Մամուլի հաղորդագրություն

Հողերի կառավարման բարելավում՝ նշանակում է տնտեսական, սոցիալական և էկոլոգիական կայունության բարելավում

17 հունիսի 2020

  • Նոր ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի դեգրադացված բնական կերային հանդակների՝ արոտների և մարգագետինների վերականգմամբ հողերի դեգրադացումը կանխելու ջանքերին:

Այսօր մեկնարկեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նոր ծրագիրը, որը Հայաստանին կաջակցի դեգրադացված բնական կերային հանդակների՝ արոտների և մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով կյանքի կոչել հողերի դեգրադացման կանխման (ՀԴԿ) հանձնառությունները/պարտականությունները:

ՊԳԿ-ի նոր մեկնարկող ծրագիրը ՀՀ կառավարությանը կօգնի, ի թիվս այլոց, պաշտպանելու երկրի դեգրադացված մշակովի հողատարածքներն ու արոտավայրերը` հողերի կառավարման բարելավված գործելակերպերի աշխարհագրության ընդլայնման և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքման միջոցով:

Ծրագրի բացումն ազդարարվեց այսօր տեղի ունեցած առցանց մեկնարկային աշխատաժողովի ժամանակ։ Մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի նախապատրաստման գործընթացը, ծրագրի իրականացման վայրը, ֆինանսական հարցերը, ծրագրի կառուցվածքը, ինչպես նաև քննարկվեցին տարբեր գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները և ուղիները:

Աշխատաժողովին մասնակցում էին ոլորտային նախարարություններից շուրջ 40 պաշտոնատար անձինք, մասնագետներ, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Կադաստրի պետական կոմիտեի, ինչպես նաեւ մարզպետարանների ներկայացուցիչներ։

Ներկայում Հայաստանի ընդհանուր տարածքի մոտ 81 տոկոսը ենթարկվում է անապատացման, ինչը պայմանավորված է թե՛ բնական, թե՛ մարդածին գործոններով։  Մարդածին կամ անթրոպոգեն պատճառներից են գյուղատնտեսական անարդյունավետ գործելակերպերը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի (արտեզյան) գերօգտագործումը և հողի աղտոտումը, ինչպես նաեւ հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։ 

Երկրի մշակովի հողատարածքների կեսից ավելին ենթարկված է ջրային էրոզիայի, իսկ Արարատյան դաշտի մշակովի փոքր հողատարածքներում շարունակ քամու կամ հողմային էրոզիաներ են արձանագրվում։ Արոտավայրերի և խոտհարքների կեսից ավելին դեգրադացման է ենթարկված, որն առաջացել է կենդանիների ինչպես թերարածեցման, այնպես էլ գերարածեցման հետևանքով։

Նորաբաց ծրագիրը կաջակցի Հայաստանին՝ իրականացնելու հողերի դեգրադացման կանխման ռազմավարության բոլոր չորս անձնառությունները /պարտականությունները, որը ներառում է մշակովի հողատարածքների դեգրադացման կանխումը և ագրոէկոլոգիայի խրախուսումը, դեգրադացման ենթարկված հողատարածքների երկու երրորդի անտառապատումը և (կամ) անտառվերականգնումը, անտառահատումների դադարեցումը և երկրում անտառների կառավարման համատարած բարելավումը, արոտավայրերում գերարածեցման դադարեցումը և, վերջապես, բնական կերհանդակների կառավարման ոլորտում համատարած բարելավելումը։ 

Ի հավելումն հողերի դեգրադացման, կլիմայի փոփոխությունը, ևս, լրջորեն վտանգել է հանրապետության գյուղատնտեսական ոլորտների կենսունակությունը, որի դեմ գործողություններ չձեռնարկելու պարագայում հողերի դեգրադացման գործընթացները է՛լ ավելի կվատթարանան։

Երկրում հողերի կայուն կառավարմանը սպառնացող բազմաթիվ խնդիրների հաղթահարման նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստակամ է սահմանելու և իրագործելու հողերի դեգրադացիայի կանխման գլոբալ պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն մինչեւ 2030 թվականը Կայուն զարգացման նպատակ 15.3-ի իրականացմանը։ 

«ՔՈՎԻԴ-19 համավարակի ճգնաժամն արդեն իսկ ապացուցել է յուրաքանչյուր երկրում գործունակ և կայուն պարենային համակարգի առկայության, ինչպես նաև նման ցնցումներին փոքր գյուղացիական տնտեսությունների դիմակայման կարևորությունը։ Հետևաբար, հողերի կայուն կառավարումը և դեգրադացման կանխումն ավելի է կարևորվում և նպաստում համապատասխան քաղաքականությունների ձևավորմանը», - նշեց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։  «Հայաստանում անհրաժեշտ է ընդլայնել գյուղատնտեսական արտադրությունը, և, ըստ այդմ, ներառել չօգտագործվող հողատարածքները։ Հողերի կայուն կառավարումը լիովին նպաստում է այս մոտեցմանը»։

ՊԳԿ-ի ծրագիրը տարածաշրջաններում  լանդշաֆտային մոտեցում կորդեգրի, որը համահունչ է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (ԳԲՀ)՝ բնական կերային հանդակների՝ արոտների և մարգագետինների կայուն ինտեգրացված կառավարումը խրախուսելու տեսլականին։ Բնական  Լանդշաֆտների մակարդակում իրականացվող աշխատանքները թույլ կտան խնդիրներին բազմակողմանի մոտեցում ցուցաբերել՝ ներառելով այլ ոլորտներ, ներգրավելով գործընկերներին և աշխատելով տարբեր մակարդակներում, ընդսմին անդրադառնալով դեգրադացման և պարենային անվտանգության ոչ միայն դրսևորումներին, այլև դրանց խորքային պատճառներին ու առաջացրած խնդիրներին։

Ագրոէկոլոգիական համակարգերում լանդշաֆտային և տարածքային մոտեցումները, որոնք խարսխված են մարդկանց և նրանց ձգտումների վրա, զարգացման խնդիրների լուծման առավել արդյունավետ եղանակներից են, որոնք ուղեկցվում են բնական պաշարների վերականգնմամբ և պաշտպանությամբ։ Այս համատեքստում ծրագիրը կաշխատի հողօգտագործման համապարփակ պլանավորում մշակելու ուղղությամբ՝ հողօգտագործման գործընթացը բարելավելով այնպես, որ բազմաթիվ էկոհամակարգերի ներսում և միջև փոխհարաբերություններ ու կապեր ստեղծվեն, խրախուսվի լավ կառավարումը` ազգային և տեղական մակարդակներում քաղաքականությունների ուղղությունների համադրման նպատակով, ինչպես նաև հողերի կայուն կառավարման ոլորտում խթանվեն նորարար մոտեցումները:

Հայաստանում հողերի կայուն կառավարման խոչընդոտների վերացման և հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրագործման նպատակով ծրագիրը եռակողմ մոտեցում կորդեգրի՝ սկսելով հողերի դեգրադացման կանխման համար բարենպաստ միջավայրի կայունացումից, ապա անցնելով դեգրադացված բնական կերային հանդակներում՝ արոտներում և խոտհարքներում  հողերի կառավարման դիմակայուն գործելակերպերի աստիճանական ներդրմանը։ 

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ