ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը Երկիր մոլորակի միջազգային օրվա առթիվ
Այսօր Երկիր մոլորակի միջազգային օրն է։
Սա հնարավորություն է մտածելու, թե ինչպես է մարդկությունը վերաբերվում մեր մոլորակին։
Ճշմարտությունն այն է, որ մենք մեր փխրուն տան վատ պահապաններն ենք եղել։
Այսօր Երկիր մոլորակը կանգնած է եռակի համամոլորակային ճգնաժամի առաջ։
Կլիմայի փոփոխություն:
Բնության և կենսաբազմազանության կորուստ:
Աղտոտվածություն և թափոններ:
Այս եռակի ճգնաժամը սպառնում է ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց բարեկեցությանն ու գոյատևմանը։
Երջանիկ, առողջ կյանքի բաղադրիչները՝ մաքուր ջուրը, մաքուր օդը, կայուն և կանխատեսելի կլիման, նվազել են՝ վտանգելով Կայուն զարգացման նպատակների իրագործումը:
Բայց դեռ հույս կա։
Հիսուն տարի առաջ գումարվեց Ստոկհոլմի կոնֆերանսը:
Դա համաշխարհային բնապահպանական շարժման սկիզբն էր։
Այդ ժամանակից ի վեր հասկացել ենք, թե ինչի կարող ենք հասնել, երբ միավորում ենք ջանքերը։
Մենք կրճատել ենք օզոնային շերտի անցքը։
Ուժեղացրել ենք վայրի բնության և էկոհամակարգերի պաշտպանությունը։
Վերացրել ենք էթիլացված վառելիքի կիրառումը՝ կանխելով միլիոնավոր վաղաժամ մահեր:
Եվ անցած ամիս շրջադարձային գլոբալ քայլեր ենք ձեռնարկել՝ կանխելու և դադարեցնելու պլաստիկ աղտոտումը:
Ապացուցել ենք, որ միասին կարող ենք հաղթահարել մեծ մարտահրավերները:
Եվ առողջ միջավայր ունենալու իրավունքը գնալով տարածվում է:
Բայց պետք է շատ ավելին անենք: Եվ շատ ավելի արագ:
Հատկապես կլիմայական աղետը կանխելու համար։
Պետք է սահմանափակենք մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 աստիճան։
Մենք հեռու ենք նախանշված նպատակին հասնելուց։
Այս նպատակին հասնելու համար կառավարությունները մինչև 2030 թվականը պետք է կրճատեն արտանետումները 45 տոկոսով և հասնեն ածխածնի չեզոքության մինչև 2050 թվականը:
Խոշոր արտանետողները պետք է այս տարվանից կտրուկ կրճատեն վնասակար նյութերի արտանետումները:
Նշանակում է՝ պետք է արագ դադարեցնել հանածո վառելիքից կախվածությունը:
Եվ արագացնել անցումը մաքուր վերականգնվող էներգիայի աղբյուրներին:
Միևնույն ժամանակ, պետք է արագ ներդրումներ կատարենք՝ միտված հարմարվողականությանը և դիմակայունությանը, հատկապես ամենաաղքատ և խոցելի խավերի համար, ովքեր ամենաքիչն են նպաստել ճգնաժամին:
Հունիսին ամբողջ աշխարհի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն Շվեդիայում կայանալիք «Ստոկհոլմ+50» համաժողովին։
Եկեք երաշխավորենք, որ մեր ղեկավարները վճռականություն ցուցաբերեն և ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ մեր մոլորակի վրա ստեղծված եռակի արտակարգ իրավիճակը կարգավորելու համար։
Քանի որ ունենք միայն մեկ Մայր Երկիր մոլորակ:
Պետք է ամեն ինչ անենք նրան պաշտպանելու համար: