ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով հանդիպում-քննարկում:
Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է մարզի սահմանամերձ բնակավայրերից ավելի քան 170 երեխա՝ ընդհանուր մոտ 230 մարդ, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Պաշտպանը մասնավորապես նշել է, որ հունիսմեկյան միջոցառումը Սոթքում անցկացնելու գաղափարն առաջացել է դեռևս Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր մայիսի սկիզբ կատարած այցի ժամանակ:
«Շնորհակալ եմ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակին մեր այս գաղափարին աջակցելու պատրաստակամության համար: Մեզ համար առաջնահերթություն էր այսօրվա միջոցառմանը ներգրավել մարզի սահմանամերձ բնակավայրերի բոլոր երեխաներին: Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ ինձ համար շատ կարևոր է, որ կարողանում ենք տոն պարգևել և լինել դրա մասնակիցը: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի մանկությունը լցված լինի երջանկության զգացումով, և դուք շրջապատված լինեք սիրով և հոգատարությամբ»,-նշել է Պաշտպանը:Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ անկախ բնակավայրից և ապրելու պայմաններից բոլոր երեխաներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք և պետության առաջնահերթությունը պետք է լինի ապահովել դրա համար անհրաժեշտ պայմանները:«Կարևոր են ոչ թե կյանքի հանգամանքները, որոնց բախվում ենք, այլ այն, թե ինչես ենք դրանց վերաբերվում և ինչ հնարավորություն ենք կարողանում դրանցից ստանալ: Կարծում եմ, կյանքի բոլոր հանգամանքներից մենք մշտապես կարող ենք շատ լուրջ հնարավորություններ քաղել ապագայի համար: Այս համատեքստում, ցանկանում եմ ևս մեկ անգամ արձանագրել՝ մեզ համար շատ կարևոր է, որ այս օրը կարողացանք անցկացնել հենց այստեղ՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների կողքին», - հավելել է նա:
Քրիսթինե Վայգանդն էլ նշել է, որ այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նշելու կրկնակի առիթ էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը և ՄԱԿ-ի Ծնողների համաշխարհային օրը:
«Շատ ուրախ եմ, որ կարողացանք այսօր լինել Սոթքի երեխաների և դեռահասների կողքին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները ու քննարկել հնարավոր լուծումները», - նշել է Քրիսթինե Վայգանդը:
Նա հատուկ ընդգծել է, որ յուրաքանչյուր համայնքում երեխաներն իրավունք ունեն մեծանալ անվտանգ միջավայրում, մեծանալ առողջ, ստանալ որակյալ կրթություն և բոլոր այն սոցիալական ծառայությունները, որոնք անհրաժեշտ են զարգացման համար:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել ՄԻՊ-ի և այլ գործընկերների հետ՝ աջակցելու երեխաներին և նրանց ընտանիքներին թե՛ Վարդենիս համայնքում, թե՛ ամբողջ Հայաստանում», - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
Միջոցառման նպատակն էր խթանել երեխաների մասնակցության, լսված լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։
Նրանց համար կազմակերպվել են երեխաների իրավունքներին վերաբերելի քննարկումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԻՊ աշխատակազմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների և պետական պատասխանատու կառույցների մասնագետների ներգրավմամբ: Թեմաներն էին հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանությունը և անվտանգությունը, երեխաների կրթությունը և սոցիալական ներառումը, բուլինգը և խտրական վերաբերմունքը, երեխաների առողջության պահպանման իրավունքի իրացումը:
Նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար նաև նկարչության ժամ է անցկացվել՝ «Իմ իրավունքները» թեմայով, իսկ «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը ցուցադրել է «Իսկական ընկեր» տիկնիկային ներկայացումը:
Տոնական օրվա ավարտին երեխաները կիսվել են իրենց տպավորություններով և ամփոփել թեմատիկ քննարկումների արդյունքները: