ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Կանանց միջազգային օրը ամենուր նշում ենք կանանց և աղջիկների ներդրումը COVID-19 համավարակի դադարեցման գործում:
Նրանց գաղափարները, նորարարությունները և ակտիվությունը, որ փոխում են մեր աշխարհը դեպի լավը:
Եվ նրանց առաջնորդությունը կյանքի բոլոր ոլորտներում:
Բայց նաև գիտակցում ենք, որ չափազանց շատ ոլորտներում կանանց իրավունքների ժամացույցը հետ է շարժվում:
Համավարակի պատճառով աղջիկներն ու կանայք չեն հաճախում դպրոց և չեն գնում աշխատավայր:
Նրանք առերեսվում են աղքատության և բռնության աճին:
Ամբողջ աշխարհում նրանց բաժին է ընկնում չվճարվող, բայց կարևոր խնամքի աշխատանքի մեծ բաժինը:
Նրանք բռնության և դաժան վերաբերմունքի օբյեկտներ են՝ միայն իրենց սեռական պատկանելության պատճառով:
Բոլոր երկրներում կանայք ամոթալի կերպով քիչ են ներկայացված ուժային օղակներում և գործարար համայնքի ղեկավար մակարդակում:
Եվ, ինչպես հիշեցնում է մեզ այս տարվա թեման, նրանք կրում են կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի աստիճանական վատթարացման հիմնական ծանրությունը:
Ժամանակն է, որ այս պահից սկսած՝ Կանանց միջազգային օրը, ժամացույցի սլաքները յուրաքանչյուր կնոջ ու աղջկա ճակատագրում շարժվեն միայն առաջ:
Յուրաքանչյուր աղջկա համար որակյալ կրթություն երաշխավորելու միջոցով, որպեսզի կարողանան կառուցել իրենց կյանքը ինչպես ցանկանում են և օգնել աշխարհը դարձնել ավելի լավ վայր բոլորիս համար:
Կանանց վերապատրաստման և արժանապատիվ աշխատանքի մեջ հսկայական ներդրումների միջոցով:
Արդյունավետ քայլերի միջոցով վերջ դնելով գենդերային բռնությանը:
Մեր մոլորակը պաշտպանելուն միտված համարձակ գործողությունների միջոցով:
Սոցիալական պաշտպանության համակարգում խնամքի ծառայությունների համընդհանուր ընդգրկումը ապահովելու միջոցով:
Եվ թիրախավորված միջոցառումների միջոցով, ինչպիսիք են գենդերային քվոտաները, որպեսզի մենք բոլորս կարողանանք օգուտ քաղել կանանց գաղափարներից, փորձից և առաջնորդությունից՝ ամենուր, որտեղ որոշումներ կայացվեն:
Գենդերային անհավասարությունը, ըստ էության, իշխանության հարց է աշխարհում և մշակույթում, որտեղ գերիշխում են տղամարդիկ:
Ուժերի հարաբերակցությունը պետք է փոխել:
Միավորված ազգերի կազմակերպությունում՝
կենտրոնակայաններում և ամբողջ աշխարհում բարձրագույն ղեկավարության մեջ հասել ենք գենդերային հավասարության՝ բարելավելով մեր աշխատանքը և ավելի լավ ներկայացնելով այն համայնքները, որոնց ծառայում ենք:
Մեզ պետք են ավելի շատ կին բնապահպանության նախարարներ, գործարար առաջնորդներ, նախագահներ ու վարչապետներ: Նրանք կարող են երկրներին դրդել լուծել կլիմայական ճգնաժամը, զարգացնել «կանաչ աշխատատեղերը» և կառուցել ավելի արդար ու կայուն աշխարհ:
Մենք չենք կարող դուրս գալ համավարակից, եթե գենդերային հավասարությունը խորհրդանշող ժամացույցի սլաքները հետ շարժվեն:
Մենք պետք է ժամանակի սլաքներն առաջ տանենք կանանց իրավունքների հարցում:
Գործելու ժամանակն է: