Ուսումնական դասընթացը կօգնի կանխարգելել, պայքարել և վերացել մանր եղջերավոր կենդանիների վարակիչ հիվանդությունները
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է աշխատաժողով՝ ինը երկրների, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչների համար։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ այսօր մեկնարկած եռօրյա աշխատաժողովում սևծովյան ավազանի ինը երկրների ներկայացուցիչները տեղեկություններ են ստանում այն մասին, թե ինչպես ռիսկերի գնահատման վրա հիմնված մոտեցումների միջոցով կանխարգելել, պայքարել և վերացնել մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը (Peste des Petits Ruminants (PPR)), որը խիստ վարակիչ հիվանդություն է և անցնում է նաև ոչխարներին ու այծերին։
Առցանց միջոցառումը ներառում է տեղեկություններ հիվանդության, համաճարակաբանության, ռիսկի գործոնների և կառավարման, ռիսկի վերլուծության և քարտեզագրման, կենդանիների նույնականացման և հետագծման ազգային համակարգերի կարևորության, ինչպես նաև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունից (ԿԱՀԿ / OIE) պաշտոնապես մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից զերծ լինելու մասին կարգավիճակ ստանալու գործընթացի մասին: Մասնակից ինը երկրների ներկայացուցիչները կդասակարգեն նաև այս հիվանդության հնարավոր դեպքերի ռիսկի գործոնները և կծանոթանան մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի վերահսկման և վերացման համաշխարհային ռազմավարության փուլային մոտեցմանը։
«Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտն ազդում է կենսապայմանների, սնուցման և պարենային անվտանգության վրա` խոչընդոտելով գյուղական բնակավայրերի սոցիալական ու տնտեսական կայունությունը», - ասաց ՊԳԿ կենդանիների առողջության հարցերով տեխնիկական խորհրդատու Դանիել Բելտրան-Ալկրուդոն։ «Թեպետ ներկայում հիվանդության դեպքերը գրանցվել են միայն Կենտրոնական Ասիայում և Թուրքիայում, մյուս երկրները ևս պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն և պատրաստվեն հնարավոր դեպքերին: Այս աշխատաժողովը քայլ է դեպի այդ գործընթացը»:
Մասնակիցների շարքում են Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի PPR գծով համակարգողները, համաճարակաբաններ, անասնապահության ոլորտի զարգացման պատասխանատուներ և լաբորատորիաների համակարգողներ։ Այս երկրները մասնակցում են նաև ՊԳԿ հետազոտական նախագծին, որն իրականացվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքի ինքնավար համալսարանի հետ համագործակցությամբ և նպատակ ունի բացահայտել ՝ սևծովյան ավազանի երկրներում տարածման ավելի մեծ հավանականություն ունեցող մանր եղջերավորների հինգ հիվանդությունների, այդ թվում՝ ժանտախտի, ռիսկի գործոնները և տարածքները, ինչը կօգնի հիվանդության ռիսկի մեղմացմանն ուղղված գործողությունների վերաբերյալ ավելի խելամիտ ու ծախսարդյունավետ որոշումներ կայացնել։
«Աշխատաժողովը նախատեսված էր պետությունների կողմից ներկայացված ուսումնական կարիքների բավարարման, ռիսկի վերլուծության և քարտեզագրման բացթողումները լրացնելու, ինչպես նաև երկրներին մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից զերծ լինելու պաշտոնապես ճանաչմանը հասնելու գործում աջակցելու համար», - հավելեց ՊԳԿ-ԿԱՀԿ PPR քարտուղարության ներկայացուցիչ Քամիլա Բենֆիլդը։
Աշխատաժողովի ուսումնական ծրագիրը մշակվել է նաև մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի վերահսկման և վերացման համաշխարհային ռազմավարության իրականացմանն աջակցելու մտադրությամբ, որով նախատեսում է մինչև 2030 թվականը վերացնել հիվանդությունը, ինչպես նաև բարելավել անասնաբուժական ծառայություններն ու նվազեցնել մանր եղջերավորների այլ ծանր վարակիչ հիվանդությունների հետևանքները։ Ի լրումն այդ ամենի, միջոցառմանը ներկայացվեց նաև հետևյալ չորս փուլերի օգնությամբ համաճարակաբանական ռիսկի մակարդակների նվազեցման և հիվանդության կանխարգելման ու վերահսկման մեծացման փուլային գործընթացը՝ գնահատում, վերահսկում, վերացում և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից զերծ լինելու մասին կարգավիճակի պահպանում։
«Peste des Petits Ruminants»-ը, որը հաճախ անվանում են ոչխարների և այծերի ժանտախտ, սպառնում է փոքր եղջերավորների գլոբալ պոպուլյացիայի 80 տոկոսին։ Հիվանդության դեպքում մանրէն կարող է տարածվել հոտի ավելի քան 90 տոկոսի մոտ և ոչնչացնել վարակված կենդանիների 30-70 տոկոսին։ PPR վիրուսը մարդկանց չի անցնում: