«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և On/Off Studio-ի գլխավորությամբ, ցուցադրել են երեխաների համար նախատեսված նոր կարճամետրաժ մուլտֆիլմ՝ Սևանիկը՝ լազուր մի վիշապիկ, որն ապրում է Սևանա լճում: Անիմացիոն այս ֆիլմը պատմում է Սևանիկի մասին, որն արթնանում է լճում իր խորը քնից և Ամպիկի՝ իր փափկամազ ընկերոջ հետ գնում արկածներ փնտրելու: Ամպիկը ուշի ուշով հետևում է Սևանիկի յուրաքանչյուր քայլին ու ապրումներին։ Ահա մի օր, լճի շուրջ փնտրտելիս, Սևանիկին խայթում է մոծակը։ Այս իրադարձությունը անսպասելի փոփոխություններ է բերում նրանց կյանքում և հարաբերություններում:
Սևանիկի և նրա ընկեր Ամպիկի այս կարճ պատմվածքի միջոցով երեխաները կսովորեն ընկերության, հոգատարության և մեզանում առկա տարբերությունները ընկալելու ու ընդունելու մասին, ինչպես նաև կբացահայտեն, թե ինչպես շրջակա միջավայրի աղտոտվածությունը կարող է ազդել Սևանա լճի էկոհամակարգի վրա:
«Պատմվածքը ընկերության, փոխադարձ հարգանքի, հոգատարության, հավատարմության և նվիրվածության կարևորագույն թեմաների մասին է: Սրանք համամարդկային արժեքներ են, որոնք կան բոլոր մշակույթներում և փոխանցվում են սերունդ՝ ձևավորելով երեխաների բնավորությունն ու սոցիալականացումը ամբողջ աշխարհում»,- նշել է «Սևանիկի» ռեժիսոր Հարություն Թումաղյանը:
«ՌեԱ» միջազգային անիմացիոն կինոփառատոնի MarAni (Անիմացիոն շուկայի բիզնես ֆորում) համաարտադրության հարթակում, կարճամետրաժ ֆիլմը ստացել է ժյուրիի հատուկ հիշատակումը որպես Միջազգային համարտադրության համար պոտենցիալ նախագիծ:
«Սևանա լճի գեղեցկությամբ ոգեշնչված՝ Սևանիկը յուրահատուկ գրավչություն ունի և դարձել է սիրված ու ուրույն լրացում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ կլիմայական կրթության և երեխաներին ու երիտասարդներին տոկուն դարձնելու, իրենց և իրենց համայնքները փոփոխվող կլիմայական պայմաններին հարմարեցնելու աշխատանքին», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ- ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար «Սևանիկը» ոչ միայն հոգին ջերմացնող/գեղեցիկ պատմություն է, այլ նաև կրթական գործիք, որը կարող է օգնել երեխաներին և մեծահասակներին՝ կողմնորոշվել շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև սոցիալական փոխազդեցությունների և ներառման խնդիրների հարցերում»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերները նախատեսում են մուլտֆիլմի շուրջ առաջիկայում այլ նյութեր ստեղծել, մասնավորապես՝ փոքր երեխաների և տարրական դպրոցների աշակերտների համար նախատեսված աշխատանքային գրքույկ, ինչպես նաև մանկավարժների համար գործիքակազմ՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և դեգրադացիայի վերաբերյալ դասարանում քննարկում կազմակերպելու համար:
Գործընկերները նաև հույս ունեն շարունակել Սևանիկի և նրա ընկերների արկածները: 2023-ից մինչև 2024 թվականի ամռան ամիսներ կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվելու է
կինոթատրոններում, կրթական կենտրոններում և այլ հարթակներում:
«Սևանիկը» կհամալրի երիտասարդներին և համայնքներին հզորացնելու ուղղությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը՝ ուղղված փոփոխվող կլիմայի ազդեցությունը նրանց վրա մեղմելուն: Վերջին երեք տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է հանրակրթական դպրոցներում կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ ուսուցմանը՝ ինտեգրված և ընդլայնված ուսումնական ծրագրերի, ինչպես նաև 21-րդ դարի հմտությունների կիրառման միջոցով՝ դասարանում ուսումը կապելու այնպիսի աշակերտական նախագծերին, որոնք ուղղված են շրջակա միջավայրը իրենց համայնքներում բարելավելուն: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ երեխաների և դեռահասների համար կլիմայական ռազմավարական գործողությունները համայնքի զարգացման ծրագրերում և բյուջեներում ներառելու կենսունակ մեխանիզմներ մշակելու համար: