Մամուլի հաղորդագրություն

Նոր զեկույցի համաձայն՝ աջակցող տեխնոլոգիաների հասանելիության խնդիր ունեն դրանց կարիքն ունեցող գրեթե մեկ միլիարդ հաշմանդամություն ունեցող երեխաներ և անձինք, ինչպես նաև տարեցներ

20 մայիսի 2022

  • ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին, արտադրող ընկերություններին, դոնորներին և քաղաքացիական հասարակությանը՝ ֆինանսավորել և առաջնահերթություն տալ աջակցող տեխնոլոգիաների հասանելիությանը:

ԺՆԵՎ/ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20 մայիսի 2022 թ. - ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած նոր զեկույցը փաստում է, որ ավելի քան 2,5 միլիարդ մարդ կարիք ունի մեկ կամ մի քանի աջակցող միջոցների, ինչպիսիք են սայլակները, լսողական սարքերը կամ հավելվածները, որոնք օգնում են հաղորդակցությանը և ճանաչողությանը: Այդուհանդերձ, նրանցից գրեթե մեկ միլիարդին հասանելի չեն այդ միջոցները, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ կյանքի որակ փոխող այս միջոցների 3%-հասանելիություն կա:



Աջակցող տեխնոլոգիաների գլոբալ զեկույցն առաջին անգամ փաստեր է ներկայացնում աշխարհում աջակցող միջոցների  անհրաժեշտության և հասանելիության վերաբերյալ և մի շարք առաջարկություններ տալիս՝ ընդլայնելու դրանց հասանելիությունը, դրանց անհրաժեշտության մասին բարձրացնելու իրազեկության մակարդակը և ներառական քաղաքականություն իրականացնելու համար՝ բարելավելու միլիոնավոր մարդկանց կյանքը:



«Աջակցող տեխնոլոգիաները փոխում են կյանքի որակը. դրանք հաշմանդամություն ունեցող երեխաների առջև բացում են կրթության, հաշմանդամություն ունեցող մեծահասակ անձանց համար՝ աշխատանքի և սոցիալական շփումների դռները, իսկ տարեցների համար՝ ապահովում արժանապատիվ ինքնուրույն կյանք», - նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:  «Կյանքի որակը փոխող գործիքներից օգտվելու հնարավորություն մարդկանց չտալը ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլև տնտեսապես անհեռատես է: Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին՝ ֆինանսավորել և առաջնահերթություն տալ աջակցող տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը՝ բոլորի՛ն հնարավորություն տալով իրացնելու իրենց ներուժը»:



«Գրեթե 240 միլիոն երեխա հաշմանդամություն ունի: Երեխաներին զարգանալու համար անհրաժեշտ միջոցներ ունենալու իրավունքից զրկելը վնաս է հասցնում ոչ միայն առանձին երեխաներին, այլև նրանց ընտանիքներին և համայնքներին զրկում է այն ամենից, ինչին նրանք կարող էին օգուտ բերել, եթե բավարարվեին իրենց կարիքները», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը: «Առանց աջակցող տեխնոլոգիաների հասանելիության` հաշմանդամություն ունեցող երեխաները կշարունակեն կրթություն չստանալ, երեխաների աշխատանքի մեջ ներգրավվելու ավելի մեծ վտանգի տակ կլինեն և կշարունակեն ենթարկվել խարանի և խտրականության՝ մեծապես վնաս հասցնելով իրենց վստահությանն ու բարեկեցությանը»:



Զեկույցում նշվում է, որ մեկ կամ մի քանի աջակցող միջոցների կարիք ունեցող մարդկանց թիվը, ամենայն հավանականությամբ, մինչև 2050 թվականը կաճի մինչև 3,5 միլիարդ՝ կապված բնակչության ծերացման և ամբողջ աշխարհում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աճի հետ: Զեկույցը նաև ընդգծում է հասանելիության հսկայական բացը ցածր և բարձր եկամուտ ունեցող երկրների միջև: 35 երկրների վերլուծությունը փաստում է, որ հասանելիության մակարդակը տատանվում է 3%-ից մինչև 90% աղքատ երկրներ - հարուստ երկրներ հարաբերակցության մեջ:



Մատչելիությունը հասանելիության հիմնական խոչընդոտն է, նշվում է զեկույցում: Աջակցող միջոցներից օգտվող մարդկանց գրեթե երկու երրորդը հայտնել է, որ դրանք ձեռք բերելու համար իր գրպանից է վճարել: Մյուսները հայտնել են, որ ապավինում են ընտանիքին և ընկերներին՝ իրենց կարիքները ֆինանսապես հոգալու համար:



Զեկույցում ներկայացված 70 երկրներում անցկացված հարցումը փաստում է, որ ծառայությունների մատուցման և աջակցող տեխնոլոգիաների գործում հմտացած աշխատուժի մեծ բացեր կան, հատկապես ճանաչողության, հաղորդակցության և ինքնասպասարկման ոլորտներում: ԱՀԿ-ի կողմից հրապարակված նախորդ հարցումները փաստում են, որ հիմնական խոչընդոտներն են տեղեկացվածության պակասը և անմատչելի գները, ծառայությունների բացակայությունը, արտադրանքի անբավարար որակը, տեսականին և քանակը, ինչպես նաև գնումների և մատակարարման շղթայի մարտահրավերները:



Համարվում է, որ աջակցող միջոցների շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձիք մյուսներին հավասար մասնակցում են համայնքային կյանքին, իսկ առանց դրանց՝ նրանք կարող են իրենց անտեսված զգալ, մեկուսանալ, ապրել աղքատության մեջ, սովի բախվել, արդյունքում ՝ ընտանիքից, համայնքից և պետական աջակցությունից նրանց կախվածությունը կարող է ավելի մեծանալ:



Հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների դրական ազդեցությունը դուրս է գալիս անհատ օգտատերերի առողջության, բարեկեցության, մասնակցության և ներառման բարելավման շրջանակից. շահում են նաև ընտանիքները և հասարակությունները: Օրինակ՝ որակյալ, անվտանգ և մատչելի աջակցող միջոցների հասանելիության ընդլայնումը հանգեցնում է առողջապահական և սոցիալական ծախսերի կրճատմանն ու նպաստում է ավելի արդյունավետ աշխատուժ ունենալուն՝ անուղղակիորեն խթանելով տնտեսական աճը:



Հաշմանդամություն ունեցող երեխաների համար աջակցող տեխնոլոգիաների հասանելիությունը հաճախ առաջին քայլն է մանկության զարգացման, կրթության հասանելիության, սպորտով զբաղվելու և քաղաքացիական կյանքին մասնակցելու և իրենց հասակակիցների նման աշխատաշուկայի պահանջներին պատրաստվելու համար: Հաշմանդամություն ունեցող երեխաները լրացուցիչ դժվարություններ ունեն՝ կապված իրենց զարգացման հետ, ինչը ենթադրում է միջոցների կամ տեխնոլոգիաների հաճախակի կարգավորումներ կամ աջակցող միջոցների փոխարինում:



Հասանելիությունը բարելավելու նպատակով զեկույցում կոնկրետ գործողությունների առաջարկություններ են արվում, այդ թվում՝

  • Բարելավել հասանելիությունը կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերում
  • Ապահովել աջակցող միջոցների առկայությունը, անվտանգությունը, արդյունավետությունը և մատչելիությունը
  • Ընդլայնել, դիվերսիֆիկացնել և բարելավել աշխատուժի կարողությունները
  • Ակտիվորեն ներգրավել աջակցող տեխնոլոգիաներ օգտագործողներին և նրանց ընտանիքներին
  • Բարձրացնել հանրային իրազեկվածության աստիճանը և պայքարել խտրականության դեմ
  • Տվյալների և ապացույցների վրա հիմնված ոլորտային քաղաքականություն մշակել
  • Ներդրումներ կատարել հօգուտ հետազոտությունների, նորարարության և էկոհամակարգի բարելավման
  • Ներառել աջակցող միջոցների ապահովումը մարդասիրական արձագանքի ծրագրերում
  • Միջազգային համագործակցության շրջանակներում երկրներին տրամադրել տեխնիկական և տնտեսական աջակցություն:

Հայաստանում աջակցող միջոցների/տեխնոլոգիաների հասանելիությունը բարելավելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ, աշխատում է հետևյալի ուղղությամբ՝

  • Մշակել աջակցող միջոցների/տեխնոլոգիաների քաղաքականության շրջանակը, այդ թվում՝ ֆինանսավորման մեխանիզմները, վերանայել պետական բյուջեի շրջանակներում տրամադրվող աջակցող միջոցների ցանկը և մասնագիտական ծառայությունների մատուցման տեխնիկական բնութագրերը:
  • Նպաստել սոցիալական, կրթական և առողջապահական համակարգերի միջև համագործակցությանը աջակցող միջոցների միասնական և համակարգված տրամադրման նպատակով:
  • Ներառել տարատեսակ աջակցող միջոցների մասին տեղեկատվությունը և անհրաժեշտության գնահատումը հաշմանդամության գնահատման գործընթացի մեջ:
  • Աջակցել կրթական ծառայություններ մատուցողներին կրթական գործընթացում աջակցող միջոցների կիրառմանը և աջակցող միջոցների կիրառման առավելությունների մասին իրազեկվածության բարձրացմանը:
Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ