Սոցաշխատողների կարողությունների զարգացում՝ հանուն փախստականների պաշտպանության
15 մայիսի 2023
ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը սոցիալական աշխատողների համար կազմակերպել էր փախստականների պաշտպանության թեմայով սեմինար։
Վերջերս, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) կազմակերպել էր փախստականների պաշտպանության թեմայով սեմինար Միասնական սոցիալական ծառայության և համայնքային սոցիալական աշխատողների համար։ Ընտրվել էին աշխատակիցներ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի տարածքային կենտրոններից եւ Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի, Սեւանի, Մարտունու եւ Վարդենիսի համայնքապետարաններից։
ՄԱԿ ՓԳՀ-ի ու Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից ներկայացված այս համապարփակ դասընթացի միջոցով մասնակիցները տեղեկացան ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի եւ մարդասիրական գործունեության, ինչպես նաեւ՝ փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների մասին։ Քննարկվեցին նաեւ Հայաստանում ապաստանած անձանց համար նոր հնարավորությունների ու կայուն լուծումների վերաբերյալ հարցեր։
«ՄԱԿ ՓԳՀ-ն երախտապարտ է Հայաստանի կառավարությանը եւ ժողովրդին՝ տեղահանված ընտանիքների հանդեպ ցուցաբերած նրանց սրտացավ վերաբերմունքի եւ հոգատարության համար։ ՄԱԿ ՓԳՀ-ի մարդասիրական առաքելությունից է բխում Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգն ամրապնդելու գործում ՀՀ կառավարության հետ մեր սերտ համագործակցությունը, որը չափազանց կարեւոր է»,- նշեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ տ-ն Կավիտա Բելանին։
Միջոցառման ընթացքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարության Միջազգային կազմակերպությունների և առանձին գործառույթներ համակարգող խորհրդական, տ-ն Ինգա Հարությունյանը սոցիալական աշխատողներին ներկայացրեց տեղահանված եւ խոցելի անձանց նախնական կարիքների գրանցման հարցաշարը, որը տեղադրված է նախարարության ստեղծած առցանց հարթակում։ Գործնական վարժությունների միջոցով մասնակիցները փորձարկեցին հարցաշարն ու առցանց հարթակի արդյունավետությունը եւ հանդես եկան առաջարկություններով։
«Սոցիալական աշխատողները վճռորոշ դեր են կատարում արտակարգ իրավիճակներում։ Գտնվելով մարդասիրական արձագանքման առաջնագծում՝ նրանք օգնության ձեռք են մեկնում տեղահանված ընտանիքներին, բացահայտում եւ մեղմում նրանց կարիքները։ Մեր պարտավորությունն է՝ հնարավորինս դյուրին դարձնել նրանց աշխատանքը՝ առաջարկելով առաջադեմ գործիքներ, որոնք կօգնեն ապահովել ժամանակին եւ արդյունավետ մարդասիրական արձագանքում»,- նշեց տ-ն Հարությունյանը։
«Ուրախ եմ, որ այսօր ՄԱԿ ՓԳՀ-ի հետ միասին մենք հնարավորություն ունեցանք փորձարկել «Տեղահանված բնակչության հրատապ կարիքների գրանցման առցանց հարթակը», հասկանալ դրա օգտակարությունը, բացահայտել բարելավման հնարավորություններն ու հանդես գալ առաջարկություններով»,- հավելեց տ-ն Հարությունյանը։
Միջոցառման ավարտին ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցը մասնակիցներին ներկայացրեց երեխաների պաշտպանության սկզբունքներն ու նպատակները, երեխայակենտրոն մոտեցման ուղենիշները, ինչպես նաեւ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ անցկացրեց գենդերով պայմանավորված բռնության կանխարգելման եւ դրան արձագանքման վերաբերյալ իրազեկման դասընթաց։
Համագործակցելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության եւ այլ գործընկերների հետ՝ ՄԱԿ ՓԳՀ-ն այս տարվա ընթացքում կկազմակերպի նմանատիպ միջոցառումներ, որոնց մասնակիցները կծանոթանան փախստականների պաշտպանության սկզբունքներին, իրավունքներին եւ պարտականություններին, կքննարկեն տեղահանված անձանց կարիքների վերհանման եւ նրանց ուղղորդման մեխանիզմները։
ՄԱԿ ՓԳՀ-ն շնորհակալություն է հայտնում ԱՍՀ նախարարությանը, ՄՔԾ-ին եւ իր բոլոր պետական գործընկերներին ու ընդունող համայնքներին արդյունավետ համագործակցության համար։