«Թխվածքաբլիթներից» դեպի պատշաճ սննդի տրամադրում․ Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնյաները Հայաստան են այցելել՝ տեսնելու ՄԱԿ-Ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) «Դպրոցական սնունդ» ծրագիրը
22 հոկտեմբերի 2022
Ռուսաստանյան պատվիրակությունը ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հետ միասին այցելեց Չարենցավանի և Թեղուտի դպրոցներ, ուր տարրական դասարանների ավելի քան 400 դպրոցական սնվում է առողջ։
ՌԴ ֆինանսների փոխնախարար պրն. Տիմուր Իգորևիչ Մաքսիմովն ու Միջազգային ֆինանսների վարչության պետ պրն. Պավել Վալերևիչ Սնիսորենկոն, ինչպես նաև միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովա Հայաստան են այցելել՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից բոլոր մարզերում ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրին, որն աստիճանաբար փոխանցվում է Հայաստանի կառավարությանը: Այցին միացել է նաև ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի նախագահ պրն․ Վլադիմիր Չերնիգովը։
Այցի գլխավոր նպատակն էր անձամբ տեսնել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ապահովության, մարդկային ռեսուրսների և համայնքների զարգացմանը միտված երկարաժամկետ ֆինանսական աջակցության արդյունքները: Այցի ընթացքում նրանք նաև ծանոթացան, թե ինչպես է «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել ներառական մոդել, որի շնորհիվ Հայաստանի 10 մարզերի 1-4-րդ դասարանցիները ձեռք են բերել մաքրության/հիգիենայի, բնապահպանության, առողջ սննդակարգի և առողջության հետ կապված հմտություններ ու գիտելիքներ:
Այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը ուղեկցեց ռուսաստանյան պատվիրակությանը՝ կիսվելու ծրագրի հաջող փորձով և ՀՀ կառավարության, Ռուսաստանի Դաշնության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև արժեքավոր համագործակցության ազդեցության արդյունքներով:
Ռուսաստանյան պատվիրակությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ միասին այցելեց Չարենցավանի և Թեղուտի դպրոցներ, ուր տարրական դասարանների ավելի քան 400 դպրոցականներ ամեն օր սնվում են տաք և առողջարար կերակուրներով:
Չարենցավանի դպրոցում ՊՀԾ-ն ցուցադրեց դպրոցական սննդի և խոհանոցային ենթակառուցվածքներում կատարված ներդրումները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել միջավայր փոխել և «թխվածքաբլիթներից» անցում կատարել երեխաներին պատշաճ սննդի տրամադրմանը, ինչպես նաև ցուցադրել տարիների նշանակալից նվաճումները: ՊՀԾ-ն Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI) փորձագետների աջակցությամբ սկսել է մարզ առ մարզ և դպրոց առ դպրոց արդիականացնել դպրոցական ճաշարանների և խոհանոցների ենթակառուցվածքները՝ քանդված և ոչ պատշաճ տեսքով տարածքները վերածելով հարմարավետ, լուսավոր և ժամանակակից սարքավորումներով հագեցած ճաշարանների:
«Դպրոցական սնունդ» ծրագրի կայունությունն ապահովելու նպատակով՝ ՊՀԾ-ն ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» փորձագետների հետ մշակել է տրանսֆորմատիվ մոտեցում, որը թույլ է տալիս դպրոցներին միրգ և բանջարեղեն աճեցնել՝ միաժամանակ ընդլայնելով դպրոցների կարողությունները և ծրագրում ներդնելով ժամանակակից, մաքուր և բնապահպանական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ հիդրոպոնիկ և կաթիլային ոռոգման համակարգերը, հակակարկտային ցանցերն ու արևային կայանները:
Թեղուտի դպրոցում երկու կառավարությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան տեսնելու ծրագրի վերափոխումը և հասկանալու թե ինչպես են դպրոցական գյուղատնտեսության մեջ ներդրումները նպաստում երեխաների՝ առողջ սնվելու սովորություններին, ներգրավվում համայնքները՝ ուսումնական հարթակ դառնալով երեխաների և համայնքների անդամների համար, ինչպես նաև ստեղծվում աշխատատեղեր, և վերջապես դպրոցների համար ծառայում որպես լրացուցիչ եկամտի աղբյուր:
ՊՀԾ-ն ինտեգրված մոտեցում է ցուցաբերում Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի նկատմամբ՝ նպաստելով առողջ սննդի հանրայնացմանն ու համայնքային զարգացմանը: Պատվիրակությունը կայցելի «Կենաց Հաց» Ամբողջահատիկի Ակադեմիա ուսուցման և ռեսուրսային կենտրոն և մեկ հացի փուռ, որոնց ՊՀԾ-ն աջակցություն է տրամադրել «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրի շրջանակում, որտեղ Տավուշի և Լոռու մարզերի երեխաները իրենց ընդմիջման ժամանակ ամբողջահատիկ ցորենից պատրաստված հաց են ուտում։