Կլիմայի կանաչ հիմնադրամից ստացված 10 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի և 8,7 միլիոն դոլար համաֆինանսավորման շնորհիվ ծրագիրը երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և բնապահպանական արդյունքներ կունենա։ Կկիրառվեն այնպիսի կառույցների ռեսուրսներն ու փորձը, ինչպիսիք են Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգը և Բնության համաշխարհային հիմնադրամը: Ծրագիրը իրականացնում են ՊԳԿ-ն և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։
Նկարագրություն՝ «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովի մասնակիցները։
Աշխատաժողովին մասնակցում էին անտառների կառավարման և կլիմայի փոփոխության նախաձեռնություններում ակտիվ դերակատարում ունեցող այնպիսի պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Ֆինանսների և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունները, դրամաշնորհատու կառույցները, ծրագիրն իրականացնող գործընկերները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, կրթական կենտրոններն ու մասնավոր հատվածը:
Նկարագրություն՝ Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հանդես եկավ ելույթով։
«Մեզ համար առանցքային նշանակություն ունի ոլորտի դերակատարների ներգրավումը ծրագրում։ Ուրախ ենք, որ համապատասխան նախարարություններից, հասարակական կազմակերպություններից, գիտահետազոտական կենտրոններից ու միջազգային կազմակերպություններից փորձագետների բազմազան խումբ է ներգրավվել այս ծրագրի տարբեր փուլերում՝ սկսած նախագծումից։ Նպատակը` իրականացվող ծրագրի նկատմամբ սեփականատիրական մոտեցումն առավելագույնի հասցնելն է ազգային մակարդակում», - ասաց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։
Կլիմայի փոփոխության տեսանկյունից Հայաստանը շատ խոցելի է։ Համաշխարհային բանկը տեղեկացնում է, որ վերջին տասնամյակների ընթացքում եղանակային արտակարգ իրավիճակների (օրինակ՝ փոթորիկներ, ձնաբուք և ջերմային ալիքներ) թվի բացահայտ աճ է գրանցվել: Ներկայիս կլիմայական միտումները կանխատեսում են ապագայում միջին ջերմաստիճանի բարձրացում, տեղումների, գետերի հոսքի և ձյան ծածկույթի նվազում: Միաժամանակ բնակչությունը մեծապես կախված է վառելափայտից, ինչը կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն անտառներն է՛լ ավելի խոցելի է դարձնում:
Անտառների զարգացման այս ութամյա ծրագիրը նպատակ ունի Հայաստանում անտառածածկույթն ավելացնել 2,5 տոկոսով, իսկ գյուղական համայնքներում վառելափայտի պահանջարկը նվազեցնել առնվազն 30 տոկոսով: Ծրագիրը նաև ձգտում է մեծացնել բնական ռեսուրսները կառավարող համայնքների դերը, բարելավել վառելափայտի կառավարումը և անտառային հումքից ստացվող ապրանքների ու ծառայությունների արտադրությունը:
Նկարագրություն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ելույթ ունեցավ աշխատաժողովի ընթացքում։
Ծրագիրը կիրականացվի Լոռու և Սյունիքի մարզերում։ Վերջիններս ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակներից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունից՝ ի լրումն անտառային կարևոր էկոհամակարգերի վրա հնարավոր ազդեցության:
Ծրագրում կիրառվող մոտեցումը համեմատաբար նոր է Հայաստանում անտառների կայուն կառավարման տեսանկյունից և կարող է որպես մոդել կիրառվել ողջ երկրում՝ խթանելով ցածր արտանետումներով զարգացումը: