Հայաստանում նշվեց Որակի համաշխարհային օրը ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի աջակցությամբ
15 նոյեմբերի 2023
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված որակի ենթակառուցվածքի համակարգի կարևորությանը մրցակցային բիզնեսի զարգացման գործում։
Հայաստանի Հանրապետությունը միացել է միջազգային հանրությանը` նշելու 2023 թվականի որակի համաշխարհային օրը, որն այս տարի անցկացվում է «Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով» խորագրի ներքո: Ամենամյա այս տոնակատարությունը, որն ամբողջ աշխարհում նշվում է նոյեմբեր ամսին, հնարավորություն է ընձեռում բիզնեսներին և կազմակերպություններին՝ ընդգծել տնտեսության տարբեր ոլորտներում որակի կառավարման նշանակությունը, կիսվել լավագույն փորձով, բարձրացնել իրազեկության մակարդակը և ապահովել կայուն աճ: Այն առիթ է նաև անդրադառնալու կազմակերպությունների հաջողության պատմություններին ու տարբեր երկրներում որակի մասնագետների աշխատանքին։
Օրվա առթիվ, նոյեմբերի 14-ին, տեղի ունեցավ միջոցառում` նվիրված որակի ենթակառուցվածքի համակարգի կարևորությանը մրցակցային բիզնեսի զարգացման գործում։ Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի աջակցությամբ։ Միջոցառման նպատակն էր օգնել Հայաստանին ինտեգրվելու որակի միջազգային ենթակառուցվածքին, կարևորելու իրազեկությունն ու որակի ենթակառուցվածքի համակարգի առանցքային դերը «Կայուն զարգացման նպատակներին» (ԿԶՆ) հասնելու գործում։ Այն նաև հնարավորություն ընձեռեց ծանոթանալու մասնավոր սեկտորի և որակի ենթակառուցվածքի ազգային ինստիտուտների արձանագրած հաջողություններին։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը, ովքեր պետական և մասնավոր հատվածի շուրջ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում ծավալեցին որակի ենթակառուցվածքի ծառայությունների և որակի համակարգերի բարելավման կարևորության մասին, որը խթանում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում մրցունակության բարձրացումը: Միջոցառման ընթացքում հիմնական դերակատարները ներկայացրեցին որակի ենթակառուցվածքի և դրա բաղադրիչների կիրառմամբ տեղական արտադրողներին ուղղված աջակցության օրինակներ` ընդգծելով ՀԸԳՀ համաձայնագրի առավելություններից օգտվելու, առևտրի ընդլայնման և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։
Հայաստանում ԵՄ պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը ողջույնի իր խոսքում նշեց.
«Որպես ԵՄ գործընկեր երկիր` Հայաստանը հավատարիմ է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ապահովելու որակի եվրոպական չափանիշները, և մենք ողջունում ենք այդ ուղղությամբ իրականացվող ջանքերը: Հայաստանի ստանդարտների ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին կարդարացնի ԵՄ սպառողների ակնկալիքներն հայկական արտադրանքի ու ծառայությունների նկատմամբ։ Դա կհեշտացնի Հայաստանի մուտքը եվրոպական մեծ շուկա՝ միաժամանակ վստահեցնելով եվրոպացի սպառողներին, որ հայկական արտադրանքը հավատարիմ է որակի պատշաճ հսկողությանը՝ խթանելով ամուր և փոխշահավետ գործընկերությունը»։
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն իր խոսքում նշեց.
«Որակի ապահովումն այն հիմքն է, որը երաշխավորում է, որ բուրգը կանգուն կլինի գալիք սերունդների համար: Այս նախաձեռնությունը առևտրի մասին է, որը մեզ հնարավորություն կտա առաջ տանել գործընկերությունը և լայն հնարավորություններ կտա Հայաստանին իր արտադրանքը վաճառել ԵՄ-ին: Ապրանքների վաճառքից բացի, սա նաև գործընկերության մասին է: Այն երկարաժամկետ ներդրում է, որը սպառողներին երաշխիք է ապահովում, իսկ արտադրողներին` խոստացված բնութագրերը պահպանելու պարտավորություն»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանն, իր հերթին, ասաց.
«Նշելով Որակի համաշխարհային օրը, մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել Հայաստանի Հանրապետությունում որակի ենթակառուցվածքի համակարգի կարևորությունն ու դերը։ Որակի ապահովման խնդիրը, կարծում եմ, ամենակարևոր և առաջնային խնդիրն է յուրաքանչյուր երկրի տնտեսության մեջ։ Ժամանակակից տեխնոլոգիանրով, ռեսուրսներով հագեցած ամեն մի ոլորտում յուրաքանչյուր արտադրողի կամ ծառայություն մատուցողի համար արդիական է որակի ապահովումը, որը հիմնաքարային է տվյալ արտադրանքի կամ ծառայության շարունակականության հաջողության, մրցունակության և եկամտաբերության համար»։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Որակի ենթակառուցվածքի ինստիտուտների զեկույցները։ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի և Հավատարմագրման ազգային մարմնի ներկայացուցիչներն ներկայացրեցին միջազգային լավագույն փորձն ու իրենց վերջին ձեռքբերումները, համապատասխանաբար, չափագիտության, ստանդարտացման և որակի ենթակառուցվածքի համակարգում հավատարմագրման գործընթացը` անդրադառնալով ձեռնարկությունների մրցունակության խթանման մեջ իրենց կարևոր ներդմանը։
ՄԱԱԶԿ ծրագրի տեխնիկական խորհրդատուն հանդես եկավ մրցունակության և ազատ առևտրի խրախուսման մեջ որակի կարևորության մասին զեկույցով։ Մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին հաջողված պատմություններ, այդ թվում՝ հանրաքային ջրերի, թեթև արդյունաբերության, փորձարկման լաբորատորիայի, ու գինու արտադրության ոլորտներից։ Մասնակիցներին հանձնվեցին հուշանվերներ և պատվոգրեր։
Միջոցառման ավարտին ցուցադրվեց գինու և կոնյակի արտադրության շղթայի մեջ որակի ենթակառուցվածքի ծառայությունների ներդրման մասին տեսանյութ, որը պատրաստվել էր Ծրագրի աջակցությամբ։ Տեսանյութի նպատակն է բարձրացնել իրազեկությունը որակի ազգային ինստիտուտների աշխատանքի, տնտեսության ու հասարակության համար նրանց մատուցած ծառայությունների մասին։
Նշենք, «Աջակցություն որակի ենթակառուցվածքներին զարգացմանը Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ի կողմից և իրականացվում է ՄԱԱԶԿ կողմից: Ծրագրի անմիջական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները Հայաստանի՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար, ինչպես նաև աջակցել Հայաստանին կիրառել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) համապատասխան դրույթները՝ նպաստելով առևտրի մրցունակության բարձրացմանն ու արդյունքների շահավետ օգտագործմանը։
Հեղինակ՝
Մանե Թափալցյան
ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ