Գեղարքունիքի մարզի տեղական իշխանություններն ու ֆերմերները Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել են կլիմայի անվտանգության ապահովման ոլորտում համայնքների կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր
15 հունիսի 2022
Զրուցակիցները քննարկել են պարենային անվտանգության, կենսապահովման միջոցների կորստի, կլիմայական աղետների, միգրացիայի և այլ թեմաների մասին հարցերի լայն շրջանակ։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն ու ՄԱԿ-ի այլ փորձագետներ հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետի հետ։ Նրանք անդրադարձ կատարեցին կլիմայի փոփոխության հետևանքով ավելի սրված անվտանգային խնդիրներին, որոնք ազդեցություն են ունենում պարենային անվտանգության վրա, ինչպես նաև բնական ռեսուրսների նկատմամբ գյուղատնտեսական արտադրության աճող մրցակցությանը, կենսապահովման միջոցների կորստին, կլիմայական աղետներին և միգրացիային վերաբերող խնդիրներին:
Այցը հնարավորություն տվեց անմիջականորեն տեղեկանալ կլիմայի անվտանգության մարտահրավերների մասին: Ներկայացվեցին համայնքների դիմակայունության ամրապնդմանն ուղղված առաջարկներ, ինչպիսիք են սահմանների ինքնիշխանության ապահովումը, հողօգտագործման նախապատրաստումը, ջրի կառավարման և ոռոգման ու խմելու ջրերի համակարգերի բարելավումը, սննդամթերքի արտադրության և լոգիստիկայի բարելավված համակարգերի միջոցով վառելիքի ծախսերի նվազեցումը, նորարարական և ծախսարդյունավետ գյուղատնտեսական պրակտիկաների ներդրումը և աշխատանքային հմտությունների համապատասխանեցումը:
Գեղարքունիքի մարզպետ պ-ն Սարգսյանն ընդգծեց կլիմայական անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների հրատապությունը՝ բնակչության կենսապահովումը բարելավելու, միգրացիան նվազեցնելու և մարզի զարգացումը խթանելու նպատակով: Նա նաև մեծապես կարևորեց ՄԱԿ-ի և այլ գործընկերների հետ համագործակցության արդյունավետ համակարգումը։
«Շատ ոգեշնչող էր լսել տեղական իշխանություններին, քաղաքացիներին և ֆերմերներին, ներառյալ՝ վերջերս տեղահանվածներին: Խնդիրները հստակորեն սահմանվեցին, և մենք հիմնավոր քննարկում ունեցանք դրանց լուծումների շուրջ, ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք աջակցել և հնարավորություն տալ նրանց՝ կայուն լուծումներ գտնել իրենց առջև ծառացած բազմապիսի մարտահրավերներին», - ասաց Լիլա Փիթրս Յահիան:
Տ-ն Նասոյանն իր հերթին ներկայացրեց Հայաստանում ՊԳԿ-ի 2021-25թթ․ առաջնահերթություններն ու Գեղարքունիքի մարզում իրականացվող աջակցության ծրագրերը։
«Աղքատությունն ու պարենային անապահովությունը սերտորեն փոխկապակցված են, և ՊԳԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու դրանք։ Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև բոլորի համար առողջ սննդի հնարավորության ապահովումը` չանտեսելով ոչ մեկին», - նշեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։