Գեղանկարիչ գոբելենագործ Ալեքսան Բալայանը շնորհակալ է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը օգնության և աջակցության համար, առանց որի չէր կարող ոտքի կանգնել։
55-ամյա Ալեքսան Բալայանի վանաձորյան փոքրիկ արվեստանոցում գույները շատ են ու ամենուր. ցույց է տալիս՝ շուտով կավարտի երջանիկ կնոջ դիմանկարով գոբելենը։
«Սա Հոլանդիայի թագուհու դիմանկարն է։ Երբ սկսել էի աշխատել այս գործի վրա, Ամստերդամից եկան, նկարահանեցին՝ ինչպես է ստեղծվում այս դիմանկարը։ Մաքսիմա է կնոջ անունը», - հպարտությամբ պատմում է գեղանկարիչ գոբելենագործը։
Սակայն Ալեքսան Բալայանը հիշում է, որ ստեղծագործական ճանապարհը բավականին բարդ էր՝ լի մարտահրավերներով և դժվարություններով։
2013-ին «Արտ Էքսպո» մրցույթում Ալեքսանը Հայաստանի լավագույն գոբելենագործ է ճանաչվում, արժանանում մշակույթի նախարարի պատվոգրին և մրցանակին։ Այնուհետև լավագույն գոբելենագործ ճանաչված Բալայանը սկսում է բանակցել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ՝ տարածք ստանալու և գործունեություն ծավալելու համար։
Ասում է՝ հաջողությունից ոգևորված մտածում էր, թե երազանքը մոտ է, և շուտով Վանաձորում կկարողանա գոբելենի մասնագիտացված դպրոց բացել, սակայն նախկին քաղաքապետն ընդառաջ չի գնում, ու նրա հետ վեճից հիասթափված որոշում է հեռանալ Հայաստանից։
«Էդ իշխանությունից փախա, ինձ նման գիտե՞ք քանիսը թողեցին ու գնացին։ Ու շատերը՝ անվերադարձ», - ասում է նա։
2014-ին բռնեց արտագաղթի ճանապարհը՝ հայրենի Վանաձորից մեկնելով Հոլանդիա։
Սակայն մի կողմից ընտանիքի՝ երկու դուստրերի և կնոջ կարոտը, մյուս կողմից՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու իրական փոփոխությունների հույսը Ալեքսանին ստիպում են մտածել վերադարձի մասին։ Եվ նա երկրից հուսահատ հեռացած այլ բազմաթիվ մարդկանց նման 2019-ի ամռանը բռնում է հայրենիքի ճանապարհը։
Թեև նշում է, որ փախստականների համար նախատեսված ճամբարներում ծանր օրեր է ունեցել, սակայն հպարտությամբ է նշում ունեցած հաջողությունների մասին։ Պատմում է, որ օտարության մեջ անցկացրած հինգ տարվա ընթացքում կարողացել է հոլանդական միջավայրում ներկայացնել հայկական գոբելենային արվեստը, կազմակերպել ցուցահանդեսներ ու Հայաստան վերադառնալ Հոլանդիայում ստացած չորս պատվոգրով։
«Ճամբարից ճամբար եմ անցել, ապրել եմ ծանր պայմաններում, բայց շատ կարեկիցների օգնությամբ կարողացել եմ ստեղծագործել։ Բացում էի ցուցահանդեսներ ու կարողանում էի իմ գործերը վաճառել։ Իմ գալուց մարդիկ լաց էին լինում, չէին ուզում, որ հետ գամ Հայաստան», - պատմում է 55-ամյա գոբելենագործը։
Ընտանիքի կարոտը և նոր իրավիճակում երազանքն ի կատար ածելու հույսը գեղանկարչին բերել են Հայաստան։
«Ես, ճիշտ է, ապրում էի այնտեղ, բայց ինձ լիարժեք չէի զգում։ Ուզում եմ նոր սերնդին գոբելենագործություն սովորեցնել, ուզում եմ աշխատել, այնտեղ ես լիարժեք չէի կարողանում այդ ամենն անել»,- ասում է գեղանկարիչը։
Հայաստան վերադարձը, միևնույն է, չի կտրել կապը Հոլանդիայի հետ. վերջերս է մի քանի գործ ուղարկել Հոլանդիա՝ վաճառքի ու ցուցադրության։
«Ես Հոլանդիայում ծանոթացա մի քայլող լեգենդի՝ Հենք Հելմանթելի հետ (Henk Helmantel)։ Շատ հայտնի և տաղանդավոր նկարիչ է։ Շատ կուզեի, որ նա գար Հայաստան, ծանոթանար մեր երկրին», - ասում է Բալայանը և նշում՝ եթե կարողանա գումար կուտակել, անպայման կհրավիրի հոլանդացի գեղանկարչին Հայաստան։
Ալեքսանը նշում է, որ Հայաստանում խնդիրները դեռ շատ են, մատնացույց է անում այն հանգամանքը, որ թեև հեղափոխություն է տեղի ունեցել, սակայն շատ կառույցներում դեռևս շարունակում են պաշտոնավարել հին կադրերը՝ «հին մոտեցմամբ», ինչն անհնար է դարձնում մեծ փոփոխությունները։
Ասում է, որ շնորհակալ է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը օգնության և աջակցության համար, առանց որի չէր կարող ոտքի կանգնել.
«Ինձ շատ օգնեցին, ֆինանսավորեցին, որ կարողանամ հաստատվել, ինտեգրվել, ինչ-որ բան ստեղծել,- նշում է նա։ - Արվեստանոցի տարածքը վարձակալել եմ, աշխատում եմ, բայց վանաձորցի երեխաների ուսուցման կազմակերպման համար որոշ խնդիրներ են առաջացել։ Դեռ չեմ համարձակվում դիմել քաղաքապետին՝ մերժում ստանալու հեռանկարը զսպում է ինձ, սակայն հույս ունեմ, որ իրապես մի օր էլ մենք Վանաձորում իրական փոփոխություններ կունենանք»։