Վերջերս մեր գործընկեր «Իմ անտառ Հայաստան»-ն անցկացրեց բնության վերաբերյալ հարցախաղ, որը միտված էր նպաստելու շրջակա միջավայրի պաշտպանության մասին գիտելիքների ամրապնդմանը:
Միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել ընդհանուր առմամբ 96 մասնակցից բաղկացած 12 թիմի՝ ստուգելու շրջակա միջավայրի, կլիմայի, բնության և անտառների վերաբերյալ նրանց գիտելիքները: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմն աչքի ընկավ բնության, կլիմայական գործողությունների և մոլորակի մասին իր գիտելիքներով ու որպես հաղթող թիմ ստացավ 960 տնկված ծառերի հավաստագիր։
«Ի հավելումն գրանցած արդյունքների, մեզ հաջողվեց ակտիվ թիմային քննարկումներ ու լավ խաղ ունենալ՝ վերահաստատելով մեր պատրաստակամությունը իրականացնելու ծրագրեր կլիմայի փոփոխության դեմ պայքարի և շրջակա միջավայրի կառավարման ուղղությամբ», - նշեց ՄԱԿ-ի թիմի անդամ Մարիաննա Քոչարյանը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ծրագրերի օգնական։
«Հիանալի հնարավորություն էր օգնելու նման կարևոր գործին և, միևնույն ժամանակ, ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի իրական թիմային աշխատանքը», - կիսվելով իր տպավորությունների մասին՝ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանը։
ՊԳԿ-ի պլանավորման, մոնիտորինգի, գնահատման և հաշվետվության փորձագետ Նաիրա Հարությունյանը նշում է․ «Ինձ համար Nature Quiz Night-ը թիմային ներդաշնակ համագործակցության հրաշալի փորձ էր։ Կարողացանք վայելել ընթացքն ու վարակվել «կանաչ» հաղթանակի համար հպարտության զգացումով»։
Վերջին տարիներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իրականացրել է մի շարք կանաչ ծրագրեր, այդ թվում՝ տնկելով 18,000 ծառ Լոռու մարզում գտնվող ՄԱԿ-ի անտառում: Տնկված յուրաքանչյուր ծառ Հայաստանի համար ավելի կանաչ ու կայուն ապագայի յուրատեսակ խորհրդանիշ է։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից գրանցած այս հաղթանակը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության և համայնքների զարգացման ապահովման մեր աշխատանքերի շարունակականության ապահովման կարևորությունը:
Հեղինակ՝
Անի Դավթյան
Հաղորդակցության գծով օգնական
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ԳՀՎ
Գլոբալ հաղորդակցությունների վարչություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ