Ամբողջահատիկի յուրօրինակ կենտրոն Իջևանում․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նոր նախաձեռնությունը
03 օգոստոսի 2022
Ամբողջահատիկի յուրօրինակ ուսումնական և ռեսուրսային կենտրոնը բացեց իր դռները այցելուների համար Իջևանում։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) երեկ նշեց իր նորաստեղծ ուսումնական և ռեսուրսային կենտրոնի բացումը, որը ստեղծվել է մարզում իրականացվող «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը ներառում է մի քանի բաղադրիչ՝ իրազեկման բարձրացումից մինչև կրթական արշավներ հաջողության հասնելու համար. շուրջ 200 մարդ խորացրել է ամբողջահատիկի մասին գիտելիքները և բարելավել հացաթխման հմտությունները: Բացի այդ, 71 ֆերմեր ստացել է 35.400 կգ ամբողջահատիկ ցորենի սերմացու և 2021 թվականին 120 հեկտարից ստացել է 425 տոննա ցորեն։
Միջոցառմանը ներկա էին ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ Դավիթ Գրիգորյանը և Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը։
Տկն․ Սկաուն իր խոսքում նշեց, որ կենտրոն կարող են այցելել բոլոր ցանկացողները՝ թե՛ տեղացիները, և թե՛ զբոսաշրջիկները և ոչ միայն համտեսել, այլև սեփական ձեռքերով պատրաստել ամբողջահատիկից հացամթերք։
«Վստահ ենք՝ այս կենտրոնը դրական արդյունք կցուցաբերի, ու նախադեպ կդառնա Հայաստանում նմանատիպ այլ կենտրոնների ստեղծման համար», - հավելել է նա։
«Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագիրը մեկնարկել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին։ ՊՀԾ-ն սկսել է աջակցել և ներդրումներ կատարել ամբողջահատիկի արժեշղթայում և մեծացնել ամբողջահատիկ հացի և հացաբուլկեղենի առկայությունը շուկայում: Ծրագրի նպատակն է նաև բարելավել մարդկանց շրջանում սննդային սովորությունները և նպաստել Հայաստանում պարենային համակարգերին:
ՊՀԾ-ն ներդրումներ է կատարել տեղական հինգ հացամթերքի արտադրամասերում՝ ապահովելով վառարաններով, արևային կայաններով, ամբողջահատիկ հաց թխելու տարբեր սարքավորումներով։ Տավուշի 75 դպրոցների շուրջ 7100 դպրոցականներ հնարավորություն են ստացել փոխարինել սպիտակ ցորենից պատրաստված հացամթերքը ավելի սննդարար և առողջ ամբողջահատիկ հացով։