ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա առթիվ
Այսօր, նշելով գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրը, ուշադրություն ենք հրավիրում մի պարզ հավասարման վրա. որքան շատ կանայք և աղջիկներ լինեն գիտության մեջ, այնքան գիտությունը կզարգանա:
Կանայք և աղջիկները բազմազանություն են բերում հետազոտության մեջ, ընդլայնում են գիտությամբ զբաղվող մասնագետների ցանցը և ապահովում են գիտության և տեխնոլոգիայի նոր հեռանկարներ՝ ի շահ բոլորիս:
Փաստ է, որ գիտության մեջ գենդերային կողմնակալությունը հանգեցնում է աղետալի արդյունքների՝ սկսած դեղանյութերի փորձարկումներից, որոնք կանանց մարմինը համարում են նորմայից շեղում, մինչև որոնման ալգորիթմներ, որոնք խորացնում են կողմնակալությունն ու խտրականությունը։
Այնուամենայնիվ, աշխարհի շատ վայրերում կանայք և աղջիկները կրթություն ստանալու քիչ հնարավորություն ունեն կամ ընդհանրապես չունեն:
Մինչ կանայք ձգտում են առաջընթաց ունենալ գիտական ոլորտում, անհավասարությունները և խտրականությունը շարունակում են խոչընդոտել նրանց ներուժին:
Կանայք կազմում են գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում աշխատողների մեկ երրորդից պակաս, և նույնիսկ ավելի քիչ՝ առաջատար ոլորտներում: Արհեստական բանականության ոլորտում աշխատող հինգ մասնագետներից միայն մեկն է կին։
Պետք է և կարող ենք անել ավելին գիտության մեջ կանանց և աղջիկներին առաջ մղելու համար։
Կրթաթոշակների, փորձնակության և վերապատրաստման ծրագրերի միջոցով, որոնք հարթակ են ապահովում հաջողության հասնելու համար:
Քվոտաների, գիտությունը չթողնելու խթանների և մենթորական ծրագրերի միջոցով, որոնք օգնում են կանանց հաղթահարել արմատավորված խոչընդոտները և կարիերա կառուցել։
Եվ ամենակարևորը` հաստատելով կանանց իրավունքները և կոտրելով կարծրատիպերը, կողմնակալությունները և կառուցվածքային խոչընդոտները:
Բոլորս կարող ենք մեր ներդրումն ունենալ աշխարհի հսկայական չօգտագործված տաղանդի բացահայտման համար՝ դասարանները, լաբորատորիաները և նիստերի դահլիճները կին գիտնականներով համալրելով: