Հաշվի առնելով, որ այս տարի առաջին անգամ ենք նշում Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրը, բոլորս պետք է հավաքական և համաձայնեցված գործողությունների դիմենք հիմնարար իրավունքների այս կոպիտ խախտումների դեմ պայքարում և տարածենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը, որում ասվում է.
«Ատելության խոսքը հարձակում է հանդուրժողականության, ներառականության, բազմազանության և մարդու իրավունքների նորմերի ու սկզբունքների էության վրա: Ավելի լայն իմաստով՝ այն խարխլում է սոցիալական համախմբվածությունը, քայքայում է ընդհանուր արժեքները և կարող է բռնության հիմք դնել՝ խոչընդոտելով խաղաղության, կայունության, կայուն զարգացման և մարդու իրավունքների ապահովմանը»:
Ամբողջ աշխարհում տեսնում ենք այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության անհանգստացնող մասշտաբների հասարակական աջակցություն: Սոցիալական մեդիան և հաղորդակցության այլ ձևերը օգտագործվում են որպես ատելություն սերմանելու հարթակներ: Հանրային քննարկումը քաղաքական նպատակներով օգտագործվում է սադրիչ հռետորաբանությամբ, որը խարանում և ապամարդկայնացնում է փոքրամասնություններին, միգրատներին, փախստականներին, կանանց:
Սա առանձին երևույթ չէ, կամ պարզապես արտառոց մարդկանց բարձր ձայն: Ատելության խոսքը կարող է արագ վերաճել խտրականության, թշնամանքի և բռնության հրահրման և կարող է վտանգի ենթարկել համայնքներին:
Ատելության խոսքին հասցեագրումը չի նշանակում սահմանափակել կամ արգելել խոսքի ազատությունը։ Ընդհակառակը, նշանակում է խրախուսել բաց երկխոսությունը և քննադատական խոսքը՝ հարգելով մարդկային արժանապատվությունը: Նշանակում է՝ հիշեցնել ինքներս մեզ համերաշխության և կարեկցանքի կարևորության մասին:
Ատելության խոսքի դեմ պայքարը առանցքային դեր ունի ՄԱԿ-ի զարգացման և խաղաղության օրակարգի առաջընթացի համար:
ՄԱԿ-ը բոլոր մակարդակներում՝ միջազգային, տարածաշրջանային և երկրի մակարդակով, ընդլայնում է իր ջանքերը ատելության խոսքի, կեղծ տեղեկատվության և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար՝ ներգրավելով կառավարություններին, խորհրդարանականներին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը, կանանց, երիտասարդներին և այլ շահագրգիռ կողմերի:
Որպես օրինակ՝ կրթությունը, ուսումնառությունը և քննադատական մտածողության կարողությունները հիմնական գործիքներն են, որոնք բոլորս կարող ենք օգտագործել՝ կառուցելու և ամրապնդելու ժողովրդավարական արժեքները, ինչպիսիք են մարդու իրավունքների հարգումը, բազմազանությունը, սոցիալական ներառումը, արդարությունը և գենդերային հավասարությունը:
Չլռե՛նք ատելության խոսքին առերեսվելիս. մեր ընդհանուր պարտականությունն է բարձրաձայնել և խթանել հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը՝ ի շահ մեր համայնքների, հասարակությունների և երկրների: