ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հեկտեմբերին նվազել է
Բրնձի, հացահատիկի, արմավենու յուղի և խոզի մսերի միջազգային գնանշումները նվազում են:
Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը հոկտեմբերին չափավոր անկում է արձանագրել՝ սեպտեմբերի համեմատ նվազելով 0.5 տոկոսով, և միայն կաթնամթերքի գնային ինդեքսն է բարձրացել, ուրբաթ օրը հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի հոկտեմբերին միջինում կազմել է 120.6 միավոր, որը 10.9 տոկոսով ցածր անցյալ տարվա արժեքից։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.0 տոկոսով։ Ներմուծումների պասիվ գլոբալ պահանջարկի պայմաններում 2.0 տոկոսով նվազել են բրնձի և 1.9 տոկոսով՝ ցորենի միջազգային գները, ինչի վրա անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեծաքանակ մատակարարումները և արտահանողների միջև ակտիվ մրցակցությունը: Սրան հակառակ, փոքր-ինչ բարձրացել են կերային մշակաբույսերի գնանշումները, որտեղ շարքը գլխավորում է եգիպտացորենը՝ Արգենտինայում առաջարկի նվազմամբ պայմանավորված։
ՊԳԿ բուսական յուղի գների ինդեքսը սեպտեմբերի համեմատ այս ամիս նվազել է 0.7 տոկոսով. արտադրության սեզոնային աճով և ներմուծման գլոբալ ցածր պահանջարկով պայմանավորված՝ արմավենու յուղի ցածր գները ավելի քան փոխհատուցել են սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի բարձր գները: Սոյայի յուղի գներն աճել են կենսադիզելի ոլորտում մեծ պահանջարկի արդյունքում։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսի անկումը 2.2 տոկոս է կազմել, որը 46.6 տոկոսով բարձր է նախորդ տարվա մակարդակից։ Հոկտեմբեր ամսվա գնիջեցումը գլխավորապես կապված է Բրազիլիայում արտադրության մեծ տեմպի հետ, չնայած առաջիկա տարվա համար համաշխարհային առաջարկի ակնկալվող նվազման հետ կապված մտահոգությունները, ևս, զսպող ազդեցություն են ունեցել գների անկման վրա։
ՊԳԿ մսի գնային ինդեքսը ցած է սահել 0.6 տոկոսով, քանի որ ներմուծումների պահանջարկի կրճատումը, մանավանդ Արևելյան Ասիայում, հանգեցրել է խոզի մսի միջազգային գների անկմանը, այդպիսով ավելի քան փոխհատուցելով թռչնամսի, տավարի և ոչխարի մսերի որոշակի բարձրացումը։
Ի տարբերություն վերոնշյալի, ՊԳԿ կաթնամթերքի ինդեքսը հոկտեմբերին 2.2 տոկոս աճ է գրանցել, ազդարարելով իննամսյա գնանկման ավարտը։ Կաթի փոշու համաշխարհային գներն աճել են հիմնականում կարճաժամկետ և երկարաժամկետ մատակարարումների պահանջարկի կտրուկ ավելացման, ինչպես նաև Օվկիանիայի երկրներում կաթի առաջիկա արտադրության վրա Էլ Նինյո բնական երևույթի եղանակային պայմանների ազդեցության հետ կապված անորոշությունների հետևանքով։
Առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով։
Մշակաբույսերի համաշխարհային պաշարները կայուն են
Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի ամփոփագրում, որը նույնպես ուրբաթ օրն է հրապարակվել, ՊԳԿ-ն անփոփոխ է թողել 2023 թվականի հացահատիկի համաշխարհային արտադրության իր կանխատեսումը, որը գնահատվում է ռեկորդային 2,819 միլիոն տոննա:
Որոշակի ճշգրտումներ են կատարվել ազգային տվյալներում, մասնավորապես Չինաստանում կերային մշակաբույսերի արտադրական բարձր ցուցանիշների, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայում և Եվրոպայում ցածր կանխատեսումներում։ Ցորենի արտադրության կանխատեսումները բարձրացել են Իրաքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, իսկ Եվրամիության և Ղազախստանի դեպքում՝ նվազեցվել։ Ըստ կանխատեսումների, բրնձի համաշխարհային արտադրությունը 2023-2024 թվականներին տարեցտարի կաճի։ Նոր ճշգրտումները կամ վերանայումները ներառում են Հնդկաստանում արտադրական ծավալների կանխատեսումների բարձրացումը, ինչի շնորհիվ մեծապես փոխհատուցվեցին մի շարք այլ վերանայումներ, մասնավորապես Ինդոնեզիայում արտադրության հեռանկարների կրճատման համատեքստում։
Ըստ կանխատեսումների՝ հացահատիկային մշակաբույսերի սպառումը 2023-2024 թվականներին կհասնի 2 810 միլիոն տոննայի, ընդ որում հացահատիկի և կերային հատիկեղենի ընդհանուր սպառումը կգերազանցի 2022-2023 թթ. մակարդակը, իսկ բրնձի սպառման ծավալը կհետևի նախորդ սեզոնի մակարդակին։
Հացահատիկային մշակաբույսերի պաշարների 2023-2024 թթ. գործակիցը կանխատեսվում է, որ 30.7 տոկոս կկազմի, ինչն ըստ ՊԳԿ-ի՝ «պատմական տեսանկյունից առաջարկի իրավիճակի վերաբերյալ մտահոգություն չի առաջացնում» և փոքր-ինչ բարձր է 2022-2023 թվականների 30.5 տոկոսից։
Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտուրը 2023-24 թվականներին կանխատեսվում է 469 միլիոն տոննա՝ 1.6 տոկոսով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։
Առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով։
Հակամարտությունները և ազգային արժույթների թուլացումը վատթարացնում են սովը խոցելի երկրներում
Շարունակական և սրվող հակամարտությունները վատթարացնում են պարենային անվտանգությունը, իսկ ցածր եկամուտ ունեցող բազմաթիվ երկրներում ազգային արժույթի թուլացումը խոչընդոտում է պարենային ապրանքների համաշխարհային գների նվազեցմանը։ ՊԳԿ գնահատմամբ՝ աշխարհում 46 երկիր, այդ թվում՝ 33-ը Աֆրիկայում, սննդամթերքի հարցում արտաքին օգնության կարիք ունի, հաղորդվում է Մշակաբույսերի հեռանկարների և պարենամթերքի իրավիճակի մասին եռամյա զեկույցում, որը նույնպես հրապարակվել է այսօր՝ ՊԳԿ գլոբալ տեղեկատվական և վաղ ահազանգման համակարգի կողմից (ԳՏՎԱՀ/GIEWS)։
Ինչպես նշում է ՊԳԿ-ն, դեռևս 2022 թվականի տվյալներով Գազայի հատվածի բնակչության կեսից ավելին սուր պարենային անապահովության պայմաններում էր ապրում, իսկ հակամարտության սրումն ավելի կխորացնի մարդասիրական և հրատապ օգնության կարիքները, հատկապես ազդակիր տարածքների հասանելիության տագնապահարույց իրավիճակում։ Ավելին, հակամարտության կողմնակի ազդեցությունները կարող են վատթարացնել պարենային անվտանգությունը Լիբանանում։
Զեկույցի տվյալներով՝ թեև 2023 թվականին հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունը նախորդ տարվա համեմատ 0.9 տոկոսով կավելանա, սակայն ցածր եկամուտներ և պարենային անբավարարություն ունեցող 44 երկրներում (ՑԵՊԱ/LIFDCs) աճն այդ ցուցանիշի ընդամենը կեսը կկազմի։
Հիշյալ զեկույցում մանրամասն տեղեկություններ են ներկայացվում պարենային անապահովության և գնային միտումների մասին, որոնց առերեսվում են ազդակիր երկրների բնակչությունները։ Ի լրումն, ներկայացված են նաև հացահատիկային մշակաբույսերի տարածաշրջանային արտադրության մանրամասն գնահատումները և համաշխարհային առևտրի հեռանկարները։
Թեմային առավել մանրամասն ծանոթանալու համար՝
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքս
Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի ամփոփագիր
ԳՇՏՀ. շուկայի վերահսկում
Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգ (ԳՇՏՀ)
ՊԳԿ շուկաներ և առևտուր
Մշակաբույսերի հեռանկարներ և պարենային իրավիճակ
Գլոբալ տեղեկատվական և վաղ ահազանգման համակարգ (ԳՏՎԱՀ)