«Էս ջուրը ոսկուց էլ թանկ ա»․ Գորիսում ոռոգման ջրագծերն արդեն պաշտոնապես աշխատում են
30 օգոստոսի 2022
ՊՀԾ-ի շնորհիվ Սյունիքի մարզի կարևորագույն խնդիրներից մեկը լուծում է ստանում․ Գորիսի տարածաշրջանում ոռոգման ջրագծերն արդեն աշխատում են։
«Էս ջուրը ոսկի ա, ոսկուց էլ թանկ ա», - նշում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ խոսելով մարզում տեղադրված նոր ոռոգման համակարգերի մասին։
30 տարի անց Սյունիքի մարզի կարևորագույն խնդիրներից մեկը լուծում է ստանում․ Գորիսի տարածաշրջանում ոռոգման ջրագծերն արդեն աշխատում են՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շնորհիվ։
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել վերջերս։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովի հետ կտրել է ջրագծի վրա ամրացված կարմիր ժապավենը՝ նշանավորելով ոռոգման սկիզբը։
2021թ․-ի վերջին ՊՀԾ-ն սկսել է իրականացնել ոռոգման ջրի ենթակառուցվածքի ծրագիր Սյունիքի մարզի չորս համայնքների 11 գյուղերում: Ավելի քան 35 կմ երկարությամբ ոռոգման ջրանցքների կառուցումը կոռոգի ավելի քան 1000 հեկտար հող՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը, ինչն էլ կբարձրացնի շուկայական հնարավորությունները ֆերմերների համար և հնարավորություններ կստեղծի արդյունավետորեն զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսությամբ:
Բացի այդ, Սյունիքում գյուղատնտեսական գործունեության տնտեսական կենսունակությունը խթանելու նպատակով ՊՀԾ-ն ներդրումներ է կատարում հատիկընդեղենի շահութաբեր արժեշղթայում: Նպատակն է տեղական համայնքներին հասանելի դարձնել ագրոբիզնեսին առնչվող սննդամթերք և գիտելիք, միևնույն ժամանակ աշխատանքի հնարավորություններ ընձեռելով տղամարդկանց և կանանց համար:
Ի պատասխան Հայաստանի հարավային մարզերում պարենային անապահով մարդկանց թվի աճին՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Կապան քաղաքում նոր գրասենյակ է բացել՝ ընդլայնելու Սյունիքի մարզում իր գործունեությունը։ ՊՀԾ-ն կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը որպես զբաղվածության աղբյուր՝ օգնելով ոռոգման համակարգերով և կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր:
Հեղինակ՝
Մարիամ Ավետիսյան
ՊՀԾ
Հաղորդակցության գծով օգնական
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ