Նոր իրականություն՝ նոր հնարավորություններ ֆերմերների համար
Հայ ֆերմերները սովորում են օգտվել թվային հարթակներից՝ շուկա մուտք գործելու համար:
Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, Հայաստանը նույնպես մեծապես տուժեց COVID-19-ով պայմանավորված առողջապահական, տնտեսական և ֆինանսական ազդեցություններից։ Երկիրը համավարակի ճիրաններում հայտնվեց 2020 թվականի գարնանը, երբ գյուղատնտեսական աշխատանքներն ուր որ է, պետք է մեկնարկեին։
Կարեն Գաբրիելյանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչ է։
Կարենն ապրում է իր ութսունամյա ծնողների, կնոջ, որդու և վերջինիս ընտանիքի հետ միասին, ընդհանուր՝ 8 անձով։ Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, ունեն 3.5 հա հող, որտեղ ծիրան, կեռաս, արևածաղիկ, ցորեն ու ծնեբեկ են աճեցնում։
Կարենը մասնագիտությամբ գիտնական-ագրոնոմ է, ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և ակտիվորեն մասնակցում է ՊԳԿ-ի կողմից կազմակերպված դասընթացներին և աշխատաժողովներին։ Նա երբեք չի դադարում սովորել, նոր բաներ է փորձարկում, ուրիշներին սովորեցնում։
Կարենը առաջինն էր Հայաստանի այն գյուղատնտեսներից, որոնք դեռևս հեռավոր 1998 թվականին սկսեցին ծնեբեկ աճեցնել, երբ դեռ շատ քչերն էին նույնիսկ լսել այդ բույսի մասին։ Նա գիտեր, որ սկզբում շատ դժվար է լինելու վաճառել գրեթե անծանոթ ու անհայտ բույսը, բայց, միևնույն է, որոշեց փորձել՝ սկսելով ընդամենը 350 քմ տարածքից։ Այժմ Կարենը ծնեբեկ է աճեցնում շուրջ 3500 քմ տարածքի վրա։
Կարենի խոսքերով՝ COVID-19-ը մազաչափ անգամ չի վատթարացրել իր կյանքը։
«Մենք սովորեցինք մի նոր իրականության մեջ ապրել և շարունակեցինք աշխատել, աճեցնել ու տոկալ», - ասում է Կարենը։ «Դժվարությունները մարդկանց միավորում են, դարձնում նրանց ավելի ուժեղ ու հնարամիտ։ Հենց նույն սկզբունքով էլ ես սովորեցի թվային հարթակներից օգտվել՝ օրինակ, իմ արտադրած մթերքը վաճառելու համար»։
Կորոնավիրուսի տարածումից առաջ Կարենը և Հայաստանի գյուղական վայրերի ֆերմերներից շատերն իրենց արտադրանքը տեղական շուկաներում էին իրացնում կամ էլ մեծաքանակ վաճառում Երևանի սուպերմարկետներին։ Այժմ, տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, Կարենը որոշեց ֆեյսբուքը որպես մարքեթինգի հարթակ օգտագործել։ Առցանց աշխարհում ունենալով ավելի քան 5000 ընկեր, նրա համար գնորդ գտնելն առանձնակի դժվարություն չէր ներկայացնում։
«Հիմա ես ավելի շատ գնորդ ունեմ, քան երբևէ։ Երբեմն նույնիսկ ապրանքի պակասորդ է առաջանում, քանի որ օրեցօր ավելի ու ավելի շատ մարդ է ցանկանում ձեռք բերել իմ աճեցրած ծնեբեկը, կեռասը կամ ծիրանը», - ժպիտով ավելացնում է Կարենը։ «Իմ մշտական հաճախորդներից ոմանց հետ արդեն ընկերներ ենք դարձել, միասին արշավների ենք գնում, տարբեր միջոցառումների մասնակցում, իհարկե, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները»։
Նա կարծում է, որ անգամ COVID-19-ի հետ կապված իրավիճակի բարելավումից հետո կշարունակի օգտվել թվային գյուղատնտեսության գործիքներից ու ընձեռած հնարավորություններից։
Կարենն այս կետում կանգ չի առնում, որպես պարեն արտադրող հերոս՝ նա դեռևս բազմաթիվ հետաքրքիր ու երկարաժամկետ նպատակներ ունի իրագործելու, որոնցից ամենաստեղծարարն իր հայրենի մարզում ագրոտուրիզմի զարգացումն է։
Մեր աշխարհին ավելի ու ավելի շատ Կարեններ են անհրաժեշտ՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք ունենալու համար։
Մեր գործողությունները մեր ապագան են։