ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը և Շվեյցարիան աջակցում են Հայաստանում գտնվող փախստականներին
15 նոյեմբերի 2023
Շվեյցարիայի Զարգացման Գործակալության (ՇԶԳ) միջոցով հաստատված օժանդակության շնորհիվ առավել կարիքավորները հումանիտար օգնություն կստանան։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Շվեյցարիայի կառավարության կողմից 500,610 ֆրանսիական ֆրանկի (մոտ 555,000 ԱՄՆ դոլար) ներդրումը` աջակցելու հազարավոր փախստական ընտանիքներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանում: Շվեյցարիայի Զարգացման Գործակալության (ՇԶԳ) միջոցով հաստատված օժանդակության շնորհիվ, որը Շվեյցարան տրամադրում էր նոյեմբերի 1-ից, նախատեսված է հումանիտար օգնություն ցուցաբերել առավել կարիքավորներին:
«Շվեյցարիայի ներդրումը կօգնի ՊՀԾ-ին լուծել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակություն հաստատած փախստականների հրատապ կարիքները՝ հնարավորություն տալով մեզ տրամադրել ինչպես անհրաժեշտ պարենային օգնություն, այնպես էլ նույնչափ անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն»,- ասել է ՊՀԾ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի ժողովրդին և կառավարությանը կարիքավորներին աջակցելու իրենց հանձնառության համար:
«Առավելապես, մենք շատ գոհ ենք, որ այս աջակցությունը, թեև այն կյանքի հեռանկարների վերականգնման ավելի երկարաժամկետ տեսլականի մի մասն է, կարող է տրամադրվել առանց մեծ ուշացման», - նշել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ` Վերներ Թութը, ով նաև պատասխանատու է Հայաստանում Շվեյցարական համագործակցության ծրագրի համար ։
Այս նախաձեռնությունը համահունչ է ՊՀԾ-ի ընթացիկ ծրագրի՝«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» հետ և ունի երկկողմանի մոտեցում. առաջինը, որը կենտրոնացած է սննդի անմիջական կարիքների գնահատման և բավարարման վրա, իսկ երկրորդը, որը նպատակ ունի խթանել փախստականների ինտեգրումը և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:
Ավելի քան 100,600 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և ապաստանել Հայաստանում, երբ իրավիճակը սրվեց անցած սեպտեմբերին։ Նրանք բոլորն էլ բախվում են լուրջ մարտահրավերների՝ ապահովելու հիմնական կարիքները, ներառյալ սնունդն ու հոգեբանական աջակցությունը՝ տրավման և սթրեսը հաղթահարելու համար։
ՊՀԾ-ն սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող և՛ ազգային, և՛ միջազգային գործընկերների հետ՝ կառավարության ջանքերին աջակցելու և բնակչությանը պարենային արդյունավետ օժանդակությամբ ապահովելու նպատակով: