ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն օգնում է զարգացնել սերմերի համակարգի կառավարումը Հարավային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորս երկրներում
21 մարտի 2023
ՊԳԿ նախաձեռնությամբ անցկացվել է դասընթաց սերմերի որակի կառավարման, դրանց առնչվող քաղաքականության շրջանակների, որակի ապահովման և հավաստագրման սկզբունքների մասին։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ Երևանում անցկացված քառօրյա դասընթացի թեմաներն էին սերմերի որակի կառավարումը, սերմերին առնչվող քաղաքականության շրջանակները և սերմերի որակի ապահովման ու հավաստագրման սկզբունքները։ Մարտի 17-ին ավարտված այս դասընթացին մասնակցել են Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հյուսիսային Մակեդոնիայի պետական քաղաքականություն մշակողներն ու մասնագետները։
Բոլոր չորս երկրներն էլ բախվում են նույնանման խնդիրների, ներառյալ՝ սերմերի արտադրության, բաշխման և որակի ապահովման համակարգերում առկա բացերն ու այլ խոչընդոտները, որոնք արդյունք են սերմերի պատշաճ քաղաքականության բացակայության:
«Այս խնդիրներին արձագանքելու նպատակով աջակցություն է տրամադրվում երկրների սերմերի համակարգի կատարելագործմանը ծրագրերի միջոցով՝ ընդլայնելով պետական կարողությունները տնկանյութի և սերմացուի հավաստագրման, որակի վերահսկման նպատակով լաբորատոր փորձարկումների իրականացման, նոր սորտերի փորձարկման մեթոդոլոգիաների մշակման և ադապտացման, ինչպես նաև երկրների միջև համագործակցության և գիտելիքների փոխանակման խթանման առումով», - ասաց ՊԳԿ-ի գյուղատնտեսության տարածաշրջանային մասնագետ Տանյա Սանտիվանեզը:
Կազմակերպված դասընթացն ընդգրկել է սերմերի համակարգի կառավարման և հարակից այնպիսի թեմաների մասին տեղեկատվություն, ինչպիսիք են առկա իրավական բազան, սերմերի գրանցումը, ինչպես նաև դրանց հավաստագրումն ու փորձարկումը: Դասընթացը ներառել է նաև սերմերի լաբորատոր փորձարկում և այցելություն Գյումրու սելեկցիոն կայան և Գեղարքունիքի մարզի սերմարտադրությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններ: Այս նախաձեռնությանն աջակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
ՊԳԿ-ն առաջատար դեր է խաղում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման ամրապնդման գործում՝ սերմերի վերաբերյալ քաղաքականության խթանման, տեխնիկական աջակցության և իրազեկության բարձրացման միջոցով: Նշված դասընթացը կազմակերպվել էր ՊԳԿ-ի «Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի կայունության բարձրացման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ծրագրի շրջանակում, որի նպատակն է բարելավել սերմերի համակարգերը և զարգացնել սերմերի կառավարման ազգային կարողությունները վերոնշյալ երկրներում: Ծրագրի նպատակներից է նաև կլիմայի նկատմամբ դիմակայուն սերմերի համակարգերի հզորացման համար սերմերի արտադրության ոլորտում մասնագետների և արտադրողների կարողությունների զարգացման միջոցով խթանել բարձրորակ սերմերի արտադրությունն ու օգտագործումը:
2020թ․ գարնանը ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանում իրականացվել են մի շարք աշխատանքներ, ներառյալ․
Հայաստանի սերմերի համակարգին վերաբերող օրենսդրության ուսումնասիրություն,
Սերմերի համակարգի գնահատում «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ,
Սերմերի համակարգի, ֆերմերային տնտեսությունների վրա հիմնված մոտեցումների և կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսական գործունեության տվյալների վերլուծության մասին զեկույցի մշակում,
Երկու մարզերում սերմերի բազմացման վերապատրաստման դասընթացների անցկացում,
Սերմերի հավաստագրման և աճեցման կարողությունների զարգացման նպատակով փորձագետների ուսումնական այց և դասընթացներ։