Անասնակերի և թռչնակերի տրամադրումն օգնում է սնունդ ապահովել երեխաների և նրանց ընտանիքների համար
10 մայիսի 2022
Հայաստանում գյուղական ընտանիքներին բնաիրային աջակցության ցուցաբերումն օգնում է դիմակայել COVID-19-ի պատճառած դժվարություններին։
Հայաստանի գյուղական վայրերում կյանքն իր գեղեկցությունն ունի, սակայն այն երբեք հեշտ չի եղել։ Գյուղաբնակների մեկ երրորդը աղքատության գծից ցածր է ապրում։ Իրավիճակն է՛լ ավելի է բարդացել COVID-19-ի հետևանքով, որն ավելի մեծ մարտահրավերներ է առաջացրել՝ սահմանափակելով առևտրի ու սեզոնային արտագնա աշխատանքի հնարավորությունները։ Միաժամանակ, զգալիորեն թանկացել են ամենօրյա օգտագործման ապրանքները, ինչի արդյունքում գյուղացիների համար ավելի դժվար է դարձել ծայրը ծայրին հասցնելը։
Եվ խնդիրը միայն մարդկանց կողմից սպառվող ապրանքների թանկացումը չէ։ Անասնակերի և թռչնակերի գների աճը գրեթե անհնար է դարձրել ընտանի կենդանիներ և թռչուններ պահելը, մինչդեռ դրանք մսի, կաթնամթերքի և ձվի կարևոր աղբյուր են բազմաթիվ ընտանիքների համար։
«Եթե Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը թռչնակեր չտրամադրեր, ես այս ձմեռ ոչ մի կերպ չէի կարողանա բավարար կեր ապահովել հավերիս համար», - ասաց Կարեն Վարդանյանը, որը երկու երեխաների հայր է։ Առանց այդ օգնության, նա ստիպված կլիներ նվազեցնել իր հավերի քանակը։
«Կազմակերպության տրամադրած 450կգ համակցված կերի շնորհիվ կարողացա պահել հավերիս, ավելացնել հավկիթների քանակն ու բարձրացնել դրանց որակը՝ հոգալով ընտանիքիս կարիքները», - ուրախությամբ ասաց Կարենը։ Նա ակնկալում է շուտով ավելի մեծ եկամուտ ստանալ հավկիթների վաճառքից, ինչի շնորհիվ կբարեկարգի հավաբունն ու կմեծացնի հավերի քանակը։
Կարենը Լոռու մարզից է, որտեղ բնակվող 67 կարիքավոր ընտանիքներ աջակցություն են ստացել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «LEAD» ծրագրից։ Այդ ընտանիքներին կովերի և հավերի համար բարձրորակ կեր է տրամադրվել։ Նախկինում Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ նրանց հղի երինջներ ու թռչուններ էին տրամադրվել։ Անասնակերի բաշխումն անչափ կարևոր դեր ունեցավ համավարակի ստեղծած խնդիրները հաղթահարելու գործում։
Թռչնակերի տրամադրումն օգնում է օգտակար սնունդ ու եկամուտ ապահովել
Օրվա ընթացքում մի քանի անգամ հավաբնից թարմ հավկիթներ վերցնելը Կարենի երեխաների՝ Վաչեի ու Նանեի սիրած զբաղմունքն է։ Հավկիթներն այս երեխաների ու նրանց ընտանիքի համար ոչ միայն օգտակար սնունդ են, այլև լրացուցիչ եկամտի աղբյուր։
Տարիներ առաջ ՊԳԿ-ն Վարդանյանների ընտանիքին հավեր ու թռչնակեր էր տրամադրել, և այդ օրից ի վեր նրանք ջանք չէին խնայել մեծացնելու թռչունների քանակը, որպեսզի շարունակեին հավկիթներ ու թռչնամիս ունենալ։
«Ձվածեղն ու հավի միսն իմ երեխաների սիրելի ուտեստներն են», - ասաց Կարենը։ - «Մենք ոչ միայն օգտակար սնունդ ենք ստանում, այլև վաճառում ենք այն՝ այլ անհրաժեշտ իրեր գնելու համար։ Անգամ հավկիթները փոխանակել ենք մրգատու ծառերի տնկիների հետ, որոնցից շուտով խնձոր, տանձ ու կեռաս կստանանք»։
Հոգատարությունը վարակիչ է
«ՊԳԿ-ի աջակցությունը ճիշտ ժամանակին ստացվեց», - ասաց Մխիթար Գևորգյանը։ «Մեր կովին որակյալ կեր տալը կավելացնի կաթնատվությունը, ինչից կշահեն ոչ միայն ընտանիքը, այլև փոքրիկ հորթուկը»։
Պուշկինո գյուղի շատ բնակիչների նման, այս ընտանիքը ևս ընտանեկան եկամտի կայուն աղբյուր չունի և ապավինում է այն սակավ ֆինանսական միջոցներին, որ նրանք ստանում են անասնապահությունից։ Վեց երեխաների հայր Մխիթարը գումար վաստակելու համար ամռանը հունձ է անում։ Տարվա մնացած եղանակներին ապրուստ հայթայթելն ավելի դժվար է լինում։
Անցած ձմեռ, երբ անասնակերի գինը կտրուկ բարձրացավ, Մխիթարը չկարողացավ բավարար քանակությամբ կեր գնել իր կովի համար։ Բարեբախտաբար ՊԳԿ-ն աջակցություն ցուցաբերեց՝ 2400կգ խոտ և 720կգ համակցված կեր, ինչն օգնեց պահել կովերին։
Մխիթարի որդուն՝ չորս տարեկան Վարդանին ու իր քույրերին ու եղբայրներին շատ էր ուրախացրել Շեկոյի ծնունդը։ Շեկոն նախկինում ՊԳԿ-ի կողմից տրամադրված կովի նորածին հորթուկն է։ Վարդանն ու մյուսները սիրում ու խնամում են հորթուկին։ Նրանք վստահ են, որ երբ հորթուկը մեծանա, կօգնի թեթևացնել ընտանիքի կարիքները։
Մխիթարի ընտանիքը կովի կաթից մածուն ու պանիր է պատրաստում՝ բարելավելու երեխաների սնունդը։ Հիմա նա ծրագրում է ավելացնել կովերի քանակը՝ ընտանեկան եկամուտը մեծացնելու նպատակով։
«Հույս ունեմ, որ հետագայում ես էլ այնքան ապահովված կլինեմ, որ կկարողանամ ուրիշներին օգնել, ինչպես այս կազմակերպությունն օգնեց ինձ», - ասաց Մխիթարը։
Անասնակերի ու թռչնակերի բաշխման մասին՝ համառոտ
Այս նախաձեռնությունը «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի բաղադրիչներից է։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանն ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում։ Այս քառամյա ծրագիրը կենտրոնանում է նշված մարզերում Եվրոպական միության LEADER մեթոդաբանության տեղայնացման վրա։ Այն աջակցում է համայնքների զարգացմանը նպաստող նախաձեռնություններին՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի ջանքերը:
Անասնակերի ու թռչնակերի բաշխման ծրագրից օգտված 67 ընտանիքներին նախկինում անասուններ և թռչուններ էին տրվել ՊԳԿ-ի «Նպաստ+» նախաձեռնության շրջանակում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորված «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի միջոցով։ Վերջինս նպատակ ուներ փորձարկել նորարարական մոտեցումներ՝ աջակցելու սոցիալական աջակցության պետական ծրագրին։