Առևտրի մրցունակության և արդյունաբերության զարգացման կարիքների վրա հիմնված չափագիտության համակարգ Հայաստանում
28 ապրիլի 2023
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել են չափագիտության կարիքների գնահատման համատեղ աշխատաժողով։
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի ապրիլի 28-ին Երևանում կազմակերպել են չափագիտության կարիքների գնահատման համատեղ աշխատաժողով պետական և մասնավոր հատվածի շուրջ 50 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատաժողովը Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի շրջանակում է։ Որպես ներառական գործընթացի մաս, աշխատաժողովի նպատակն էր ազգային շահագրգիռ կողմերին ներկայացնել և վավերացում ստանալ կարիքների գնահատման հիմնական արդյունքների և առաջարկվող զարգացման ծրագրի վերաբերյալ:
«Աշխատաժողովի շրջանակում ծանոթացանք կարիքների գնահատման արդյունքներին և հասկացանք ինչ ուղղություններով ենք աշխատելու հետագայում։ Այս արդյունքները մենք կներառենք նաև չափագիտության ռազմավարական փաստաթղթում», - նշել է Ժաննա Զաքարյանը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ։
«Այս ծրագրի աշխատանքը մի փոքր բարդ է. մարտահրավերը գործողություններ սահմանելն է, որոնք ուղղված են ինչպես ապագա, այնպես էլ ներկա կարիքներին», - ասել է Կարեն Ազարյանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու:
«Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը կատարել է ՄԱԱԶԿ մեր գործընկերները և ուրախ ենք տեսնել, որ նախանշված ուղղությունները և զարգացման մանրամասն պլանը լիովին համահունչ են Հայաստանի կառավարության առաջնահերթություններին», - նշել է Ալբերտ Բաբայանը՝ Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) տնօրեն:
Աշխատաժողովի ընթացքում պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերը՝ պետական մարմիններ, Հայաստանում որակի ենթակառուցվածքների ոլորտի հաստատություններ և ձեռնարկություններ, ներկայացրին իրենց մեկնաբանություններն ու տեսակետները և հաջողությամբ հաստատեցին կարիքների գնահատման արդյունքներն ու զարգացման ծրագիրը, որը պետք է առաջնորդի չափագիտության կարողությունների զարգացումը Հայաստանում առաջիկա 5-10 տարիներին։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի անմիջական նպատակն է զարգացնել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» (ՍՉԱՄ) կարողությունները՝ Հայաստանի Հանրապետության չափագիտական ծառայություններից օգտվող շահառուներին կայուն և միջազգայնորեն ընդունելի ծառայություններ մատուցելու համար: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին կիրառելու «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) համապատասխան դրույթները՝ նպաստելով առևտրի մրցունակության բարձրացմանն ու արդյունքների շահավետ կիրառմանը։ Ծրագրի շրջանակում ՄԱԱԶԿ-ն աջակցում է Հայաստանին իրականացնելու չափագիտության կարիքների գնահատումը (արդյունաբերական և իրավական չափագիտություն)՝ համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության և ՍՉԱՄ-ի հետ և ձևավորել զարգացման ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում չափագիտության ծառայությունների կարիքները բավարարելու համար։
Հեղինակ՝
Սառա Խոջոյան
ՄԱԱԶԿ
Ծրագրի հաղորդակցության մասնագետ
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ