ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Եվրոպական միությունը և Հայաստանը նշեցին Չափագիտության համաշխարհային օրը
20 մայիսի 2024
[20-ը մայիսի, 2024թ․] — ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Եվրոպական միությունը և Հայաստանը նշեցին Չափագիտության համաշխարհային օրը
[20-ը մայիսի, 2024թ․] — ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ), Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը (ՍՉԱՄ) մայիսի 20-ին նշեցին Չափագիտության համաշխարհային օրը (ՉՀՕ)։ Այն Միավորների միջազգային համակարգին նվիրված ամենամյա միջոցառում է, որը սկիզբ է առել 1875 թ.-ի մայիսի 20- ին Փարիզում 17 երկրի ներկայացուցիչների Մետրական միջազգային կոնվենցիայի (ֆր. Convention du Mètre) ստորագրմամբ։ Կոնվենցիայով սահմանվել են չափագիտության կիրառությունը արդյունաբերության, առևտրի և սոցիալական ապահովության ոլորտներում։ Չափի կոնվենցիայի հիմնական նպատակը չափումների համաշխարհային միասնականության ապահովումն է։
Միջոցառմանը ՍՉԱՄ-ում հյուրընկալվեցին պետական գերատեսչությունների, շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ, չափման միջոցներ արտադրողներ, ակադեմիայի և բուհերի, որակի ենթակառուցվածքի այլ հաստատությունների ներկայացուցիչներ: 2024 թվականի Չափագիտության համաշխարհային օրվա խորագիրն էր` «Չափում ենք այսօր հանուն կայուն ապագայի»։ Թեման ընդգծում է հասարակության բոլոր շերտերում և առօրյա կյանքում տարբեր մարտահրավերներին դիմակայելու և կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ-ներ) հասնելու կարևորությունը:
«Չափումների միասնականության համակարգի պատշաճ գործունեության արդյունքում հնարավոր է զարգացնել Հայաստանում արտադրված ապրանքների միջազգային մակարդակին համապատասխանող որակական բնութագրերը, ինչն, իր հերթին, խթանում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը և թույլ է տալիս տեղական արտադրողին դառնալ մրցունակ միջազգային շուկայում», - նշեց ՍՉԱՄ-ի տնօրեն Ալբերտ Բաբայանը՝ ներկայացնելով ՍՉԱՄ-ի չափագիտական աշխատանքներն ու ծառայությունները, ձեռքբերումները, ընթացիկ և ապագա նախաձեռնությունները։
«Եվրոպական Միությունը 2009թ.-ից ներգրավված է Հայաստանում որակի ենթակառուցվածքի զարգացման գործում` կառավարության հետ համատեղ մշակելով որակի ենթակառուցվածքի ռազմավարությունը, դրանից բխող օրենսդրական փաթեթը, ներառյալ չափումների միասնականության մասին օրենքը։ Կարևորելով չափագիտության ոլորտը՝ Եվրոպական միությունը հատկացրել է 4 միլիոն եվրո ծրագրի իրականացման համար։ Ճշգրիտ չափումների իրականացումն օգնում է 2 կազմակերպություններին, պետական կառույցներին, ձեռնարկություններին և գործարարներին կատարել հիմնավորված ընտրություն, ինչը նպաստում է կայուն ապագային», - ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի պատասխանատու Կարեն Ազարյանը։
«Ի թիվս այլ ապրանքների, մեր արտադրանքը ներառում է չափման միջոցներ, և մեզ համար չափազանց կարևոր է դրանց գրանցումը ՀՀ չափման միջոցների ռեեստրում, ինչը մեզ թույլ է տալիս առանց խոչընդտոների մեր արտադրանքը իրացնել տարբեր երկրներում։ Նմանատիպ միջոցառումները նպաստում են պետական մարմինների և տնտեսվարողների միջև կապերի սերտացմանը։ Մեզ համար կարևոր է ոչ միայն արտադրանքի գրանցումը, այլև այն խորհրդատվական աջակցությունը, որը ստանում ենք ՍՉԱՄ-ից», - իր խոսքում նշեց «Եղիցի Լույս» ՍՊԸ գործարանի գործադիր տնօրեն Ռոբերտ Թովմասյանը։ Ձեռնարկությունը զբաղվում է էներգետիկ մեքենաների ու ճնշակների արտադրությամբ։
Միջոցառումը բաղկացած էր երեք մասից՝
1. Ներկայացվեցին կայունության զարգացման հարցում չափագիտության դերը և Հայաստանի չափագիտության համակարգի վերջին զարգացումները, որոնք առնչվում են իրավական դաշտին, ինստիտուցիոնալ պայմանավորվածություններին, տրամաչափարկման լաբորատորիաների տեխնիկական կարողությունների զարգացմանը։
2. Շրջայց ՍՉԱՄ-ի լաբորատորիաներում, որի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու չափագիտական աշխատանքներ և պատկերացում կազմելու դրանց մասին: Շրջայցի ժամանակ նշվեցին մանրամասներ տրամաչափարկման ու չափումների և աշխատանքի կատարման մասին:
3. Տեղական արտադրողների արտադրանքի ցուցադրություն ու ծառայությունների ներկայացում:
ՄԱՍ 1-ին․ Միջոցառման առաջին մասում բներկայացվեցին թեմատիկ զեկույցներ չափագիտության կարևորության մասին։ Առանձին զեկույցներ եղան Հայաստանի չափագիտության ոլորտի զարգացման, ներառյալ օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների ու տրամաչափարկման լաբորատորիաների տեխնիկական կարողությունների հզորազմանն ուղղված նախաձեռնությունների մասին։ Զեկուցողները կարևորեցին նաև չափագիտության առանցքային դերը պետական և մասնավոր հատվածների գործունեության մեջ, ինչը խթանում է տնտեսական զարգացումը, բնակչության բարեկեցությունն ու երկրագնդի պաշտպանությունը։
Մաս 2-րդ. Հյուրերը շրջայց կատարեցին ՍՉԱՄ-ի տրամաչափարկման լաբորատորիաներում, հնարավորություն ունեցան տեսնելու չափագիտական աշխատանքներ և պատկերացում կազմելու դրանց մասին:
Մաս 3-րդ. Հյուրերն մասնակցեցին Հայաստանում արտադրված չափիչ գործիքների ցուցադրությանը, ծանոթացան տեղական արտադրողների աշխատանքին և ծառայություններին։
Միջոցառման ավարտին գործընկեր կազմակերպություններին և շահառուներին հանձնվեցին շնորհակալագրեր` չափագիտության ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Չափագիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանը մասնակցել է ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է ՍՉԱՄ-ում հիմնել և սարքավորումներով ապահովել տրամաչափարկման չորս լաբորատորիա Հայաստանում բոլոր շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Ծրագիրը գործում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) դրույթների ներքո՝ նպաստելով միջազգային առևտրի մրցունակության բարձրացմանը։
Հեղինակ՝
Մանե Թափալցյան
ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ