Պարենի համաշխարհային օրվան նվիրված համաժողովում քննարկվել են Հայաստանի ագրոպարենային համակարգի խնդիրներն ու հնարավորությունները
13 հոկտեմբերի 2022
Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համաժողով էր կազմակերպել։
Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համաժողով էր կազմակերպել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Համաժողովը հիմնված էր ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքների» վրա՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր եւ ավելի լավ կյանք բոլորի համար: Այն նպատակ ուներ քննարկել Հայաստանում պարենի և գյուղատնտեսության ոլորտներում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Միջոցառումը համախմբել էր հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, միջազգային և դոնոր համայնքի, հասարակական կազմակերպությունների, կրթական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչներին:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց․
«Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները կհանգեցնեն պարենային անվտանգության խնդիրների վերհանմանը, տնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումների նախանշմանը, սնուցման տեսանկյունից դիվերսիֆիկացված պարենի մատչելիության և հասանելիության մակարդակի բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակի վերլուծությանը, կառավարմանը և կանխատեսմանը»։
«Կայուն ագրոպարենային համակարգերով է պայմանավորված այն, թե ինչպես ենք մենք սնվում, ինչպես ենք մենք ապրում և որքան առողջ ենք մենք, և հետևաբար դրանք հանդիսանում են ավելի բարեկեցիկ ապագայի հիմնական շարժիչ ուժերը», - ասաց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: «Ագրոպարենային համակարգերի փոխակերպումը չափազանց կարևոր է, եթե մենք ցանկանում ենք կատարել մեր խոստումը` ապահովելու ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար», - ավելացրեց նա:
2022թ․ Պարենի համաշխարհային օրը նշվում է մի ժամանակահատվածում, որը բնութագրվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերներով, ներառյալ՝ շարունակվող համավարակը, հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, գնաճը և միջազգային լարվածությունը: Այս ամենն ազդեցություն է ունենում համաշխարհային պարենային անվտանգության վրա։ Աշխարհում սովի մատնվածների թիվը շարունակում է աճել․ 2021 թվականին այն հասել է 828 միլիոնի, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է շուրջ 46 միլիոնով և 2019 թվականից ի վեր՝ 150 միլիոնով:
Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ աշխարհի 150 երկրներում իրականացվող գործողությունները խթանում են իրազեկվածությունը և գործուն քայլերն ի շահ սովից տուժածների և նպատակ ունեն առողջ սննդակարգ ապահովել բոլորի համար։
Ժամանակն է աշխատել միասին և ստեղծել ավելի լավ, ավելի կայուն ապագա բոլորի համար: