ՊՀԾ և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն այցելել են «Սննդի աջակցության քարտ» պիլոտային ծրագրի շահառուներին՝ հումանիտար և պարենային ապահովության խնդիրներին ծանոթանալու։
Վերջերս Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնտեսական բաժնի փոխտնօրեն Էնդրյու Գոլդան, ԱՄՆ ՄԶԳ տարածաշրջանային մարդասիրական հարցերով խորհրդատու Ջոն Փաթթերսոնը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ծրագրերի համակարգող Աստղիկ Գրիգորյանը և ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն այցելեցին Գավառ համայնքում ապրող, «Սննդի աջակցության քարտ» ծրագրում ընդգրկված ընտանիքի։
«Սննդի աջակցության քարտ» ծրագրի շնորհիվ՝ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի անապահով ընտանիքներին տրամադրվել են սնունդ գնելու համար նախատեսված բանկային քարտեր՝ ընտանիքների պարենային հասանելիության խնդիրները մեղմելու նպատակով: Քարտերը հնարավոր է օգտագործել միայն ծրագրով ընտրված խանութներում։ Ծրագիրն օգնում է պարենային անապահով ընտանիքներին գնել առավել սննդարար և առողջարար մթերք և խնայել ընտանիքի եկամուտները այլ կենսական կարիքների հասցեագրման նպատակով։ Ծրագրի շահառուները նաև ներգրավվում են տեղեկատվական հանդիպումների մեջ՝ իրազեկվելու սննդակարգի բազմազանության կարևորության մասին, որոնց ընթացքում հաշվի է առնվում տնային տնտեսության՝ պարենի համար նախատեսված բյուջեն։
Այցի ընթացքում ներկայացուցիչները շեշտեցին համայնքային զարգացման ծրագրերի կարևորությունը, որոնք բարելավում են մարդկանց կենսամակարդակն ու բարեկեցությունը և օգնում հաղթահարել ճգնաժամերի հետևանքով առաջացած դժվարությունները։
Նաննա Սկաուն, Էնդրյու Գոլդան, Ջոն Փաթթերսոնն ու Աստղիկ Գրիգորյանը այցելեցին Անուշ Մովսեսյանի՝ 10 անձից բաղկացած ընտանիքին, որը «Սննդի աջակցության քարտ» ստացող 27 ընտանիքներից մեկն է։ Մովսեսյանների ընտանիքն ապրում է աղքատ պայմաններում և պարենային անապահով է։ Անուշի խոսքով՝ ՊՀԾ-ի աջակցությունը նրանց հնարավորություն է տալիս որոշել՝ ինչ ուտել։
«Այսօր ես վերջապես կարողացա գնել պահածոյացված միս․ երբ երեխաները դպրոցից տուն գան, նրանք կուրախանան, որ միս են ուտելու», - ավելացրեց նա։
ՊՀԾ ծրագիրը միավորում է մարդասիրական և զարգացման նախաձեռնություններ՝ խոցելի բնակչության պարենի կարիքները հասցեագրելու և ծրագրի կայունությունն ապահովելու համար։ Սա հնարավորություն է տալիս երկարաժամկետ և արդյունավետ աջակցության միջոցով բարելավել խոցելի բնակչության կյանքի որակը։
Համագործակցելով ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` ՊՀԾ-ն ընդլայնում է իր պիլոտային ծրագիրը և սկսում «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագիրը, որի նպատակն է բարելավել և ամրապնդել աղետներին արձագանքող պետական քաղաքականություններն ու ընթացակարգերը և նպաստել սոցիալական աջակցության ծառայության նոր գործիքի ներդրմանը՝ հաջորդ 15 ամիսների ընթացքում հասցեագրելով ավելի քան 3000 խոցելի բնակիչների պարենային անապահովությունը: