Հայտարարություն. «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական ամենամյա մրցույթ
27 նոյեմբերի 2023
-
ՀՀ Քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությունը (ՄՔԾ), ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ), Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) եւ «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավանդույթը։
Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2022 թ. նոյեմբերի 28-ից մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված, հետեւյալ թեմաների եւ/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը.
- ապաստան հայցողներ, նրանց խնդիրները.
- փախստականներ, այլ բռնի տեղահանված անձինք, նրանց խնդիրները, առաջարկվող լուծումները, նրանց մասնակցությունն ընդունող համայնքների կյանքին.
- միգրացիոն գործընթացներ եւ միգրանտներ, նրանց խնդիրները.
- միջազգային պաշտպանություն և ինտեգրում.
- քաղաքացիություն չունեցող անձինք եւ նրանց խնդիրները.
- վերադարձ, վերաինտեգրում.
- փախստականներին ընդունող համայնքներ, ծագող մարտահրավերներ.
- աջակցություն միջազգային հանրության կողմից, փախստականների պաշտպանություն։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Ուշադրություն․ մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որեւէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ. դեկտեմբերին։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 4-ը, ժ. 23։59, էլ-փոստի ghalamka@unhcr.org հասցեով՝ պարտադիր նշելով հետեւյալը.
– հեղինակի անունը եւ ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,
– հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095 005 313 (Արամազդ Ղալամքարյան, ՄԱԿ ՓԳՀ), 091 52 02 54 (Նելլի Դավթյան, ՄՔԾ) կամ 091 506 884 (Շուշանիկ Ներսեսյան, «Մարդը կարիքի մեջ») հեռախոսահամարներով։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ որակյալ լուսաբանումը խրախուսելն է։ 2010 թվականից ի վեր՝ Հայաստանում փախստականների, բռնի տեղահանված անձանց և միգրանտների խնդիրների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանության և միգրացիայի վերաբերյալ լուսաբանման գործում։ «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական մրցույթը իրականացվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) միջոցով ֆինանսավորվող ՄՔՄՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄՄԿ-ի եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համաֆինանսավորմամբ։