ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ու Արգենտինայի դեսպանը Սյունիքում ծանոթացան ծրագրի արդյունքներին:
Մարտի 23-ին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան այցելել են Սյունիքի մարզ՝ ծանոթանալու Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերին։ Նրանց էր միացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը, Արգենտինայի հայ համայնքի թղթակից և ներկայացուցիչ Լեոնարդո Մումջյանը և Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը։
Միասին նրանք այցելեցին Գորիսի թիվ 2 դպրոց, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դպրոցական կահույք էր տրամադրել դասասենյակների, դպրոցի գրադարանի և հաշմանդամություն ունեցող աշակերտների համար նախատեսված վերականգնողական սենյակի համար՝ այդպիսով բարելավելով շուրջ 400 աշակերտի կրթական միջավայրը: Այս նախաձեռնության արդյունքում Սյունիքի մարզի հինգ դպրոցներ նման աջակցություն են ստացել:
Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ. կողմերը քննարկել են Արգենտինայի աջակցությամբ Սյունիքում իրականացվող ծրագրերի առաջընթացը, ինչպես նաև հումանիտար իրավիճակը և երեխաների ու նրանց ընտանիքների կարիքները։
«Չնայած հեռավորությանը՝ Արգենտինայի հայերը շատ կապված են իրենց նախնիների երկրի հետ և անհանգստացած ստեղծված իրավիճակով, որը շատ ընտանիքների վրա է ազդել: Արգենտինան պատրաստ է աջակցել երեխաների և նրանց ընտանիքների վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին: Այսօր անձամբ տեսա մի շարք ոլորտներում համատեղ աշխատանքի արդյունքները», - նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։
Պատվիրակությունն այցելել է նաև Գորիսի թիվ 5 մանկապարտեզ, ուր հաճախում է 3-5 տարեկան 120 երեխա: Մանկապարտեզը վերանորոգվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Գորիսի քաղաքապետարանի և ՀՕՖ-ի հետ համագործակցությամբ։ Մանկապարտեզն ավելի քան 50 տարի չէր վերանորոգվել, իսկ շենքի տանիքն արդեն վնասվել էր, ինչը վտանգի էր ենթարկում երեխաներին: Վերանորոգման շրջանակում շենքն այժմ ունի ջեռուցման նոր համակարգ, կոյուղի, բարեկարգված և գործող կաթսայատուն, վերանորոգված չորս խմբասենյակներ, միջանցքներ, միջոցառումների սրահ, ճաշարան, սննդի պահեստ և նոր տանիք։ Բարեկարգման արդյունքում մանկապարտեզը կարողացավ դռները բացել երեխաների նոր խմբի համար՝ հնարավորություն ստեղծելով մանկապարտեզ հաճախել ավելի շատ` արդեն 150 երեխայի։
Պատվիրակությունն այցելեց նաև Վերիշեն գյուղի մշակույթի և արվեստի հին տուն, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ կաշխատի երիտասարդական կենտրոնի հիմնման և վերանորոգման ուղղությամբ՝ խթանելու Վերիշեն և Գորիս համայնքների դեռահասների քաղաքացիական ակտիվությունը և նպաստելու ոչ ֆորմալ կրթության ընդլայմանը:
«Արգենտինայի հայ համայնքի աջակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին հնարավորություն տվեց ընդլայնել իր ծրագրերը Սյունիքի մարզում՝ հանուն տարբեր տարիքային խմբերի երեխաների: Այս տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ մենք աշխատելու ենք նաև Շիրակի մարզում՝ Արթիկում երիտասարդական կենտրոն հիմնելու, ինչպես նաև Գյումրիում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի վերանորոգման ուղղությամբ»,- ամփոփեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։