Համաշխարհային պարենային անվտանգության ապահովման նոր սցենարներ՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում
Քյու Դոնգյու, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն:
Անցյալ երկու տարիների ընթացքում COVID-19-ը բազմաթիվ մարտահրավերներ է նետել համաշխարհային պարենային անվտանգությանը։ Այսօր Ռուսաստանում և Ուկրաինայում տեղի ունեցողը ևս մեկ կարևոր մարտահրավեր է։ Ռուսաստանը և Ուկրաինան էական դերակատարություն ունեն պարենամթերքների արտադրության և մատակարարման գործում։ Ռուսաստանն աշխարհում ցորենի ամենամեծ արտահանողն է, իսկ Ուկրաինան՝ հինգերորդ ամենախոշորը։ Միասին նրանք ապահովում էին աշխարհի՝ գարու մատակարարման 19%-ը, ցորենի՝ 14%-ը, իսկ եգիպտացորենի՝ 4%-ը, ինչը կազմում է աշխարհի հացահատիկային արտահանումների մեկ երրորդից ավելին։ Նրանք նաև հլածուկի առաջատար մատակարարներն են, և նրանց բաժին է ընկնում աշխարհում արևածաղկի ձեթի արտահանման շուկայի 52%-ը։ Համաշխարհային մակարդակում պարարտանյութերի մատակարարման շուկան նույնպես խիստ կենտրոնացած է, ընդ որում, այստեղ խոշորագույն արտադրողը Ռուսաստանն է։
Ուկրաինական և ռուսական հացահատիկեղենի, հլածուկի և արևածաղկի արտադրության մատակարարման շղթաների և լոգիստիկ կարգավորումների խաթարումները և Ռուսաստանից արտահանումների սահմանափակումներն էական ազդեցություններ կունենան պարենային անվտանգության տեսանկյունից։ Սա հատկապես վերաբերելի է մոտավորապես հիսուն այն երկրների համար, որոնց ցորենի մատակարարումը 30%-ով կախված է Ռուսաստանից և Ուկրաինայից մատակարարումներից։ Նրանցից շատերը նվազ զարգացած կամ ցածր եկամուտ, սննդային դեֆիցիտ ունեցող հյուսիս-աֆրիկյան, ասիական և մերձավորարևելյան երկրներ են։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրներ պարարտանյութերի ավելի քան 50%-ը ներկրում են Ռուսաստանից, և այդ երկրներում դեֆիցիտը կարող է տևել մինչև հաջորդ տարի։
Պարենամթերքի գները, որոնք 2020թ․ երկրորդ կեսից ի վեր արդեն աճի միտում ունեին, 2022թ․ փետրվարին հասել են երբևէ ամենաբարձր մակարդակին՝ բարձր պահանջարկի, հումքի և տրանսպորտային ծախսերի և նավահանգիստներում բեռնափոխադրումների խաթարումների պատճառով։ Ցորենի և գարու համաշխարհային գները, օրինակ, 2021թ․ ընթացքում բարձրացել են 31%-ով։ Հլածուկի և արևածաղկի ձեթերի գները բարձրացել են ավելի քան 60%-ով։ Բարձր պահանջարկի և բնական գազի գների տատանումների պատճառով պարարտանյութերի գները նույնպես բարձրացել են։ Օրինակ՝ միզանյութի՝ հիմնական ազոտական պարարտանյութի գինը վերջին 12 ամիսների ընթացքում բարձրացել է ավելի քան երեք անգամ։
Դեռևս պարզ չէ, թե ինչ ինտենսիվություն կունենա հակամարտությունը և որքան կտևի։ Հիմնական ապրանքներ արտահանող այս երկու խոշոր երկրներում գյուղատնտեսական գործունեության հավանական խաթարումները կարող են լրջորեն սրել պարենային անապահովության վիճակն աշխարհում՝ հաշվի առնելով, որ պարենամթերքի և հումքի միջազգային գներն արդեն իսկ բարձր են և անկայուն։ Հակամարտությունը կարող է նաև սահմանափակել Ուկրաինայում գյուղատնտեսական արտադրությունը և գնողունակությունը, ինչը տեղական մակարդակում կհանգեցնի է’լ ավելի մեծ պարենային անապահովության։
Ռիկսի հիմնական հատկորոշված գործոնները
Հացահատիկի բերքը բերքահավաքի համար պատրաստ կլինի հունիս ամսին։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք Ուկրաինայի ֆերմերները կկարողանա՞ն հավաքել բերքը և հանել այն շուկա։ Բնակչության զանգվածային տեղահանումների պատճառով կրճատվում է գյուղատնտեսության ոլորտում աշխատողների թիվը։ Գուցե դժվար լինի ֆիզիկական հասանելիություն ունենալ գյուղատնտեսական մշակովի դաշտերին։ Անասնաբուծությունը և թռչնաբուծությունը, ինչպես նաև մրգերի և բանջարեղենների արտադրությունը նույնպես ավելի սահմանափակ կլինի։
Սևծովյան ուկրաինական նավահանգիստները փակվել են։ Անգամ եթե ցամաքային բեռնափոխադրումների ենթակառուցվածքները սարքին լինեն, երկաթգծով հացահատիկների փոխադրումն անհնար կլինի, քանի որ երկաթուղային համակարգը չի գործում։ Նավերը թերևս կարող են տարանցիկ ուղիներով անցնել թուրքական նեղուցներով, որոնք առևտրային կարևոր հանգույց են. այս նեղուցներով մեծ քանակությամբ ցորենի և եգիպտացորենի բեռներ են անցնում։ Սևծովյան տարածաշրջանում փոխադրումների ապահովագրական վճարների բարձրացումը կարող է է՛լ ավելի թանկացնել բեռնափոխադրումների արդեն իսկ բարձր գները, որոնք կգումարվեն պարենամթերքի ներկրումների ծախսերին։ Բացի այդ, դեռ պարզ չէ, թե արդյո՞ք պահեստավորման ենթակառուցվածքները և վերամշակման գործարանները սարքին կլինեն և աշխատակիցներ կունենան, թե՞ ոչ։
Սևծովյան ռուսաստանյան նավահանգիստները դեռևս բաց են, և կարճաժամկետ կտրվածքով գյուղատնտեսական արտադրության որևէ խաթարում չի ակնկալվում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի դեմ սահմանված ֆինանսական պատժամիջոցները էական արժեզրկման են հանգեցրել, ինչը, եթե շարունակվի, կարող է վնասել արտադրողականությանը և աճին և, վերջին հաշվով, է՛լ ավելի բարձրացնել գյուղատնտեսական արտադրանքի գները։
Ռուսաստանը համաշխարհային էներգետիկ շուկայում խոշոր խաղացող է, որին բաժին է ընկնում ածխի համաշխարհային արտահանումների 18%-ը, նավթի՝ 11%-ը և գազի՝ 10%-ը։ Գյուղատնտեսության ոլորտին էներգիա է հարկավոր վառելիքի, գազի, էլեկտրականության, ինչպես նաև պատվաստանյութերի, թունաքիմիկատների և քսանյութերի տեսքով։ Անասնակերի և անասնակերի բաղադրանյութերի արտադրության համար նույնպես էներգիա է հարկավոր։ Ներկայիս հակամարտությունը հանգեցրել է էներգիայի գների կտրուկ աճի, ինչը բացասական հետևանքներ կունենա գյուղատնտեսության ոլորտի վրա։
Ցորենը հիմնական պարենամթերք է աշխարհի բնակչության ավելի քան 35%-ի համար, իսկ ներկայիս հակամարտությունը կարող է հանգեցնել թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից ցորենի արտահանումների հանկարծակի և կտրուկ կրճատման։ Դեռ պարզ չէ, թե արդյոք այլ արտահանողները կկարողանա՞ն լրացնել այս բացը, թե՞ ոչ։ Կանադայում ցորենի պաշարներն արդեն նվազում են, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Արգենտինայից և այլ երկրներից արտահանումները հավանաբար կսահմանափակվեն, քանի որ կառավարությունը կփորձի ապահովել մատակարարումն ազգային մակարդակում։
Ցորենի ներկրումների վրա հիմնվող երկրներն, ամենայն հավանականությամբ, կմեծացնեն ներկրումների ծավալները՝ համաշխարհային մատակարարումների վրա ճնշումներն է՛լ ավելի մեծացնելով։ Եգիպտոսը, Թուրքիան, Բանգլադեշը և Իրանն աշխարհում ցորենի խոշորագույն ներկրողներն են և իրենց անհրաժեշտ ցորենի ավելի քան 60%-ը գնում են Ռուսաստանից և Ուկրաինայից։ Ընդ որում, այս բոլոր երկրները դեռ չիրականացված ներկրումներ ունեն։ Ցորենի մատակարարումների համար Լիբանանը, Թունիսը, Եմենը, Լիբիան և Պակիստանը նույնպես էականորեն հիմնվում են այս երկու երկրների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի վրա։ Եգիպտացորենի համաշխարհային առևտուրը հավանաբար կկրճատվի՝ բարձր գների պատճառով և այն ակնկալիքներից ելնելով, որ Ուկրաինայից արտահանումների կորուստը չի լրացվի այլ արտահանողների կողմից։
Արևածաղկի ձեթի և այլ այլընտրանքային բուսայուղերի համար արտահանումների հեռանկարները նույնպես անորոշ են։ Արևածաղկի ձեթի խոշոր ներկրողները, այդ թվում՝ Հնդկաստանը, Եվրոպական միությունը, Չինաստանը, Իրանը և Թուրքիան պետք է գտնեն այլ մատակարարների կամ այլ բուսական յուղեր, ինչը կարող է, օրինակ, երկրորդային ազդեցություն ունենալ արմավենու, սոյայի և հլածուկի յուղերի առումով։
Քաղաքականությունների մշակմանն ուղղված առաջարկություններ
1. Բաց պահել պարենային եւ պարարտանյութերի համաշխարհային առեւտրի շրջանակը։ Բոլոր հնարավոր ջանքերը պետք է գործադրել՝ ազգային և համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով պահպանելու արտադրության և մարքեթինգային գործողությունների մակարդակը։ Մատակարարման շղթաները պետք է շարունակեն գործել, ինչը կնշանակի պաշտպանել հացահատիկի բերքի, անասնաբուծական, սննդամթերքի մշակման ենթակառուցվածքները և այլ լոգիստիկ համակարգերը։
2. Գտնել պարենի նոր եւ բազմազան մատակարարներ։ Ռուսաստանից և Ուկրաինայից պարենային ներկրումներից կախվածություն ունեցող երկրները պետք է որոնեն այլընտրանքային մատակարարներ՝ ցնցումը մեղմելու համար։ Նրանք պետք է նաև հույսը դնեն պարենի գոյություն ունեցող պաշարների վրա և բազմազանեցնեն ազգային արտադրությունը՝ ապահովելով առողջ սննդակարգերին հասանելիությունը մարդկանց համար։
3. Սատարել խոցելի խմբերին, այդ թվում՝ ներքին տեղահանված անձանց։ Կառավարությունները պետք է ընդլայնեն սոցիալական ապահովության ցանցերը՝ խոցելի անձանց պաշտպանելու համար։ Ուկրաինայում միջազգային կազմակերպությունները պետք է նախաձեռնող լինեն՝ օգնելու հասանելիություն ունենալ կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Ամբողջ աշխարհում շատ ավելի շատ մարդիկ կհայտնվեն աղքատության և սովի մեջ հակամարտության պատճառով, և մենք պետք է տրամադրենք ժամանակին և լավ թիրախավորված սոցիալական պաշտպանության ծրագրեր։
4. Խուսափել պահի ազդեցության տակ քաղաքականության միջոցով հակազդումներից։ Պարենի մատակարարումն ապահովելու միջոցառումներ ձեռնարկելուց առաջ կառավարությունները պետք է նկատի առնեն միջազգային շուկաների հավանական ազդեցությունները։ Կարելի է օգտվել ներկրումային սակագների նվազեցման և արտահանումների կրճատման հնարավորություններից՝ լուծելու առանձին երկրների պարենային անվտանգության մարտահրավերները կարճաժամկետ կտրվածքում, սակայն հարկ է նկատի ունենալ, որ դա կարող է հանգեցնել համաշխարհային շուկայում գների աճին։
5. Ուժեղացնել շուկայի թափանցիկությունը եւ երկխոսությունը։ Համաշխարհային շուկայի վիճակի մասին թափանցիկության ավելի մեծ մակարդակն ու հավելյալ տեղեկությունները կարող են օգնել կառավարություններին և ներդրողներին կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ գյուղատնտեսական ապրանքների շուկաների անկայունության պարագայում։ Օրինակ՝ Մեծ 20-յակի (G20) Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգի (ԳՇՏՀ) նման նախաձեռնությունները մեծացնում են այդպիսի թափանցիկությունը՝ շուկայի՝ ժամանակին և օբյեկտիվ գնահատումներ իրականացնելով։