2021 թ. Փախստականների համաշխարհային օր և «Միասին մենք...» քարոզարշավ
Այս տարվա Փախստականների համաշխարհային օրն անցավ «Միասին մենք կարող ենք հասնել ամեն բանի» կարգախոսի ներքո:
ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) և իր գործընկեր «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հյուրընկալող համայնքների և տեղահանված ընտանիքների հետ կազմակերպել էին մի շարք միջոցառումներ՝ տեղահանված երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների, կառավարության, ընդունող համայնքների, ՄԱԿ-ի մշտական համակարգողի և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներից մեկը տեղի ունեցավ Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում։
Կենտրոնը, որն իր տանիքի տակ է առել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 35 ընտանիքի (80 մարդ), ներկայում վերանորոգվում է և կահավորվում կահույքով ու համակարգիչներով, ինչն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ-ի տրամադրած ֆինանսական միջոցներով։
Իրենց բացման ելույթներում պետական պաշտոնյաները երախտագիտության խոսք ուղղեցին ՄԱԿ ՓԳՀ-ին՝ ՀՀ կառավարությանը ժամանակին և չափազանց կարևոր աջակցություն ցույց տալու համար, որի շրջանակում տրամադրվեց մարդասիրական օգնություն, ամրապնդվեցին ընդունող համայնքների ու տեղական կառույցների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին ապաստանելու և օժանդակելու կարողությունները։
Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն տվեց ներկայացնելու Փախստականների համաշխարհային օրվա գլխավոր ուղերձները, տեղեկանալու հյուրընկալող համայնքի հաջողություններին և մարտահրավերներին, հանդիպելու տեղահանված ընտանիքների հետ, վայելելու մանկական համերգը և մտերմիկ զրույց ունենալու տեղահանված ընտանիքների ու հյուրերի հետ։
Փախստականների համաշխարհային օրվա միջոցառման կարևորագույն իրադարձությունը տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների մասնակցությամբ նորարարական նկարչական բացօթյա մրցույթն էր, որը կազմակերպվել էր «Իմ սիրելի վայրն իմ հյուրընկալող համայնքում» և «Միասին մենք...» խորագրերի ներքո։
Նկարչական մրցույթը միավորել էր մի խումբ տեղահանված և տեղացի երեխաների, որոնք այգին լցրել էին իրենց ամառային խինդով ու զվարթ տրամադրությամբ:
Երեխաներն իրենց մտքերը, երազանքներն ու նվիրական ցանկություններն էին պատկերել ստվարաթղթե տուփերի վրա, որոնք այսուհետ կծառայեն որպես իրենց հայրենիքից բերած կամ Հայաստանում ստացած նվերների փոքրիկ գաղտնատուփ։
Նրանք նկարել էին իրենց նոր տունը, եկեղեցիներն ու լեռները, ծառերն ու ծաղիկները, արևն ու լուրթ երկինքը, Հայաստանում իրենց հարազատ դարձած վայրերը, Սևանա լիճն ու իրենց հայրենիքը, խաղալիքներն ու սիրելի իրերը։
Մենք ներշնչված ենք աշխարհի տարբեր երկրների ու Հայաստանի փախստականների քաջությամբ, ուժով, տոկունությամբ և վճռականությամբ։
Եկեք շնորհակալություն հայտնենք նաև աշխարհի բոլոր տեղահանված երեխաներին և մեր հիացմունքն արտահայտենք առ այն ձգտումը, որ նրանք դրսևորում են սովորելու և ստեղծագործելու նկատմամբ, առ այն ամենը, ինչ իրենց հետ բերել են և ինչ ձեռք են բերել այստեղ՝ իրենց տուն դարձած Հայաստանում։
Մենք ապաքինվում ենք միասին, երբ ստանում ենք անհրաժեշտ խնամքը։
Մենք սովորում ենք միասին, երբ սովորելու հնարավորություն ենք ստանում։
Մենք փայլում ենք միասին, երբ դառնում ենք մեկ թիմ ու փոխադարձ հարգանք ենք դրսևորում։
«Փախստականների համաշխարհային օրվա առթիվ իմ երախագիտությունն եմ հայտնում փախստականներին գրկաբաց ընդունող երկրներին։ Եվ եթե ցանկություն ունենք միասնաբար քայլելու դեպի առավել ներառական ապագա, որը զերծ է խտրականությունից, ապա մեզ անդամ պետությունների, մասնավոր հատվածի, համայնքների ու անհատների կողմից ավելի մեծ աջակցություն է հարկավոր». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ։
Փախստականների համաշխարհային օրը և յուրաքանչյուր օր մենք կանգնած ենք փախստականների կողքին։