Օրերս ՈՒԵՖԱ-ն՝ եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմինը, ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գործակալության հետ միասին ընտրեց վեց եվրոպական ազգային ֆուտբոլային ասոցիացիա, որոնք հաջողությամբ օգտագործելով այս սպորտի միաբանող ուժը՝ փախստականներին օգնել են նոր կյանք ստեղծել։
Անցյալ շաբաթ, երբ միջազգային հանրությունը նշում էր Փախստականների համաշխարհային օրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար (ՄԱԿ ՓԳՀ) Ֆիլիպո Գրանդին միացել է ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի սոցիալական պատասխանատվության ծրագրի տնօրեն Միշել Ուվային և առցանց միջոցառման ժամանակ հայտարարել ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փախստականների դրամաշնորհային ծրագրի հաղթողներին:
«Այսօրվա բոլոր մրցանակակիրների օրինակը ցույց է տալիս, թե ինչու է ֆուտբոլն այնքան օգտակար՝ փախստականներին նոր համայնքներում ներգրավելու գործում», - ասում է պարոն Ուվան: «Ֆուտբոլն իրապես բազմաթիվ սոցիալական արգելքներ է կամրջում: Այն ունակ է համախմբել բոլորին՝ անկախ տարիքից, գույնից, գենդերից կամ դավանանքից: Միևնույն ժամանակ, ֆուտբոլի հանրաճանաչությունը կարող է նպաստել փախստականների համար նախատեսված ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և դրանց համար միջոցների հայթայթմանը»։
Ընտրված ասոցիացիաներից յուրաքանչյուրը՝ Հայաստանը, Բուլղարիան, Խորվաթիան, Ֆինլանդիան, Հյուսիսային Իռլանդիան և Ուելսը 50.000-ական եվրո կստանան սոցիալական պատասխանատվության ծրագրերին աջակցելու համար, որոնք ուղղված են հյուրընկալ համայնքներում փախստականների ինտեգրմանը։
«Նախորդ տարվա մարտահրավերներն է՛լ ավելի ծանր հետևանքներ ունեցան աշխարհի առավել խոցելի երկրների վրա, այդ թվում՝ ավելի քան 82 միլիոն անձանց, որոնց իմ կազմակերպությունը՝ ՄԱԿ ՓԳՀ-ն, օգնում է և ջանում պաշտպանել։ Այսպիսով՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փախստականների դրամաշնորհային ծրագիրը և փախստականներին աջակցության նպատակով ձեր կատարած աշխատանքը չափազանց կարևոր է մեր համար», - ասաց պարոն Գրանդին:
2017 թ․-ին՝ ծրագրի մեկնարկից ի վեր, ավելի քան 34 երկիր դիմել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փախստականների դրամաշնորհային ծրագրին, որն ազգային ասոցիացիաներին խրախուսում է ֆուտբոլի միջոցով աջակցելու փախստականների ներառմանն ու ինտեգրմանը:
Այսօր՝ Եվրոպայում ֆուտբոլի սոցիալական պատասխանատվության ծրագրերն սկսում են ավելի ակտիվորեն օգտագործել իրենց տեղական ցանցերը․ օգնում են փախստականներին աշխատանք գտնել, կամ որպես մարզիչ, մրցավար կամ կամավոր՝ մասնագիտական ուսուցում առաջարկում։ Որոշ ծրագրերի շրջանակներում տրամադրվում են հոգեբանական աջակցություն, լեզվի դասընթացներ, կամ կանանց ու աղջիկների համար նախատեսված մասնագիտական աջակցություն: Շատերը նաև մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերում փորձագիտական հմտությունների տիրապետող գործընկերներից՝ իրենց ազդեցությունն առավելագույնի հասցնելու և հնարավորինս մեծ թվով շահառուներ ներգրավելու համար:
Վերջերս ՈՒԵՖԱ-ն և ՄԱԿ ՓԳՀ-ն ստորագրել են Համագործակցության արձանագրություն, որի նպատակն է բարելավել սպորտի հասանելիությունը փախստականների համար և խթանել նրանց սոցիալական ներառումը։
«Ֆուտբոլը համամարդկային լեզու է, որը շատերին է օգնել առաջ ընթանալ՝ նույնիսկ այս համավարակի պայմաններում: Այդ իսկ պատճառով մենք՝ ՄԱԿ ՓԳՀ-ն, ոգևորված ենք ՈՒԵՖԱ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրման փաստով» - ավելացրեց պարոն Գրանդին:
«Դժվար է գերագնահատել ֆուտբոլի վերափոխիչ դերն այն մարդկանց կյանքում, ովքեր, ոչ իրենց մեղքով, ստիպված են եղել փախչել հայրենի երկրներից, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր սիրով ընդունել և հյուրընկալել են վերջիններիս»։