ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նպաստում է գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների խթանմանը
11 օգոստոսի 2022
ՊԳԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին երկրի գյուղատնտեսության ոլորտում խոցելիության և ռիսկերի նվազեցմանն ուղղված ջանքերում։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների բարելավման կարողությունների հզորացում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր գործընկեր կառույցներին մանրամասն տեղեկություն տրամադրել ծրագրի նպատակների մասին և ընդհանուր մոտեցում ձևավորել դրանց սահուն իրականացման եղանակների շուրջ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հանդես եկան բացման խոսքով, որում կարևորեցին կլիմայի փոփոխությանը դիմագրավելու խիստ անհրաժեշտությունը՝ ներառյալ գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության ոլորտներում։
ՊԳԿ-ի տրամադրած 300 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի շնորհիվ ծրագիրն աջակցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բարելավելու ինստիտուցիոնալ կարողությունները և քաղաքականությունը, որոնք կնպաստեն վերոնշյալ ոլորտներում կլիմայական գործողությունների և Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ-ի ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացմանը։ Հայաստանի կառավարության խնդրանքով ՊԳԿ-ն կօգնի մշակել ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների բարելավման համար՝ վերանայված ԱՍԳ-ներին համապատասխան, զարգացնել թիրախային ոլորտներում կլիմայական գործողությունների իրականացման ինստիտուցիոնալ կարողությունները, մշակել գյուղատնտեսության ոլորտի՝ ԱՍԳ-ներին համապատասխան քաղաքականություն, ամրապնդել Հայաստանի 2020-2030թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը։
«Հայաստանի՝ ազգային մակարդակով սահմանված գործողություններն առանձնացնում են գյուղատնտեսության ոլորտը որպես կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելիներից մեկը՝ միաժամանակ ընդունելով գյուղատնտեսության ոլորտի դերը ջերմոցային գազերի արտանետումների մեջ և այն առանցքային ոլորտ համարելով կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դրա մեղմացման գործում: Որպես Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն՝ մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին երկրի գյուղատնտեսության ոլորտում խոցելիության և ռիսկերի նվազեցմանն ուղղված ջանքերում», - ասաց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։
Որպես լեռնային երկիր՝ Հայաստանը բնութագրվում է խոցելի էկոհամակարգերով, չոր կլիմայով, ակտիվ էկզոգեն և անապատացման գործընթացներով և հաճախակի բնական աղետներով: Հայաստանն ավելի զգայուն է դարձել կլիմայի փոփոխության ներկայիս և կանխատեսվող ազդեցությունների նկատմամբ: Ավելի տաք և երաշտի հակված միջավայրը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի էկոհամակարգերի կազմի զգալի փոփոխությունների, մասնավորապես՝ անջրդի հողատարածքների ընդլայնման, անտառների կորստի, գյուղատնտեսության արտադրողականության և տեսակների բազմազանության փոփոխության:
Ծրագիրը կիրականացվի 24 ամսվա ընթացքում: Առաջարկվող ժամանակացույցը ազգային պատասխանատու մարմիններին կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման առաջնահերթ ծրագրերի ու գործողությունների մշակման կարողությունների հզորացման հնարավորություն կտա՝ ծրագրերի մշակման ուսումնական դասընթացների, կլիմայի փոփոխության մենթորական ծրագրի հաստատման, առաջնահերթ ծրագրային գաղափարների ցանկի մշակման, ինչպես նաև կլիմայի փոփոխության ոլորտում ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով գործողությունների ծրագրի մշակման միջոցով, որոնք Հայաստանին կդիրքավորեն որպես տարածաշրջանում և աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկ։
Աշխատաժողովին մասնակցում էին անտառների կառավարման և կլիմայի փոփոխության նախաձեռնություններում ակտիվ դերակատարում ունեցող պետական ու ոչ պետական կառույցների` համապատասխան նախարարությունների, պետական այլ կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրթական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ: