Սարատովկայի և Քարկոփի երեխաներն այսուհետ վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան:
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանորոգել և կահավորել է կենտրոններին տրամադրված սենյակները, ինչպես նաև սանհանգույցները, իսկ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ընտրել և վերապատրաստել է դաստիարակներին, կենտրոնները հագեցրել կրթական նյութերով, խաղալիքներով, խաղերով: Տեղադրվել են նաև արևային մարտկոցներ՝ կրճատելու ջեռուցման հետ կապված և հետևաբար՝ պահպանման հետ կապված ծախսերը: Ծրագրի շրջանակում իրականացվել է դաստիարակների վերապատրաստում հատկապես տարբեր տարիքի երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանության թեմայով: Հընթացս, դաստիարակները լրացուցիչ աջակցություն և մասնագիտական ուղղորդում կստանան համայնքի կենտրոնում գործող ավանդական մանկապարտեզ մասնագետների կողմից: Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորություն են ստանձնել հոգալ կենտրոնների պահպանման ծախսերը, ներառյալ՝ դաստիարակների աշխատավարձերը:
«Որակյալ վաղ մանկական ուսումնառությունն ու խնամքը կյանքում հետագա հաջողությունների հիմնաքարն են՝ կրթության, բարեկեցության, զբաղվածություն ձեռք բերելու և սոցիալական ինտեգրման առումներով: Ավելին, տեղական համայնքներում վաղ մանկական ուսումնառություն և խնամքի հասանելիություն ապահովելով, մենք նաև ներգրավվելու և իրենց կարիքների վրա հիմնված քայլեր ձեռնարկելու նոր հնարավորություններ ենք ընձեռում կանանց», - նշել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։
Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի՝ մինչև 2030 թվականը Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի օգտվել այդ ծառայություններից, ավելին, դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում:
Գյուղական համայնքների համար նախատեսված նախադպրոցական կենտրոնների այս այլընտրանքային մոդելը մատչելի և արդյունավետ տարբերակ է Հայաստանի ողջ տարածքում կյանքի կոչվելու համար և արդեն նախադպրոցական կրթության պետական քաղաքականության անբաժանելի մասն է կազմում՝ արտացոլվելով 2021 թվականի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում:
«2022 թվականի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության աջակցությամբ հիմնադրել է 3 նոր նախակրթարան Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն և Խոզնավար համայնքներում և 2 նոր նախակրթարան Լոռու մարզի Անտառամուտ և Գեղասար գյուղերում: Այսօր ևս երկու կենտրոն հիմնելով Քարկոփում և Սարատովկայում՝ երկու քայլով առաջ ենք շարժվում դեպի համընդհանուր ընդգրկվածություն: Այդուհանդերձ, հանրապետության շուրջ 229 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում, ուստի առաջիկա տարիներին շարունակելու ենք աջակցել կառավարությանը ինչպես գյուղական համայնքներում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնման, այնպես էլ ընդհանուր առմամբ նախադպրոցական ծառայությունների շարքում վաղ տարիքի ծառայությունների զարգացման աշխատանքներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Այսօրվանից սկսած՝ Սարատովկա և Քարկոփ բնակավայրերերում ապրող 0-6 տարեկան շուրջ իննսուն երեխա հնարավորություն ստացավ իր իսկ բնակավյրում հաճախելու նախադպրոցական կրթության կենտրոն: Ավելին Քարկոպ բնակավայրում կառավարության կողմից ֆինանսավորված սուբվենցիոն ծրագրի շնորհիվ առաջիկայում այլընտրանքային ծառայությունը աստիճանաբար կփոխարինվի նախադպրոցական կրթության պետական ծրագրով:
Եվրամիության աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի ևս 18 փոքր գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ կհիմնի՝ 18 քայլով ավելի մոտենալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի երազանքներից մեկին, ԿԶՆ 4.2-ին և Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի նպատակներից մեկին. որակյալ նախադպրոցական կրթություն՝ յուրաքանչյուր երեխայի համար, ով էլ նա լինի, որտեղ էլ՝ ապրի: