Մամուլի հաղորդագրություն

ԱՀԿ-ն Գլոբալ Հանդիպման շրջանակում մեկնարկում է Արագ արձագանքման բժշկական թիմերի 2030 թ․ ռազմավարությունը ՝ ամբողջ աշխարհում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու կարողությունները խթանելու նպատակով

05 հոկտեմբերի 2022

  • Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) 5-րդ գլոբալ հանդիպումը կներկայացնի նոր մոտեցումներ՝ ճգնաժամերին, այդ թվում նաև բնական աղետներին, հիվանդությունների բռնկումներին և հակամարտություններին ավելի արագ և արդյունավետ արձագանքելու համար:

Ամբողջ աշխարհում աճող առողջապահական արտակարգ իրավիճակների, այդ թվում շարունակվող COVID-19 համավարակի, կլիմայական ճգնաժամերի, Ուկրաինայում տևական պատերազմի ընթացքում, ԱՀԿ-ի վեց տարածաշրջանից ԱԱԲԹ-ների ցանցի ավելի քան 500 անդամ Երևանում է՝ այս շաբաթ ԱԱԲԹ 5-րդ գլոբալ հանդիպմանը մասնակցելու համար։  

Եռօրյա միջոցառումը ավելի քան 110 երկրներից ժամանած մասնակցիներին, որոնց թվում են ԱԱԲԹ-ներ, տեխնիկական փորձագետներ և մի շարք կազմակերպություններից միջազգային գործընկերներ հնարավորություն է տալիս անդրադառնալ բազմաթիվ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ընթացքում քաղված դասերին և նորարարական ու կյանք փրկող մոտեցումներին, ինչպես նաև քննարկել, թե ինչպես կարելի է հետագայում հզորացնել ԱՀԿ-ի կողմից աջակցվող ԱԱԲԹ նախաձեռնությանը:

«Հայաստանը ուրախ է հյուրընկալել այս շաբաթվա հանդիպումը՝ հատկապես հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը՝ սկսած 1988 թվականի սարսափելի երկրաշարժից, որը խլեց մինչև 25000 մարդու կյանք, մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում և վերջին էսկալացիան, որը թիրախավորել Է Հայաստանի Հանրապետության բնակավայրերը՝ պատճառ դառնալով մարդկային կյանքերի կորուստների։ Մեզ համար ԱԱԲԹ-ները առողջապահական ավելի լայն էկոհամակարգի կարևոր մաս են, և մենք երախտապարտ ենք ԱՀԿ-ին և մեր առողջապահական ու զարգացման բոլոր գործընկերներին իրենց փորձը կիսելու և տարածաշրջանային ու գլոբալ համագործակցության հարթակ ստեղծելու համար՝ օգնելով մեզ սովորել մյուսներից և կիսվել մեր փորձառությամբ», - նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ԱԱԲԹ ռազմավարություն 2030. ընդգրկուն ազդեցությամբ ներդրում է արտակարգ իրավիճակներին պատրաստված լինելու համար

ԱԱԲԹ 5-րդ գլոբալ հանդիպումը ուղենիշային է, քանի որ այն մեկնարկում է մինչեւ 2030 թվականը գլոբալ ռազմավարությունը` հաջորդ ութ տարիների համար ԱՀԿ ԱԱԲԹ դասակարգման և չափորոշիչների համաձայն արդյունավետ և բարձր կատարողականությամբ ազգային և տարածաշրջանային ԱԱԲԹ-ների ցանց զագացնելու համար: Ցանցի մասնակիցները ներդրում կունենան ԱԱԲԹ նախաձեռնության հետագա զարգացմանը, որը ձգտում է առաջնահերթություն տալ և բարձրացնել տեղական թիմերի կարողությունները՝ արձագանքելու համար արտակարգ իրավիճակներին և ամրապենդել ցանցը՝ անհրաժեշտության դեպքում տարբեր համատեքստերում աջակցություն ցուցաբերելու համար:

«Այն ժամանակ, երբ մենք ստեղծում ենք առողջապահական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման նոր և ավելի հզոր կառույց՝ արագորեն տեղակայվող առողջապահական արտակարգ իրավիճակներին արձագանքող գլոբալ թիմերը կենսական նշանակություն կունենան՝ հիմնվելով ԱԱԲԹ-ների փորձառության և կարողությունների վրա։ «ԱԱԲԹ ռազմավարություն 2030»-ը նախատեսում է մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երկիր կարող է արագ և արդյունավետ արձագանքել ազգային արտակարգ իրավիճակներին՝ օգտագործելով տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կարողությունները՝ աջակցելու խոցելի համայնքներին և կարիք ունեցող այլ անձանց», -  նշել է  ԱՀԿ գլխավոր տնօրեն Դր․ Թեդրոս Գեբրեյեսուսը՝ միջոցառման ընթացքում հանդես գալով բացման խոսքով ։

COVID-19-ը համավարակից քաղված դասեր

Շատ երկրներում երեք տարի շարունակվող COVID-19 համավարակն ստեղծել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու դժվար համատեքստ՝ մեծացնելով վարակի կանխարգելման ու վերահսկման և ծանր շնչառական վարակների դեպքերի վարման մասնագիտացված հմտությունների պահանջը: Ի պատասխան՝ ԱԱԲԹ ցանցը 67 երկրում աջակցություն տրամադրելու համար ներգրավել է շուրջ 200 միջազգային ԱԱԲԹ՝ ընդգծելով երկրում համավարակին արձագանքելու գործում աջակցող մասնագիտացված թիմերի դերակատարումը՝ զարգացնելով ազգային կարողությունները:

«Համավարակն իսկապես բացահայտեց ազգային մակարդակում արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների հզորացման, այդ թվում՝բարձր պատրաստվածություն ունեցող աշխատուժի, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիաներին և սարքավորումներին հասանելիության կարևորությունը։ Սակայն ճգնաժամը նաև լույս է սփռել ԱԱԲԹ-ների և ԱՀԿ-ի օպերատիվ արձագանքման այլ ճյուղերի միջև համագործակցության օգուտների, օրինակ Բռնկումների ահազանգման և արձագանքման գլոբալ ցանցի արագ արձագանքման շարժական լաբորատորիաների վրա, որոնք ընդլայնել են ԱԱԲԹ-ների կարողությունները դեպքերն ավելի արագ ախտորոշելու, բուժում և խնամք տրամադրելու համար։ ԱԱԲԹ-ները և շարժական լաբորատորիաները միախմբելը արդյունավետ է նաև հումանիտար ճգնաժամերի համատեքստում՝ առողջապահական արձագանքն ավելի արդյունավետ դարձնելով այն ոլորտներում, որտեղ առողջապահական հաստատություններն ու համակարգերը վտանգի են ենթարկվել, ինչպես նաև երբ երկրներն ընդունում են մեծ թվով փախստականներ՝ բուժօգնության  բազմաթիվ կարիքներով», - նշել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Պ. Կլյուգեն:

ԱԱԲԹ նախաձեռնության մասին. արագ զարգացող ցանց

ԱԱԲԹ-ները առողջապահական մասնագետների խմբեր են, որոնք ներառում են բժիշկներ, բուժքույրերը, բուժակներ, օժանդակող աշխատակազմ և նյութատեխնիկական ապահովման մասնագետներ, որոնք օգնություն են ցուցաբերում արտակարգ իրավիճակներից տուժած անձանց:

ԱԱԲԹ-ը նախաձեռնությունը ձևավորվել է 2010 թվականի Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ արագ վերածվելով որակյալ բժշկական թիմերի ընդգրկուն ցանցի՝ վերապատրաստված և պատրաստ արտակարգ իրավիճակներում անհապաղ աջակցություն տրամադրելու համար: Առայժմ ԱՀԿ-ի կողմից դասակարգված է 37 միջազգային թիմ, ևս մոտ 100-ը ներկայումս անցնում են դասակարգման գործընթաց՝ համատասխանելու համար արտակարգ իրավիճակներում բուժօգնություն տրամադրելու ամենաբարձր չափանիշներին։

Արտակարգ իրավիճակների ժամանակ, ԱԱԲԹ ցանցը մոբիլիզացվում է որպես ազգային արձագանքի մաս՝ բուժելով հիվանդներին, վերապատրաստելով և վերահսկելով շտապ բուժօգնության բուժաշխատողներին, խթանելով բժշկական արձագանքման տարբեր ճյուղերի միջև համակարգումը, հետևելով խնամքի և բուօգնության որակի սկզբունքներին ու չափանիշներին։  

WHO Risk Communication and Community Engagement Consultant

Հռիփսիմե Օհանյան

ԱՀԿ
Ռիսկերի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ