Մամուլի հաղորդագրություն

ՅՈւՆԻՍԵՖ-ի և Եվրոպական միության աջակցությամբ սահմանամերձ Դովեղ գյուղում նախակրթարան է հիմնվել

22 հուլիսի 2023

  • Մինչ 2023 թվականի ավարտը ՅՈւՆԻՍԵՖ-ը, Եվրոպական միության աջակցությամբ, ևս 8 նախակրթարան կհիմնի գյուղական համայնքներում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՆ), Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Տավուշի մարզային իշխանությունների և այլ գործընկերների հետ համակարգմամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը նոր նախակրթարան է հիմնել Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեղ բնակավայրում: Հայ-ադրբեջանական սահմանի մոտ տեղակայված լինելով՝ Դովեղում են ապրում 502 մեծահասակներ և 145 երեխա: Այստեղ 3-5 տարեկան երեխաները երբևէ նախակրթարան չեն հաճախել:

«Կյանքի առաջին տարիները շատ կարևոր են երեխայի զարգացման համար: Վաղ ուսումնառություն ստանալն անմիջականորեն բարելավում է նրանց սոցիալական, էմոցիոնալ և ճանաչողական հմտությունները, նախապատրաստում է դպրոց գնալուն և նվազեցնում սոցիալապես ապահով և խոցելի երեխաների միջև պատնեշը: Բացի այդ, այն նաև երկարաժամկետ առումով օգուտ է տալիս հասարակությանը՝ թույլ տալով երեխաներին օգտագործել հետագայում իրենց ողջ ներուժը և ակտիվ մասնակցել իրենց համայնքների սոցիալական, քաղաքացիական և տնտեսական կյանքին: Կյանքի ամենակարևոր հմտությունները նախևառաջ նախակրթարանում ենք ձեռք բերում», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Այսօրվանից Դովեղում 18 երեխա վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենա, իսկ տարվա ավարտին ավելի շատ երեխաներ կներգրավվեն: Համայնքի վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող նախակրթարանն ունի ամբողջովին վերանորոգված և կահավորված նախասրահ, երկու խաղասենյակ և երկու առանձին սանհանգույց, ինչպես նաև խոհանոց: Այն նաև ապահովված է արևային ֆոտովոլտային համակարգով, ունի դիդակտիկ նյութերի և խաղալիքների լայն տեսականի, ինչպես նաև` առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ: «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ` ՅՈւՆԻՍԵՖ-ը համայնքի երեք կանանց զինել է նախադպրոցական ծառայություններ մատուցելու գիտելիքներով ու հմտություններով: Նախակրթարանը նաև նորակառույց փոքրիկ խաղահրապարակ ունի:

 «Վաղ մանկական ուսումնառությունը նախապայման է՝ ապահովելու, որ բոլոր երեխաները կարողանան օգտվել սովորելու և զարգանալու իրենց իրավունքից: Կրթական աղքատության արմատները և այն, թե ինչու են մեր օրերում երեխաները դժվարանում հիմնարար ուսուցման հմտություններ ձեռք բերելու հարցում, սկսվում են վաղ մանկական ուսումնառության ծառայությունների բացակայությունից՝ երեխաներին դպրոցին նախապատրաստելու համար: Սա է պատճառը, որ մենք պետք է ներդրումներ կատարենք նախադպրոցական կրթության մանկավարժների, որակի չափանիշների, վերապատրաստման և զարգացման, նրանց աշխատանքային պայմանների և կարիերայի առաջընթացի համար»,- նշել է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Աշխեն Գյուրջյանը:

Գործընկերների հետ միասին՝ անցած երեք տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնել է 17 նախակրթարան Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մշակված այլընտրանքային մոդելի: Մինչ 2023 թվականի ավարտը ևս 8 նախակրթարանի ստեղծման աշխատանքներ ավարտին կհասցվեն՝ ապահովելով հեռավոր գյուղական բնակավայրերի երեխաների ուսումնառության արդար մեկնարկը։ Մոդելն ապացուցել է, որ այն ոչ միայն ծախսարդյունավետ է, այլև կայուն, քանի որ համայնքները պարտավորվում են տրամադրել դաստիարակների աշխատավարձն ու կենտրոնի ընթացիկ ծախսերը, իսկ դաստիարակները շարունակում են մասնագիտական զարգացման աջակցություն ստանալ խոշորացված համայնքի մեծ մանկապարտեզից: Այս մոդելը նպաստում է ՀՀ կառավարության ծրագրին՝ ընդլայնել վաղ ուսումնառության ծառայությունների ծածկույթը ողջ երկրում:

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ