Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի տեսաուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Այսօր նշում ենք Երիտասարդության միջազգային օրը, ինչպես նաև սերունդների միջև համագործակցության ուժը:
Այս տարի օրվա թեման է. «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար», որը հիշեցնում է պարզ ճշմարտություն. մեզ անհրաժեշտ է, որ բոլոր տարիքի մարդիկ՝ երիտասարդ և տարեց, միավորեն ջանքերը բոլորի համար ավելի լավ աշխարհ կառուցելու համար:
Շատ հաճախ տարիքային որևէ խմբի նկատմամբ ունեցած կանխակալ կարծիքը, կողմնակալությունն ու խտրականությունը խոչընդոտում են այս կարևոր համագործակցությանը: Երբ երիտասարդներին զրկում են իրենց կյանքին վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելուց, կամ երբ տարեցներին զրկում են լսված լինելու հնարավորությունից, բոլորս պարտվում ենք:
Համերաշխությունն ու համագործակցությունն այժմ անչափ կարևոր են, քանզի մեր աշխարհը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնք սպառնում են մեր հավաքական ապագային:
Մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ ՔՈՎԻԴ-19 համավարակից մինչև կլիմայի փոփոխություն ու հակամարտություններ, աղքատություն, անհավասարություն և խտրականություն, պետք է համախմբվենք՝ հասնելու Կայուն զարգացման նպատակներին և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ ապագա, որին բոլորս ձգտում ենք։
Պետք է աջակցենք երիտասարդներին՝ հսկայական ներդրումներ կատարելով կրթության և հմտությունների զարգացման մեջ, այդ թվում՝ հաջորդ ամիս կայանալիք Կրթության փոխակերպման գագաթաժողովի միջոցով:
Պետք է նաև աջակցենք գենդերային հավասարությանը և ընդլայնենք երիտասարդների՝ քաղաքացիական և քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունները:
Երիտասարդներին լսելը բավարար չէ. պետք է նրանց ներառենք տեղական, ազգային և միջազգային մակարդակներում որոշումների կայացման մեխանիզմներում:
Սա ՄԱԿ-ում երիտասարդության հարցերով նոր գրասենյակ ստեղծելու մեր առաջարկի հիմքում է ընկած։
Պետք է նաև ապահովենք, որ ավագ սերունդները հասանելիություն ունենան սոցիալական պաշտպանությանը և հնարավորություն ունենան արժանին մատուցելու իրենց համայնքներին և կիսվեն տասնամյակների ընթացքում կուտակված կենսափորձով։
Այս կարևոր օրը կոչ եմ անում տարբեր սերունդների ներկայացուցիչներին միավորվել՝ վերացնելու արգելքներն ու միասին աշխատել՝ բոլորի համար ավելի իրավահավասար, արդար և ներառական աշխարհ ունենալու համար: