46-ամյա Սարգիս Հարությունյանը 2019-ի հոկտեմբերին կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Հայաստան է վերադարձել 20 տարի Բելգիայում ապրելուց հետո և այստեղ արդեն սկսել է զբաղվել անասնապահությամբ:
«Գոհ եմ, չեմ ուզում փոշմանած լինեմ, որ եկել եմ», - ասում է նա։
Հարությունյաններն անասնապահական փոքրիկ բիզնեսը հիմնել են Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում, որը մայրաքաղաք Երևանից շուրջ 30 կմ հեռավորության վրա է գտնվում: Կնոջ՝ Մելանյայի հայրական տան փոքր հողատարածքում անասնագոմ են կառուցել և պահում են կով, մեկ խոզ, որն արդեն խոճկորներ ունի, ու հավեր: Այս հարցում նրանց օգնել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, որը Բելգիայից վերադառնալու համար նրանց յուրաքանչյուրին է տրամադրել 2200-ական եվրո գումար:
«Նրանց մենք բիզնես ծրագիր առաջարկեցինք, իրենք էլ տրամադրեցին գումարը։ Մեզ դա շատ օգնեց։ Հիմա զբաղվում ենք անասնապահությամբ, թարմ միս ենք վաճառում ու այդ գումարով նախատեսում ենք ընդլայնել բիզնեսը, ունենք ծրագրեր, տեսնենք՝ ոնց կլինի: Ընդհանուր առմամբ, լավ է վիճակը, գոհ եմ»,- ասում է Սարգիսը։
Ասում է, որ անասնապահությունից զատ մտածում են նաև հողագործությամբ զբաղվել. բանջարանոց հիմնել, սեզոնային բանջարեղեն՝ լոբի, կարտոֆիլ աճեցնել վաճառքի համար:
Սարգիսը պատմում է՝ Հայաստանից Բելգիա արտագաղթել է 1999-ին: Հայաստանում այդ տարիներին չուներ աշխատանք, կյանքը դժվար էր, իսկ քաղաքական վիճակը՝ անկայուն, վաղվա հանդեպ հույսը՝ անիրական:
«Երկրի վիճակը ինձ ստիպեց արտագաղթել։ Այդ ժամանակ խառն էր, քաղաքական վիճակին չէի կարում հարմարվել»,- ասում է նա։
Բելգիայում Հարությունյաններն ապրել են փախստականի կարգավիճակով: Ասում է, որ տասը տարուց ավելի Բելգիայում ապրել է անօրինական, աշխատել՝ «սևով»:
Կնոջ հետ, որը նույնպես ազգությամբ հայ է, ծանոթացել է հենց Բելգիայում, ընտանիք կազմել 2014-ին, իսկ երեխաների ծնվելուց որոշ ժամանակ հետո վերջնականապես որոշել է՝ պետք է վերադառնալ Հայաստան, որ երեխաները ապրեն, մեծանան հայկական միջավայրում։
Եվրոպայի սրտում ապրելը, ասում է, ուղեկցվել է վախով. վախեցել են, որ մետրոն կամ ավտոբուսը կպայթեցնեն, վախեցել են, որ երեխաները վատ շրջապատ կամ զույգ կընտրեն։
«Այնտեղ անվտանգ չէր, ամեն պահ կարծես ահաբեկչական գործողության սպասեինք: Բացի այդ, շատ էինք ուզում, որ մեր երեխաները մեծանան հայկական միջավայրում, սովորեն հայկական դպրոցում, շփվեն հայ երեխաների հետ»,-պատմում է Սարգիս Հարությունյանը։
Հարությունյաններն ապրում են Երևանում։ Բացի անասնապահությունից, Սարգիսը շինարարական կազմակերպությունում է աշխատում, շինարար է։ Երևանում երեխաները հաճախում են մանկապարտեզ, կարատե են պարապում, 5 տարեկան որդին և 4 տարեկան դուստրը լուրջ հաջողություններ ունեն այս մարզաձևում:
«Երբ Նիկոլը (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին - հեղ.) եկավ Բելգիա, եկեղեցում հավաքեց ժողովրդին, ասեց՝ ժողովուրդ, շատ բան է փոխվել ու դեռ փոխվելու, ես ձեզ խոստանում եմ՝ եկեք Հայաստան։ Շատն էլ էդ բանի համար որոշեցինք գալ՝ ահագին բան է փոխվում, ժողովուրդը սկսում ա շունչ քաշել, առաջվա կոռուպցիան չկա։ Չեմ փոշմանել, որ հետ եմ եկել»,- նշում է Սարգիս Հարությունյանը: