Տեղահանված երեխաները ֆուտբոլի միջոցով ընկերներ են ձեռք բերում հյուրընկալող համայնքներում
14 հունիսի 2022
Նկարագրություն՝ Տասնամյա Կատարինան մեկն է «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի մասնակիցներից, որը ֆինանսավորվել է ՈւԵՖԱ-ի կողմից և իրականացվում է ՀՖՖ-ի կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ-ի օժանդակությամբ։ Մարզում Մարտունիում, 2022 թ.:
Փախստականների համաշխարհային օրվան ընդառաջ` ՄԱԿ ՓԳՀ-ն նշում է տեղահանված երեխաների տոկունությունը, որոնք միավորվել են իրենց տեղացի ընկերների հետ ֆուտբոլ խաղալու։
2021 թ. մայիսին ՄԱԿ ՓԳՀ-ն և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարեցին իրենց համագործակցության մեկնարկի մասին, որի նպատակն էր՝ բարելավել սպորտի հասանելիությունը փախստականների համար և խթանել նրանց սոցիալական ներառումն ու ինտեգրումն ընդունող համայնքներում։
Անցած տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) սկսեց համագործակցել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի հետ՝ մշակելու ծրագրի առաջարկ՝ ՈՒԵՖԱ-ի «Ֆուտբոլը և փախստականները» դրամաշնորհային ծրագրին ներկայացնելու համար։ Արդյունքում մշակվեց «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» նախագիծը, որն ՈՒԵՖԱ-ն ընտրեց ֆինանսավորում հատկացնելու համար՝ նպատակ ունենալով ֆուտբոլի միջոցով խթանել փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված երեխաների ինտեգրումը։
Ծրագիրն այժմ բուռն ընթացքի մեջ է Հայաստանի վեց մարզերում. Կոտայք, Արմավիր, Արարատ, Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք։ Ներկայում շուրջ 150 երեխա, որոնց մեծամասնությունը տեղահանված է Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև տեղացի երեխաներ, ընդգրկվել են ֆուտբոլի թիմերում և հաճույքով մասնակցում են կանոնավոր պարապմունքներին, մրցումներին ու այլ միջոցառումներին, որոնք անց են կացվում տեղական մարզադաշտերում՝ համայնքի և ՀՖՖ-ի կողմից հանգամանորեն ընտրված համայնքային մարզիչների կողմից։
Նկարագրություն՝ ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակից Անահիտ Հայրապետյանը զրուցում է «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի մասնակիցների հետ, որը ֆինանսավորվել է ՈւԵՖԱ-ի կողմից և իրականացվում է ՀՖՖ-ի կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ-ի օժանդակությամբ։ Մարզում Մարտունիում, 2022 թ.։
Մարտունի կատարած ՄԱԿ ՓԳՀ – ՀՖՖ համատեղ այցի ժամանակ դիտեցինք երեխաներին խաղը, իսկ ընդմիջմանը զրուցեցինք նրանց և մարզիչների հետ։ ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է այս ծրագրի ջանքերը, որոնք ուղղված են տեղահանված և տեղացի երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքներին ֆուտբոլի շուրջ համախմբմանը՝ օգնելով նրանց ընկերանալ և սերտ շփումներ ձևավորել հյուրընկալող համայնքներում։ ՀՖՖ-ի հետ համատեղ դաշտային այցերը ՄԱԿ ՓԳՀ-ին ծրագրի դիտարկման և դրա ազդեցության գնահատման հիանալի հնարավորություն ընձեռեցին։ Այցերից մեկը Մարտունիի տեղի դպրոցներից մեկի սպորտադահլիճ էր, որտեղ դիտեցինք երեխաների խաղը և ընդմիջմանը զրուցեցին նրանց և մարզիչների հետ։
«Ես դեռ ոչ մի պարապմունք բաց չեմ թողել։ Մի անգամ, ձմռանը, այնքան էլ լավ չէի զգում, բայց մայրիկիս չասացի ու եկա ֆուտբոլի», – պատմեց մեզ տեղահանված տղաներից մեկը՝ Մանուկը։ «Ես չէի ուզում հեռու լինել իմ թիմից և նույնիսկ մեկ ֆուտբոլի խաղ բաց թողնել», – խորամանկ աչքով արեց մեզ նա։
Մեկ ուրիշ տղա՝ Վահեն, անհամբերությամբ ուզում էր մեզ իր մարզիչի մասին պատմել։
«Մենք մի շատ լավ մարզիչ ունենք՝ պարոն Կամոն։ Նա գիտի բոլոր հնարքները, թե ինչպես խաղանք և հաղթենք»։ Նրա ընկեր Արամը նույնպես արձագանքեց. «Պարոն Կամոն իսկական դասատու է, նա մեզ միշտ ասում է, թե որքան կարևոր է թիմային աշխատանքը, մեզ վստահություն է տալիս, որ մեր հույսը մեր ուժերի վրա դնենք, երբեք չհուսահատվենք և անհաջողությունից չվախենանք», – գնդակը ճարպկորեն ցանցի մեջ նետելով՝ ասաց նա։
Նկարագրություն՝ «Ֆուտբոլի շնորհիվ մենք գիտակցեցինք մեր ուժը, ավելի հայրենասեր դարձանք և սովորեցինք իրար թև ու թիկունք կանգնել» – ասում է բնիկ մարտունեցի Արեգը։
Երբ երեխաներին հարցրինք, թե ինչ է ֆուտբոլն իրենց համար, տղաները միմյանց հերթ չտալով սկսեցին թվարկել.
«Ֆուտբոլը կյանք է, զգոնություն, Հենրիխ Մխիթարյան, համբերություն», – ասում էին նրանցից շատերը։ «Հաղթանակ, ծանր աշխատանք, թիմային աշխատանք, համերաշխություն»,- բացականչում էին երեխաները։ Եվ նրանք միանգամայն անկեղծ էին. ֆուտբոլը նրանց միավորել էր եւ օգնել ընդհանուր նախաձեռնություններ ու նպատակներ ծրագրել։ «Ֆուտբոլը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր կյանքի բոլոր պրոբլեմները։ Ֆուտբոլի շնորհիվ մենք գիտակցեցինք մեր ուժը, ավելի հայրենասեր դարձանք և սովորեցինք իրար թև ու թիկունք կանգնել», – ասում է Արեգը, որը ծագումով Մարտունիից է։
Թիմում խաղում էին նաև երկու քույրեր՝ Անգելինան, 11 տարեկան և Կատարինան՝ 10։ Նրանք անչափ ոգևորված, գրեթե շնչակտուր խաղում էին՝ աշխատելով տղաներից հետ չմնալ։
«Կեցցե՛ք։ Դուք տղաներից լավ եք խաղում», – ասացի և մոտեցա՝ ընդմիջման ժամանակ նրանց ոգևորելու։ «Ֆուտբոլը հիանալի խաղ է։ Մեկ որ մտնում ես խաղի մեջ, արդեն քեզ պաշտպանված ու ապահով ես զգում, քանի որ մի ամբողջ թիմ է կանգնած թիկունքիդ», բացականչեց Անգելինան։ «Կամ էլ հակառակը. գալիս ես թիմիդ աջակցելու և ճակատագրական գոլ ես խփում», – ավելացրեց նրա կրտսեր քույրը՝ Կատարինան, որն անհամբեր սպասում էր, մինչև խաղալու հերթն իրեն էլ հասնի։
Նկարագրություն՝ Երկու քույրերը՝ Անգելինան և Կատարինան, մեծ ոգևորությամբ խաղում էին՝ աշխատելով տղաներից հետ չմնալ, 2022 թ., Մարտունի։
«Ֆուտբոլը թիմային խաղերից լավագույնն է։ Այն, հիրավի, ամենասիրված և հանրաճանաչ խաղերից մեկն է, որը կարող է միավորել երեխաներին, օգնել առողջ կենսաձև վարել և ընկերներ ձեռք բերել», – ասաց ՀՖՖ մասսայական ֆուտբոլի գծով ղեկավար Լալա Երիցյանը։
Մենք զրուցեցինք նաև մարզիչ Կամո Մոսոյանի հետ. ֆուտբոլի փորձառու մարզիչ, ով քսանհինգ տարուց ի վեր աշխատում էր Մարտունու սպորտդպրոցում, իսկ դրանից առաջ երկար տարիներ խաղում էր ֆուտբոլային ակումբում և դարպասապահ էր։
«Երբ թիմերը նոր-նոր էին ձևավորվել, երեխաներն այնքան ամաչկոտ էին, որ խելոք նստած ինձ էին լսում, ես էլ պատմում էին ֆուտբոլի և այն մասին, թե ինչ դեր կարող է վերջինս ունենալ իրենց կյանքում», – պատմում էր մեզ մարզիչը։ «Սկզբում մի քիչ մտահոգ էի, քանի որ առաջին անգամ էի աշխատում տեղահանությունից տուժած երեխաների հետ, որոնք այնտեղ էին թողել իրենց տները և դպրոցները, իրենց ընկերներին ու դասարանցիներին, ում հետ դպրոց էին հաճախել կամ բակում ֆուտբոլ խաղացել։ Ես ուժերս ծանրութեթև էի անում, նորարարական մեթոդներ մտածում, թե ինչպես գտնել տեղահանված երեխաների հետ աշխատելու լավագույն մոտեցումը», – շարունակում էր նա պատմել։ «Ես հաճելիորեն զարմացա, որ «համարվելու» ժամանակը շատ կարճ էր։ Նրանք շատ արագ ընկերացան և տարվեցին ֆուտբոլով», – հիացմունքով պատմում է մարզիչը։
Նկարագրություն՝ «Նրանք շատ արագ ընկերացան և տարվեցին ֆուտբոլով», հիացմունքով պատմում է մարզիչը։
Մենք պատանի ֆուտբոլիստների հետ մի ամբողջ հիանալի օր անցկացրինք։ Անզեն աչքով կարելի էր տեսնել տեղացի, տեղահանված երեխաների և նրանց մարզիչի միջև տիրող համերաշխության և նվիրվածության մթնոլորտը։ Երեխաները ոգևորված էին, անհոգնում խաղում էին ու վայելում, ինչպես նաև հպարտ էին, որ մենք՝ որպես երկրպագուներ հիացած ենք իրենց խաղով և այն թիմային աշխատանքով, որը ստեղծվել և զարգացել էր ֆուտբոլի շնորհիվ:
«Անկախ այն բանից, թե աշխարհի որ երկիրն եմ գնում՝ որպես ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ, լինեն փախստականների ճամբարներ, բնակավայրեր, քաղաքներ ու ավաններ, ես տեսնում եմ ֆուտբոլի՝ մարդկանց մեկ ընդհանուր կրքի շուրջ միավորելու գերբնական կարողությունը։ ՈՒԵՖԱ-ի հետ մեր գործընկերության միջոցով ցանկանում ենք տեսնել ֆուտբոլի ուժը՝ միավորելու տեղահանված մարդկանց և նրանց ընդունող համայնքներին», – ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդի։