ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում իմ տասնամյա գործունեության ընթացքում բազմիցս ականատես եմ եղել փախստականների տոկունությանը և կյանքի բոլոր ոլորտներում նրանց ունեցած ներդրմանը:
Անհաջողություններին դիմակայելու նրանց հաստատակամությունն ինձ ոգեշնչում է ամեն օր:
Փախստականները մարդկային ոգու լավագույն մարմնացումն են:
Նրանք կարիք ունեն և արժանի են աջակցության և համերաշխության, և ոչ՝ փակ սահմանների և մերժումների։
Այսօր՝ Փախստականների համաշխարհային օրը, բախվում ենք մի զարհուրելի վիճակագրության։
Հակամարտությունների, հետապնդումների, սովի և կլիմայական քաոսի մեջ ապրող ավելի քան 100 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Սրանք զուտ թվեր չեն:
Սա այն կանանց, երեխաների և տղամարդկանց մասին է, ովքեր դժվար ճանապարհ են անցնում՝ հաճախ բախվելով բռնության, շահագործման, խտրականության և չարաշահումների:
Այս օրը հիշեցում է բոլորիս՝ փախստականներին պաշտպանելու և աջակցելու համար առավել արդյունավետ միջոցներ գտնելու պարտավորության մասին:
Կարևոր է նաև լուծումներ գտնել փախստականներին վերաբնակեցնելու հարցում և օգնել նրանց ապրել արժանապատիվ պայմաններում:
Անհրաժեշտ է առավել լայնածավալ միջազգային աջակցություն՝ ի նպաստ ընդունող երկրների, ինչպես կոչ է անում Փախստականների վերաբերյալ գլոբալ պակտը։ Անհրաժեշտ է ընդլայնել փախստականների հասանելիությունը որակյալ կրթությանը, արժանապատիվ աշխատանքին, առողջապահությանը, բնակարանային և սոցիալական պաշտպանությանը:
Եվ անհրաժեշտ է ավելի հզոր քաղաքական կամք՝ խաղաղություն հաստատելու համար, որպեսզի փախստականները կարողանան ապահով վերադառնալ իրենց հայրենիք:
Այս տարվա թեման է՝ «Հույս՝ հայրենի տնից հեռու»:
Կոչ եմ անում աշխարհին՝ ոգեշնչվել այն մեծ հույսով, որ փախստականները փայփայում են իրենց սրտերում:
Եկեք նրանց քաջությանը համարժեք հնարավորություններ ստեղծենք, որոնց կարիքն ունեն ամեն քայլափոխի: