ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տոնում է Դպրոցական սննդի միջազգային օրը Հայաստանում
11 մարտի 2022
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները նշել են Դպրոցական սննդի օրը։
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ Ռուսաստանի Դաշնության Ճյուղային Սննդի ինստիտուտը (SIFI), ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, նշել են Դպրոցական սննդի օրը։ Աբովյանի թիվ 8 դպրոցում անցկացված միջոցառումը համախմբել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարրական դասարանների դպրոցականներին և նրանց ծնողներին։
ՊՀԾ-ն Հայաստանում 2012 թվականից իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ամեն օր ավելի քան 100,000 դպրոցականների ապահովելով տաք և սննդարար կերակուրներով:
Միջոցառման ընթացքում կարևորվել է ՊՀԾ-ի՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի գործունեությունը Հայաստանում: Երեխաները և նրանց ծնողները մասնակցել են ֆլեշմոբների և խաղերի`նախատեսված ծանոթացնելու անառողջ սննդակարգի վնասակար հետևանքների և բալանսավորված, սննդարար կերակուրների կարևորության հետ:
«Այսօր մենք նշում ենք «Դպրոցական սնունդ» ծրագրի մեր համատեղ ձեռքբերումները և բարձրացնում ենք սննդարար դպրոցական սննդի և մեր երեխաների առողջության համար դրանց կարևորության մասին իրազեկվածությունը», - նշել է Աբովյանի թիվ 8 դպրոցի տնօրեն Լուսինե Բաղդասարյանը, - «Դպրոցական սնունդը տրանսֆորմատիվ դեր է խաղացել երեխաների բարեկեցության մեջ և օգնել է փոխել նրանց սննդային սովորությունները: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին, այդ թվում՝ ՊՀԾ-ին, Կառավարությանը, ծնողներին և մեր համայնքին, ովքեր միավորել են իրենց ջանքերը և դրանք ներդրել են մեր երեխաների զարգացման գործում»։
«Դպրոցական սնունդը վճռորոշ նշանակություն ունի երեխաների բարեկեցության համար։ Բացի այդ, այն բարելավում է սովորելու կարողությունները՝ սեփական ներուժն օգտագործելու և, ի վերջո, կյանքի ընթացքում պոտենցիալ պրոդուկտիվությունը բարձրացնելու համար», - շեշտել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։ ։ «Հայաստանի կառավարության հետ հաջող համագործակցության շնորհիվ «Դպրոցական սնունդը» դարձել է առաջատար ծրագիր, որն ի վերջո նպաստում է երեխաների պարենային ապահովությանը ողջ երկրում»։
Հայաստանում Դպրոցական սննդի միջազգային օրվա տոնակատարության շրջանակում, ՊՀԾ-ն և գործընկերները հրավիրում են բոլոր ծնողներին իրենց տարրական դասարանների երեխաների հետ մասնակցելու առցանց քվեստին, որին կհաջորդի հաղթողների մրցանակաբաշխությունը:
Աբովյանի թիվ 8 դպրոցը Կոտայքի մարզի 89 դպրոցներից մեկն է, որը ներկայում ՊՀԾ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի մաս է կազմում: Նախատեսվում է, որ մինչև 2022 թվականի դեկտեմբերն այս դպրոցները ևս կհանձնվեն ՀՀ կառավարության վերահսկողությանը։ Ութ մարզ արդեն իսկ աստիճանաբար հանձնվել է պետության վերահսկողությանը՝ ծրագրի կայունությունն ապահովելու համար։ Ծրագրի հաջող ազգայնացման արդյունքում Հայաստանի կառավարությունը վերջերս ստորագրել է մտադրությունների նամակ և միացել է «Դպրոցական սնունդ» համաշխարհային կոալիցիային: