Մինչ պատերազմը Ուկրաինայում ապրում էր 400 հազար էթնիկ հայ, որոնցից շատերն ունեին հայկական անձնագրեր: Եվրոպական միությունը նրանց թույլ է տվել մուտք գործել Ուկրաինային սահմանակից ԵՄ անդամ երկրներ առանց շենգենյան վիզայի։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) օգնել է 100 հայերի վերադառնալ հայրենի հող։
Պատերազմի սկսցվելուց երկու ամիս անց Աննայի ծնողները ընդունեցին երբևէ ամենադժվար որոշումը՝ կարճաժամկետ բաժանում:
«Դա ինձ համար դատավճռի նման մի բան էր», - ասում է Աննան: «Հայրս և հորեղբայրս՝ Վլադը, մնալու էին Կիրովոգրադում տարեց տատիկի ու պապիկի մոտ, իսկ ես, մայրս և փոքր եղբայրս՝ Արեգը, ուղևորվելու էինք Սլովակիա, որտեղ հորեղբորս վաղեմի ծանոթը խոստացել էր օգնել և մեզ ժամանակավոր կացարան տրամադրել»։
Դեպի Բրատիսլավա ճամփորդությունը տևեց երկու օր՝ երեք երթուղու փոփոխությամբ, ավելի քան 700 կմ, բայց ընտանիքը հաջողությամբ հասավ իր նպատակատեղի: Ավտոբուսի կայարանում հորեղբայր Վլադի ընկերը դիմավորեց ընտանիքին և տարավ իր համեստ կացարանը՝ քաղաքի արվարձաններից մեկում:
Բրատիսլավայում պարզվեց, որ նրանց՝ երկրից հեռանալուն պես Կիրովոգրադի շրջանի շուրջ իրավիճակը վատթարացել էր, և հորեղբայր Վլադը՝ սպանվել։
Թեև ընտանիքը Բրատիսլավայում ընդամենը երկու ամիս մնաց, Աննան և նրա եղբայրը սկսեցին ամեն օր հաճախել դասերի։
«Մեր կրթությունը միշտ շատ կարևոր է եղել մեր ծնողների համար, ուստի, երբ մենք ժամանեցինք Սլովակիա, առաջին բանը, որ մայրս սոցիալական աշխատողների հետ միասին փորձեց կազմակերպել մեզ համար, դպրոցն էր: Մենք չգիտեինք, թե որքան ժամանակ կմնայինք Բրատիսլավայում»:
Նախնական պլանը հայրենի երկիր՝ Հայաստան վերադառնալու միջոց գտնելն էր, որը կազմակերպվեց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից։
«Մենք ստացանք վերադարձի և վերաինտեգրման աջակցություն, որի համար ես սրտանց երախտապարտ եմ: Դա մեզ հնարավորություն տվեց ինքներս մեզ չկորցնել», - ասում է նա:
Այժմ քույր ու եղբայր վերադարձել են իրենց ծննդավայրը, որտեղ անցել է նրանց ողջ մանկությունը, և իրենց հին ընկերների հետ հաճախում են իրենց նախկին դպրոցը։ Աննան քրտնաջան սովորում է և պատրաստվում հունիսին կայանալիք բուհական ընդունելության քննություններին։ Նա ցանկանում է թարգմանիչ դառնալ։
«Իմ երազանքն է սովորել համալսարանում և հաջողության հասնել կյանքում»:
Փոքր դադարից հետո արցունքն աչքերին աղջիկն ասում է.
«Հայաստան վերադառնալուց ի վեր հայրիկիցս լուր չունենք․․․ բայց ես հավատում եմ, որ մի օր նա կգտնվի և կապ կհաստատի մեզ հետ։ Ես ուզում եմ, որ նա իմ ձեռքբերումներով հպարտանա»: