիկներից ստեղծված երգչախումբը կատարյալ ներդաշնակության մեջ է: Մեղուները՝ բնության ջանասեր արհեստավորները, անխոնջ աշխատում են՝ ոսկե նեկտարը վերածելով մեղրի՝ երկրի քաղցրահամ էլիքսիրի:
«Մեղվի խայթոցը առողջարար է, բայց ավելի լավ է պաշտպանիչ հագուստ կրեք»,-խորհուրդ տվեց Տիգրանը Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցներին կես կատակ, կես լուրջ, ապա շարունակեց ներկայացնել մեղվապահության և մեղվարտադրանքի առողջարար հատկությունները։
Լեռնային Ղարաբաղում տարիներ շարունակ մի քանի տասնյակ փեթակներ ունենալուց և մեղվաբուծությամբ զբաղվելուց հետո, գալով Հայաստան, Տիգրանը կորցրել էր իր սիրած զբաղմունքն ու ապրուստը, մինչդեռ տան հիշողությունները և մեղուների բզբզոցը մտքում էին։
«Սիրում եմ այս աշխատասեր արարածներին, որոնք միմյանց առաջնորդում են դեպի լավագույն ծաղկունքը, ինչն էլ վկայում է իրենց թիմային աշխատանքի և ճկունության մասին։ Հաճույք եմ ստանում նրանից, որ հավաքում եմ արևից հյութացած մեղրը, որն արդյունքն է լավ մեղվապահության և տնտեսվարության, ինչն էլ պահանջում է ժամանակ և հմտություններ», - նկատեց Տիգրանը փայլն աչքերում։
ԱՄՆ Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի (PRM) աջակցությունը, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագիրը հնարավորություն է ընձեռել Տիգրանին տրամադրել 22 փեթակ մեղուներով: Բիզնեսը լավ է զարգանում, մեղրի վաճառքն աճում է, և Տիգրանը մտածում է բիզնեսն ավելի ընդլայնել՝ նոր փեթակներ գնելով:
2024 թվականից ի վեր ՄՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ավելի քան 15 բիզնեսի։ Այս նախաձեռնությունը իրականացվում է «Օժանդակելով ՄՄԿ-ի Փախստականների արձագանքման ծրագրի գործողություններին Հայաստանում» շրջանակներում՝ աջակցելու կառավարության ջանքերին՝ փախստականներին պաշտպանություն ապահովելու, իրենց հիմնական կարիքները բավարարելու և սոցիալ-տնտեսական ընդգրկումը խթանելու համար: Նախատեսվում է ընդլայնել աջակցության շրջանակը, ներառելով ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական բիզնեսներ: Ակնկալվում է, որ աջակցությունը ավելի քան 100 աշխատատեղ կստեղծի՝ ապահովելով փախստականների համար ապրուստի միջոցներ, ինչպես նաև կբարելավի նրանց աշխատանքային պայմանները: