ՄԱԿ ՓԳՀ-ն կազմակերպել էր ապաքաղաքացիության խնդրի լուծմանն ուղղված Աշխատանքային խմբի այս տարվա առաջին հանդիպումը
23 մարտի 2023
Համագործակցություն հանուն ապաքաղաքացիության վերացման։
2023 թ․ մարտի 23-ին, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) կազմակերպել էր քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված Աշխատանքային խմբի այս տարվա առաջին հանդիպումը, որին մասնակցում էին պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ և իրավաբան-փորձագետներ, որոնք համագործակցում են ՄԱԿ ՓԳՀ-ի հետ «Ես պատկանո՛ւմ եմ» (#IBELONG)՝ ապաքաղաքացիությանը վերջ դնելու քարոզարշավի շրջանակում։
Իր բացման խոսքում՝ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի նորանշանակ ներկայացուցիչ տ-ն Կավիտա Բելանին ողջունեց մասնակիցներին` ցանկանալով արդյունավետ քննարկում և շնորհակալություն հայտնեց ամուր և կառուցողական համագործակցության համար։ Տ-ն Բելանին նաև բարձր գնահատեց Աշխատանքային խմբի միահամուռ ջանքերը ապաքաղաքացիության խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ մշակելու և առաջարկելու համար։
Անդրադառնալով #IBELONG գլոբալ քարոզարշավին՝ տ-ն Բելանին հիշատակեց Աշխատանքային խմբի նախաձեռնությունները՝ ևս մեկ անգամ ընդգծելով քաղաքացիության և արժանապատիվ կյանքի իրավունքի կարևորությունը Հայաստանի և աշխարհի բոլոր մարդկանց համար։
«ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ապաքաղաքացիության կանխարգելման և կրճատման իր մանդատի ներքո համագործակցում է պետությունների և համայնքների հետ ջանալով ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ասել․ «Ես պատկանո՛ւմ եմ»»։
Ողջունելով ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչին և հանդիպման մյուս մասնակիցներին՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ տ-ն Մարիամ Գևորգյանը ներկայացրեց «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին օրենքի» նախագծին վերաբերող թարմացված տեղեկություն և քաղաքացիություն չունեցող անձանց վիճակագրությունը, որին հաջորդեցին ակտիվ քննարկում ու հարցուպատասխան։
Հանդիպման ընթացքում ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ տ-ն Սուսաննա Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրեց ՄԱԿ ՓԳՀ-ի 2023-2024 թվականների Ապաքաղաքացիության գործողությունների ծրագիրը, անցած տարիներին արձանագրված հիմնական ձեռքբերումները և ապաքաղաքացիության կանխարգելման Հայաստանի լավագույն փորձը։ Տ-ն Գրիգորյանը նաև խմբին տեղեկացրեց ապաքաղաքացիության վերաբերյալ դասընթացների մասին, հատկանշելով Սանռեմոյի Հումանիտար իրավունքի միջազգային ինստիտուտի կողմից տրամադրվող ապաքաղաքացիության թեմայով առցանց դասընթացի մասին, որին՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության օժանդակությամբ ներկա պահին մասնակցում էին ՄԱԿ ՓԳՀ գործընկեր կազմակերպություններից մի խումբ իրավաբան-փորձագետներ։ Տ-ն Գրիգորյանը տեղեկացրեց նաև պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, իրավաբան-փորձագետների և դասախոսների համար հասանելի այլ հնարավորությունների մասին։
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ տ-ն Ալլա Հարությունյանն իր հերթին աշխատանքային խմբին ներկայացրեց ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ՝ ապաքաղաքացիության խնդրի լուծմանն ուղղված ծրագրի ձեռքբերումները և առաջիկա քայլերը: Տ-ն Հարությունյանը տեղեկացրեց նաև ԱՄՆ դեսպանության «Ջուլիա Թաֆթ» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից արդյունավետ կերպով իրականացվող, ապաքաղաքացիության վերացմանն ուղղված ծրագրի մասին։
Միջոցառման ընթացքում ՄԱԿ ՓԳՀ աշխատակից տ-ն Անահիտ Հայրապետյանը ներկայացրեց #IBELONG քարոզարշավի առցանց հարթակը և պատմեց քաղաքացիություն չունեցող անձանց անցած ճանապարհի և հաջողությունների մասին, ցուցադրեց թեմատիկ տեսանյութեր և լուսանկարների շարք՝ կարևորելով Աշխատանքային խմբի անգնահատելի դերը Հայաստանում ապաքաղաքացիության կանխարգելման և կրճատման գործում։ Ինչպես ցուցադրված ֆիլմի հերոսուհին՝ նախկին փախստական մի կին արտահայտվեց․
«Երեսուն տարի շարունակ՝ անցնելով դժվարությունների և զրկանքների միջով, հիմա ես Հայաստանի քաղաքացի եմ, ապրում եմ արժանապատիվ կյանքով, իմ տանը, իմ երկրում, որին ես պատկանում եմ։»