Մոսկվայից՝ սահմանամերձ գյուղ. Օրդյանները Այգեձորում բիզնես են հիմնել
17 օգոստոսի 2020
Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Օրդյաններն Այգեձորում ծրագրել են թռչնաբուծական ֆերմա հիմնել։
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր փոքր գյուղի բնակիչների թիվն ավելացել է 4-ով. 43-ամյա Լևոն Օրդյանը Մոսկվայում 22 տարի ապրելուց հետո կնոջ ու երկու դուստրերի հետ վերջերս տեղափոխվել և վերջնականապես հաստատվել է հարազատ գյուղում։
«Նոր իշխանություն է եկել, որի հետ մեծ հույսեր ենք կապում։ Երկրում տեղի ունեցած այդ փոփոխությունները, հայրենիքում ապրելու մեծ ցանկությունը մեզ բերեցին հարազատ երկիր», - ասում է Լևոն Օրդյանը։
Լևոնը 1997 թվականին Արցախում զինվորական ծառայությունից վերադարձել է տուն ու մեկնել Մոսկվա՝ արտագնա աշխատանքի։ Այնտեղ զբաղվել է առևտրով, հաստատվել, ձեռք բերել բնակարան, ամուսնացել Աննայի հետ ու ընտանիք կազմել։
Պատմում է՝ Մոսկվայում կյանքը, ճիշտ է՝ թանկ էր, բայց լավ էր, պայմանները՝ հարմարավետ, կար ամեն ինչ, չէին դժգոհում։ Երեխաները՝ 15-ամյա Լիլիթը և 10-ամյա Անին, Մոսկվայում հաճախել են ռուսական դպրոց, միաժամանակ հայկական կիրակնօրյա դպրոց դասերի գնացել։ Այժմ գյուղական դպրոցում լեզվական որոշ դժվարություններ ունեն սովորելիս, բայց հայրն ասում է՝ ոչինչ, կհաղթահարեն.
«Առավոտից իրիկուն աշխատում են, սովորում են, որ հասցնեն բարձր գնահատականներ ստանալ»։
Լևոնը նշում է նաև մյուս պատճառը՝ ինչու վերադարձան Հայաստան.
«Կուզեմ աղջիկներս հայկական միջավայրում մեծանան ու իրենց ապագան կապեն Հայաստանի հետ»։
Հայրական Այգեձոր գյուղը Տավուշի մարզկենտրոնից՝ Իջևան քաղաքից 75 կմ հեռու է, բայց շատ մոտ՝ ադրբեջանական սահմանին։ Այստեղ մոսկովյան հարմարավետ կյանքին փոխարինելու է եկել հոգսաշատ, ինչ-որ տեղ նաև՝ վտանգներով լի կյանքը. Օրդյանների տունը հենց գյուղի ծայրին է, որտեղից մի քանի կիլոմետր այն կողմ Ադրբեջանի սահմանն է։
«Հայաստան վերադարձը մեզ համար դժվար էր։ Ճիշտ է՝ մենք ամեն ամառ գնում-գալիս էինք, բայց միևնույն է՝ երկար տարիներ Մոսկվայում ապրելուց հետո ծանր էր թողնել մայրաքաղաքային կյանքը, տեղափոխվել ռիսկի տակ գտնվող սահմանամերձ գյուղ», - նշում է Լևոն Օրդյանը։
Օրդյաններն Այգեձորում ծրագրել են թռչնաբուծական ֆերմա հիմնել։ Լևոնն ասում է՝ իրենց հոգսն այդ հարցում թեթևացրել է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը - Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։ Վերջինները Օրդյաններին են տրամադրելու մի քանի գլուխ հնդկահավ, որոնց պահելու համար ֆերմայի տարածքն արդեն գրեթե պատրաստ է։
«Ֆերման կառուցել եմ, 99 տոկոս պատրաստ է, երևի շուտով արդեն կսկսենք պահել թռչուններին։ Իմ այդ ֆերման հենց Ադրբեջանի սահմանին է, ու մեզ համար մեծ ռիսկ էր այդ քայլին դիմելը, բայց դե ինչ արած՝ ռիսկը գործի կեսն է, եթե ռիսկ չանենք, ո՞նց կապրենք, -նշում է Լևոն Օրդյանը: - Որոշել ենք հնդկահավ պահել, քանի որ այդ թռչնի միսը օգտակար է, ու Հայաստան հիմնականում ներկրում են»:
Լևոնը դեմ չէ, որ իրեն հայրենադարձ համարեն, դրանից վատ չի զգում, փոխարենը ուրախ է, որ հայրական տանն է, հարազատ միջավայրում: