Պարեն և գյուղատնտեսություն. Հայաստանում կայուն զարգացման Օրակարգ 2030-ին հասնելու բանալի
2015 թ. Սեպտեմբերի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամ պետություններ ընդունեցին «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ը, որի հիմքում դրվեցին կայուն զարգացման 17 նպատակներ (ԿԶՆ-ներ)՝ 169 թիրախներով և 232 ցուցանիշներով՝ ուղղորդելու կառավարությունների, միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների գործողությունները՝ մինչև 2030 թվականը կայուն զարգացման հասնելու նպատակով։
«Օրակարգ 2030»-ն ամրագրում է մի հավակնոտ ծրագիր՝ ուղղորդելու կայուն զարգացման հասնելու գլոբալ մոտեցումը՝ բոլոր երկրների և շահագրգիռ կողմերի համախմբված ջանքերի միջոցով, չանտեսելով ոչ ոքի։ 17 ԿԶՆ-ները համընդհանուրեն, ինտեգրացված և անքակտելի՝ ընդգրկելով կայուն զարգացման բոլոր երեք կողմերը՝ սոցիալական զարգացում, շարունակական ու ներառական տնտեսական աճ և շրջակա միջավայրի պաշտպանություն։
«Օրակարգ 2030»-ի նպատակն է լուծումներ գտնել այն համալիր մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է երկրագունդը՝ աղքատությանը, սովի ու թերսնուցման վերացմանը և արձագանքում կլիմայի փոփոխությանը։ Այս համատեքստում, կենսակայուն պարենային համակարգեր և գյուղատնտեսություն ունենալն էական նշանակություն ունի ԿԶՆ-ների իրականացման տեսակետից, որովհետև դրանք լուծում են սովի և աղքատության խորքային պատճառները, ինչը հնարավորություն կտա ստեղծել ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք, մասնավորապես՝ գյուղական համայնքներում բնակվող խոցելի ու կարիքավոր կանայք ու տղամարդիկ, չեն անտեսվում, ինչպես նաև կխթանի բնական ռեսուրսների կայուն կառավարումը։
ԿԶՆ-ները սահմանում են Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում պարենային և գյուղատնտեսական համակարգերին առնչվող՝ տնտեսական, սոցիալական ու բնապահպանական մարտահրավերների հաղթահարման պատշաճ շրջանակ։
Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է։ Այն տնտեսական ակտիվության հիմնական աղբյուրն է գյուղական բնակավայրերում և նշանակալի ներդրում ունի երկրի համախառն ներքին արդյունքում։ Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում (2018 թվականի դրությամբ) կազմել է 13.7 տոկոս, և այն զբաղվածություն է ապահովում երկրի աշխատող բնակչության 24.8 տոկոսի համար, որոնց մոտ 52.1 տոկոսը կանայք են։ Վերջիններս չափից դուրս ընդգրկված են սեզոնային և անկայուն զբաղվածության մեջ, իսկ գյուղատնտեսության մեջ ներգրավված կանանց 82.1 տոկոսն աշխատում է ոչ ֆորմալ ձևով։