Գյուղաբնակ ընտանիքներն ավելի վստահ են դիմակայում COVID-19-ին՝ շնորհիվ ՊԳԿ-ի
Իրավիճակի մշտադիտարկման նպատակով Հայաստանի երկու մարզերում արագացված գնահատում է կատարվել:
Հայաստանի գյուղաբնակ սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք նախկինում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ կենդանիներ և անասնակեր էին ստացել, ավելի արդյունավետ են հաղթահարում COVID-19 համավարակով պայմանավորված վիճակը և ավելի հավասարակշռված սննդակարգ ունեն։ Այս արդյունքները գրանցվել են Լոռու և Շիրակի մարզերում սոցիալապես անապահով բնակչության վրա համաճարակի ազդեցության՝ արագացված գնահատմամբ:
Լոռին և Շիրակը ՀՀ տասը մարզերից ամենաաղքատն են, որտեղ անբավարար սնուցման և թերքաշության բարձր ցուցանիշներ են արձանագրվում, ինչի պատճառով էլ «Նպաստ +» պիլոտային ծրագիրն այս մարզերում է իրականացվել:
Գնահատման շրջանակում, որն իրականացվել է ապրիլի 7-10 ընկած ժամանակահատվածում, անցկացվել է ընտանիքների հեռախոսային հարցում, որի ժամանակ նրանք պատասխանել են իրենց առողջական վիճակի, զբաղվածության և գյուղատնտեսական աշխատանքների, պարենի սպառման և մատչելիության վրա արտակարգ դրության ազդեցության, ինչպես նաև՝ շուկայի իրավիճակի, մասնավորապես՝ դրա հասանելիության և գնային փոփոխությունների վերաբերյալ հարցերին:
Ազդեցության գնահատումը ցույց տվեց, որ «Նպաստ +» մոդելի մոտեցումը մեծացրել է շահառու տնային տնտեսությունների դիմակայունությունը, ինչն, անկասկած, կնպաստի համավարակի տնտեսական հետևանքների վաղ վերացմանը և մեղմմանը:
«Իհարկե բոլորի համար ծանր ժամանակներ են, բայց կարծում եմ, որ մեր ընտանիքը բախտավոր է, որ ՄԱԿ ՊԳԿ-ի փորձնական ծրագրի շահառուն դարձավ», - ասում է Մարմաշեն համայնքից ծրագրի շահառու՝ Քյարամ Խաչատրյանը։ «Մենք այնքան էինք ոգևորված, որ որոշեցինք մեծացնել թռչունների թիվը, ինչը ճիշտ որոշում էր, քանի որ այժմ, երբ այլևս պատահական աշխատանքի առաջարկ չեմ կարող ընդունել, մեր ընտանիքի հույսը թռչնամիսն է և ձուն։ Բավական լավ ենք դիմանում այս վիճակին և հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ կփոխվի»։
Հարցմանը մասնակցած բոլոր տնային տնտեսությունները նշում էին, որ սկսել են իրենց տնամերձ այգիները և (կամ) վարելահողերը մշակել։ Նրանք նշում էին, որ կա սերմերի և պարարտանյութերի ձեռք բերման խնդիր, ինչը կապված է ֆինանսական միջոցների սղության կամ բացակայության հետ: Որպես խնդիր նշում էին նաև դրանց որակը:
Հարցման ընթացքում մասնակիցները չեն առանձնացրել պարենի առկայության հետ կապված խնդիրներ։ Նրանք հիմնականում օգտագործում են ձմռան համար մառանում պահեստավորված մթերքը, ինչպես օրինակ՝ տնային պայմաններում պատրաստված պահածոները, սեփական մշակության միրգ-բանջարեղենը (կարտոֆիլ, կաղամբ, լոբի, ոսպ): Միևնույն ժամանակ նշվեց, որ առնվազն իրենց բնակավայրում պարենային ապրանքների գների աճ է գրանցվել և այլևս չեն կարող միևնույն քանակի սննդամթերք գնել և ծառայություններից օգտվել, ինչպես նախքան արտակարգ դրությունը։
Հարցման մասնակիցները լրջորեն մտահոգված էին, որ եթե այս իրավիճակը ևս մեկ ամիս շարունակվի, ապա իրենք լուրջ խնդիրների կառերեսվեն։
Շուկայի հասանելիության առումով հարկ է նշել, որ ներկայում մարդկանց տեղաշարժի հնարավորությունը նվազագույնի է հասցված, ավելին, գնահատված տնային տնտեսությունների արտադրած գյուղատնտեսական մթերքի ծավալը բավարար չէ շուկայում շահույթ ստանալու համար։ Նրանք, սովորաբար, իրենց արտադրանքն այլ ապրանքով են փոխանակում, կամ էլ վաճառում գյուղում՝ հարևաններին։
Հեռախոսային հարցումն անց է կացվել պատահականության սկզբունքով ընտրված տնային տնտեսությունների 21 տոկոսի շրջանում։ Այն ներառել է 170 մարդ, որից 42.7 տոկոսը՝ 0-5 տարիքային խմբի երեխաներ։
***
ՄԱԿ ՊԳԿ-ի «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային անվտանգությանն ու սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագրի նպատակը գյուղատնտեսության, սնուցման և սոցիալական պաշտպանության ոլորտների միջև գործուն կապերի ամրապնդումն է։
Ծրագրի իրականացրած «Նպաստ +» փորձնական ծրագիրը նպատակաուղղված էր Հայաստանի գյուղաբնակ անապահով 133 տնային տնտեսություններին, որոնք երկու երեխա ունեին, նրանցից մեկը՝ հինգ տարեկանից ցածր։ Փորձնական ծրագրի նպատակն էր բարելավել այս ընտանիքների սնուցումը և նպաստել պլանավորմանն ու ներդրումներին։ Այս նպատակին հասնելու համար «աջակցության փաթեթները» համապատասխանեցված էին առանձին շահառուների կենսապայմանների, ինչպես նաև փորձնական ծրագրի համար ընտրված երկու մարզերի կարիքներին:
Հարկ է նշել նաև, որ «Նպաստ +» մոտեցումը հիմք է ծառայել Հայաստանի կառավարության կողմից 2019 թվականի նոյեմբերին սոցիալական պաշտպանության համանման ծրագրի մեկնարկին, որն ուղղված է 1000 գյուղական տնային տնտեսությունների։